Կարեն Կարապետյանի մասնակցությամբ Սյունիքի մարզում բացվեց «Մեղրի» ազատ տնտեսական գոտին

- in Պաշտոնական
karen-karapetyan

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ` դեկտեմբերի 15-ին տրվեց «Մեղրի» ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկը: 

Բացման արարողությանը ներկա էին նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, մի խումբ գործարարներ: Սուրեն Կարայանը նշեց, որ տնտեսական գոտին նախատեսված է կառուցապատել երկու փուլով: «Առաջին փուլով ստեղծվել են նվազագույն անհրաժեշտ ենթակառուցվածքներ ու նախապայմաններ ԱՏԳ աշխատանքները մեկնարկելու և այնտեղ գործելու ցանկություն ունեցող ընկերությունների գործունեությունը կազմակերպելու համար»,-ասաց նախարար Կարայանը:

Նրա տեղեկացմամբերկրորդ փուլով նախատեսվում է ԱՏԳ գործունեության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների և տարածքի հավելյալ 70 հեկտարով ընդլայնում ստեղծելով նախապայմաններ շահութաբեր բիզնես ծավալելու համար: Մասնավորապես, նշյալ տարածքներից շուրջ 50 հեկտարը կտրամադրվի շահագործողների գործունեության ապահովմանը, 10 հեկտարը` լոգիստիկ-պահեստային տարածքներին, մնացածը գրասենյակային և այլ ծառայությունների համար է: «Նախատեսվում է առաջիկա տարիներին ներգրավել 50-70 շահագործող ընկերություններ, որոնք կիրականացնեն շուրջ 100-130 միլիոն դոլարի ներդրումներ, կստեղծեն 1500 նոր աշխատատեղ և կարտահանեն 250 միլիոն դոլարի ապրանքներ ու ծառայություններ»,-հավելեց նախարարը:

Նրա հավաստմամբարդեն իսկ կան կոնկրետ ընկերություններ, որոնք ցանկություն են հայտնել գործունեություն ծավալել «Մեղրի» ազատ տնտեսական գոտում, և առաջիկա օրերին նրանցից հինգի հետ կստորագրվեն համաձայնագրերը: Նախարարը նաև կարևորեց փաստը, որ նորաբաց «Մեղրի» և Իրանի «Արաս» ազատ տնտեսական գոտիների միջև արդեն իսկ ստորագրվել է համագործության հուշագիր, ինչը կնպաստի երկկողմ տնտեսական համագործակցության և առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը: Կարայանի խոսքով Մեղրի ԱՏԳ-ում գործունեություն ծավալելու հետաքրքրություն են ցուցաբերում նաև եվրոպական, ռուսական և իրանական ընկերությունները:

Հայաստանի հարավային սահմանին տեղակայված «Մեղրի» ԱՏԳ-ում գործունեություն ծավալողները կազատվեն շահութահարկից, ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից և մաքսատուրքերից` վճարելով միայն եկամտային հարկ:

Ազատ տնտեսական գոտու հնարավորությունները հնարավորինս օգտագործելու համար թույլատրվել է ոլորտային լայն ընդգրկվածություն. ներկայացված կլինեն գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, առևտրի, փոխադրումների և պահեստային տնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներ:

Spread the love