Հայաստանի պատմության ամենաապաքաղաքական, հակասոցիալական կաբինետը

- in Տնտեսական
Karen Karapetyan

Երրորդ հանրապետության պատմության մեջ հաջող վարչապետեր շատ քիչ ենք ունեցել: Սակայն աննախադեպ է նաև, երբ քաղաքական և հանրային մեծ սպասումների ֆոնին որևէ մեկը ստանձնում է կառավարության ղեկը և հետևողականորեն գործում է հասարակության շահերի դեմ` վտանգելով անգամ իսկ վերջինիս կրթվելու, բուժում ստանալու իրավունքները:

Կարեն Կարապետյանի կառավարությունն, առանց վարանելու, կարող ենք համարել Հայաստանի պատմության ամենաապաքաղաքական, հակասոցիալական կաբինետը, որովհետև պարզապես դժվար է մատնանշել գեթ մեկ ոլորտ, որտեղ իրականացվող քաղաքականությունը ոչ միայն չի հաջողվել, այլ գոնե չի ձախողվել: Երբ անգամ հպանցիկ հայացք ենք նետում հաջորդ տարվա բյուջեին, ակնհայտ է դառնում, որ ամեն ինչ արված է, որպեսզի բյուջետային մուտքերն ապահովեն, բայց ոչ մի բան արված չէ, որպեսզի տնտեսությունն աշխուժանա։ Այսինքն, բյուջեն ունի հստակ հակասոցիալական ուղղվածություն, ավելին` իր կառուցվածքով ու բովանդակությամբ, նպաստում է տնտեսության մեջ մոնոպոլ միտումների խորացմանը:

Նման պնդում անելու համարպետք չէ անգամ ունենալ տնտեսագիտական գիտելիքներ, որովհետև բյուջետային մուտքերը հիմնականում ավելանում են ոչ թե տնտեսության աշխուժացման, բնակչության եկամուտների ավելացման, այլ արհեստական ու անզուսպ գնաճի հետևանքով: Ազգային ժողովի փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցությունից Միքայել Մելքումյանի հաշվարկներով՝ ամենօրյա ձեռքբերման ապրանքները 30-ից 35 տոկոս կթանկանան։ Թռիչքաձև նման թանկացում հնարավոր է միայն մոնոպոլ տնտեսության պայմաններում, երբ գները ձևավորվում են ոչ թե առաջարկի ու պահանջարկի, մրցակցության սկզբունքներով, այլմոնոպոլիստ-ներկրողի քմահաճույքով: Շատ կարևոր է հասկանալ, թե այս օրերի թանկացումների պարագայում ինչպես է մոտիվացվում խոշոր բիզնեսի թանկացումների գնալու մտադրությունը:

Եթե խնդիրը լիներ միայն գերշահույթներ ստանալու օլիգարխիայի անհագ ցանկությունն, ապա այն կկանխվեր կառավարության բազմաթիվ լծակների շնորհիվ: Ի վերջո, սոցիալական պետության սահմանադրական նորմը միայն ֆորմալություն չէ, այլ նաև ենթադրում է կոնկրետ գործիքակազմի առկայություն: Եթե կառավարությունը չի իրականացնում հասարակության սոցիալական պաշտպանվածությանն ուղղված իր գործառույթները, մնում է ենթադրել, որ նա հանդես է գալիս քրեաօլիգարխիայի դաշնակցի դերում: Առաջին անհրաժեշտության ապրանքները թանկանում են, ժողովրդի թալանի հետևանքով լցվում են բյուջեն և օլիգարխների գրպանները:

Կարեն Կարապետյանի կառավարությունն ամենաշատն է արտահայտում օլիգարխիայի շահերըանկախ գեղեցիկ խոստումներից ու ծրագրերից: Փաստացի կառավարությունը զբաղված է հասարակության թալանով հատկապես, երբ աննախադեպ թանկացումների ֆոնին Կարեն Կարապետյանի վարչապետության շրջանում տեղի չի ունեցել աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացում ու նման հեռանկար չկա նաև հաջորդ տարվա ընթացքում: Փաստացի Կարեն Կարապետյանի կառավարությունը պատերազմ է հայտարարել հասարակությանը:

Աբսուրդ է թվում, որ այս իրավիճակում քաղաքական որևէ ուժ չի պահանջում Կարեն Կարապետյանի հրաժարականը, դեռ ավելին` վերջինս խոսում է 2018-ի իր հավակնությունների մասին: Չնայած դա էլ ունի իր բացատրությունը, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ քաղաքական համակարգը վերահսկվում է քրեաօլիգարխիայի կողմից:

Spread the love