Հայաստանը «լվացքատուն» է` ռուսական կեղտոտ փողերի համար

- in Վերլուծական
Mihran Poghosyan qetrin

Եվրամիության ֆինանսների նախարարները հրապարակել են 17 երկրների «սև ցանկը», որոնք հարկերից խուսափողների թաքստոցներ են համարվում: Այդ ցանկի երկրների մեծ մասում են գտնվում օֆշորային գոտիները: Սա աննախադեպ քայլ է համարվում աշխարհով մեկ հարկերից խուսափողների դեմ պայքարելու համար:

Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալության փոխանացմամբ՝ Բրյուսելում կազմվել է նաև երկրների երկրորդ, այսպես կոչված, «մոխրագույն» ցանկ, որտեղ 47 երկրների թվում ընդգրկված է նաև Հայաստանը: Սրանք այն երկրներն են, որոնք խոստացել են օրենսդրորեն պայքարել օֆշորային գործելաոճի դեմ, ապահովել հարկային ու ֆինանսական հաշվետվությունների թափանցիկություն:

Հայաստան-Եվրամիություն համաձայնագրով եվրաինտեգրման նոր հանգրվանի հասած Հայաստանը պարտավոր է լուրջ հետևություններ անել նման ցուցակներից, դրանցից բխող պարտավորություններից, որովհետև ԵՄ-ում նաև այդ չափանիշն են առանցքային համարում տարբեր հիմնադրամների ռեսուրսներն այս կամ այն երկրի առջև բացելու պարագայում: Կան հանգամանքներ, որոնք Հայաստանի իշխանություններին պետք է ստիպեն ավելի աչալուրջ մոտեցում ցուցաբերել այս հարցում, որովհետև եվրոպական միջավայրում ընդունված է խստորեն հետևել սահմանված չափանիշներին` դրանց համապատասխանության հիմքով գնահատելով ԵՄ-ի հետ համագործակցության տարբեր մակարդակ ունեցող երկրների արդիականացման պոտենցիալը, բարեփոխումների ռեսուրսը:

Բնավ չպետք է մոռանալ, որ Հայաստանն ամենևին էլ լավ պատմություն չունի օֆշորային սկանդալների առումովհատկապես, որ դրանց էպոտաժային հերոսները ոչ միայն պատասխանատվության չեն ենթարկվել, այլ հակառակը խրախուսվել են, արժանացել են դրական վերաբերմունքի Սերժ Սարգսյանի մակարդակով:

«Պանամական փաստաթղթեր» անունը կրող օֆշորային դոսյեներում 26 հայաստանցու անուն էր ներառված, հայտնի դեմքերից՝ Միհրան Պողոսյանը և Վարդան Տողանյանը: Փաստաթղթերի հրապարակումից հետո Միհրան Պողոսյանը հրաժարական տվեց ԴԱՀԿ պետի պաշտոնից, փաստի առթիվ նույնիսկ քրեական գործ հարուցվեց: Թվում էր` «Քեթրին» մականունով հայտնի գեներալի իշխանական վայելքների վերջակետը դրված է, սակայն նա 2017թ-ի խորհրդարանական ընտրություններում Քանաքեռ համայնքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվեց ՀՀԿ-ի կողմից:

Ասում ենՄիհրան Պողոսյանի հարցով որոշում անմիջականորեն կայացրել է Սերժ Սարգսյանն, ինչի շնորհիվ «բանանի արքան» ոչ միայն պատգամավորական մանդատ ձեռք բերեց, այլ նաև ազատվեց քրեական հետապնդումից: Հայ-ռուսական այսօրվա հարաբերություններում չափազանց մեծ է կոռուպցիոն բաղադրիչը ու թերևս Սերժ Սարգսյանը համարել է, որ «Պանամական փաստաթղթերի» մյուս «հերոսը»Վարդան Տողանյանն իր օֆշորային «բեռով», կարող է նշանակվել Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան:

Մնում է ենթադրել, որ «Պանամական փաստաթղթերը» Հայաստանի մասով ունեն չբացահայտված անուններ, որոնք նույնանում են բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Սակայն հայ-ռուսական հարաբերությունների մեկ այլ ասպեկտ շատ ավելի մեծ մարտահրավեր է Բրյուսելում հրապարակված ցուցակների համատեքստում:

Գաղտնիք չէ, որ Հայաստանը շատ դեպքերում «լվացքատուն» է` ռուսական կեղտոտ փողերի «սպիտակեցման» համար: Հայաստանի իշխանություններն այս հարցերում պետք է լուրջ հետևություններ անեն, եթե ուզում են ոչ միայն հրաժեշտ տալ «մոխրագույն» ցուցակին, այլ չեզոքացնեն «սև» ցուցակում հայտնվելու ռիսկերը:

Եվրաինտեգրումն առաջին հերթին ենթադրում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է ձերբազատվեն կոռուպցիոն մտածողությունից, ինչը նրանց ամուր կապում է Պուտինի ռեժիմի «մենթալիտետային» արժեհամակարգի հետ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20