Հայաստանի իշխանությունը տարիներ ու տասնամյակներ կմնա Լարսի կատակլիզմների հույսին

- in Տնտեսական
Lars

Վերին Լարսը կրկին փակ է բեռնատարների համար: Այս նախադասությունը բոլորիս մոտ առաջացնում է դեժավյու, իսկ հայկական գործարար աշխարհի համար այն վերածվել է մղձավանջի: Ձմռան սեզնով պայմանավորված, մենք ավելի ու ավելի հաճախ կլսենք Լարսի մասին այդ անմխիթար տեղեկությունը, որը գործնականում անմխիթար տեղեկություն է Հայաստանի տնտեսության մասին, Հայաստանի արդյունաբերության մասին:

Համենայն դեպս այնքան ժամանակ, քանի դեռ մեր ապրանքների սպառման հիմնական շուկան կմնա Ռուսաստանը: Ըստ այդմ Հայաստանի առաջ երեք ճանապարհ է՝ փոխել մեր ապրանքային շուկան, կամ այսպես ասած հիմնական սպառման շուկան, փոխել այդ շուկա հասնող ճանապարհը, Լարսը ապահովագրել ձմեռային եղանակի կատակլիզմներից:

Երրորդ ճանապարհը թերեւս դիտարկելի է միայն տեսական առումով, որովհետեւ անհնար է բարձր լեռնային Լարսը ապահովագրել ձմեռային կատակլիզմներից: Եվ ուրեմն, գործնականում կա երկու ճանապարհ՝ փոխել շուկայի հիմնական ուղղությունը, կամ փոխել այդ շուկա տանող ճանապարհները: Որն է ավելի հեշտ, կամ ավելի մատչելի, ավելի արագ իրականանալի:

Պետք է նկատել, որ ռուսական շուկան հայկական ապրանքների համար օբյեկտիվորեն կմնա հիմնական սպառման շուկա դեռեւս երկար ժամանակ: Բանն այն է, որ այլ շուկաներ մուտք գործելը կպահանջի նվազագույնը ժամանակ, նաեւ ներդրումներ, կարեւոր քաղաքական բանակցություն: Առավել եւս այժմ, երբ Հայաստանը ԵՏՄ անդամ է եւ օրինակ Չինաստանի կամ Իրանի հետ ազատ առեւտրի ռեժիմի համար պետք է սպասի ԵՏՄ որոշմանը:

Եվրոպական շուկան Հայաստանի ապրանքների համար բաց է, համենայն դեպս ավելի քան 6000 անուն ապրանքի, քանի որ մեզ տրամադրվում է GSP+արտոնյալ ռեժիմ, սակայն այս դեպքում էլ հայկական բիզնեսը պետք է բերի իր արտադրությունը եվրոպական ստանդարտների: Իսկ այդ տեսանկյունից մենք գրեթե երկու տասնամյակ ժամանակ ենք կորցրել, եւ այժմ էլ կարծես թե այդ ուղղությամբ ջանքը նկատելի չէ: Ի՞նչ կփոխի ԵՄ հետ շրջանակային համաձայնագիրը, որը պարունակում է բիզնեսի արդիականացման մեխանիզմներ եւ անգամ աջակցություն: Կգնա՞ բիզնեսը դրան ընդառաջ: Չէ՞ որ այդ ամենի գինը քաղաքական համակարգի բարեփոխումն է, իսկ հայկական բիզնեսը այնպես է սերտաճած իշխանությանը, որ գործնականում դա նշանակում է որոշակի զիջումներ սեփական իշխանական դիրքերից, բիզնես շահեր ակնկալելու համար:

Բայց իշխանությունն էլ գլխավոր բիզնես հենարանն է այս սեգմենտի համար եւ այդ իսկ պատճառով Հայաստանի իշխանությունը տարիներ ու տասնամյակներ կմնա Լարսի կատակլիզմների հույսին, բայց չի գնա քաղաքական այնպիսի բարեփոխումների, որը տնտեսությունը դուրս կբերի ձմեռային այդ մղձավանջից կախվածությունից: Մյուս տարբերակը աբխազական եւ հարավօսական առավել դյուրամատչելի, առավել կայուն ճանապարհների գործարկումն է, որը սակայն կախված է ռուս-վրացական քաղաքական հարաբերությունից: Այստեղ իրավիճակը հակասական է: Կարծես թե կա գործընթաց, բանակցություն, որում արվում են դրական հայտարարություններ թե ռուսական, թե վրացական կողմից, սակայն տեսանելի չէ իրական շարժ, իրական քայլեր: Հայաստանն այստեղ կարո՞ղ է ինչ որ բան անել: Այդ հարցը առնվազն փետրվարից Հայաստանի այսպես ասած հայտարարված օրակարգում է, երբ Վրաստան այցելեց վարչապետ Կարեն Կարապետյանը, այնտեղ հայտարարելով, որ կլինի Լարսին այլընտրանք: Բայց, մոտ 10 ամիս անց դեռեւս այլընտրանքը այդ հայտարարության մակարդակում է: Ինչ աշխատանք է տանում Հայաստանը Վրաստանի եւ Ռուսաստանի հետ, պարզ չէ: Այդ տեսանկյունից հետաքրքրական կարող էր լինել դեկտեմբերի 1-ին Վրաստանի վարչապետի սպասվող այցը Հայաստան, սակայն մի քանի ժամ անց այն բանից, երբ Հայաստանի կառավարությունը հայտնեց սպասվող այցի մասին, հայտարարվեց դրա հետաձգման մասին, պաշտոնապես Վրաստանի ներքին պատճառներով:

Սակայն նախօրեին էլ ռուսական մամուլում տեղեկություն հրապարակվեց, որ դեկտեմբերի 16-ին սպասվում է Սերժ Սարգսյանի այցը Վրաստան: Սա պաշտոնապես հաստատված տեղեկություն չէ, գոնե առայժմ, թեեւ ոչ էլ հերքված: Իրավիճակը իսկապես հետաքրքիր է, որովհետեւ ստացվում է, կամա, թե ակամա, որ Վրաստանի վարչապետը Հայաստան չի գալիս, Հայաստանի նախագահը գնում է Վրաստան: Արդյո՞ք Սերժ Սարգսյանը դրանով անվստահություն է հայտնում Հայաստանի վարչապետին: Չէ՞ որ ստացվում է, որ հայ-վրացական բարձր մակարդակի հանդիպումը Թբիլիսիում տեղի ունենալով, օղակից այսպես ասած գոնե այս փուլում դուրս է գալիս Կարեն Կարապետյանը: Կա՞ անվստահության գործոնը, եւ հատկապես ի՞նչ հարցում՝ տրանսպորտային այլընտրանքի՞, թե՞ այլ, օրինակ էներգետիկ, գազային հարցերի հետ կապված գործակցության մասով:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20