Հարկավոր է ձեռնարկել միջոցներ` նոր, հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարություն մշակելու ուղղությամբ

- in Պաշտոնական
karen-karapetyan

Հայաստանի կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հակակոռուպցիոն գործող ռազմավարության արդյունքների և նոր ռազմավարության մշակման վերաբերյալ հանձնարարականներ տվեց: Վարչապետը հիշեցրեց, որ 2015 թվականին ընդունվել է Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարությունը։

«Այս ժամանակահատվածում Կառավարության նախաձեռնությամբ իրականացվել են մի շարք միջոցառումներ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին և կոռուպցիոն երևույթների կանխարագելմանը։ Ռազմավարությունից բխող որոշ միջոցառումներ դեռևս ընթացքի մեջ են, սակայն հարկավոր է արդեն այս փուլում ձեռնարկել միջոցներ` նոր, հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարություն մշակելու ուղղությամբ, զուգահեռ ներդնելով նոր ռազմավարության կատարման մոնիթորինգի և արդյունքների գնահատման մեխանիզմներ»,- ասաց վարչապետը:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Կարեն Կարապետյանը հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարեց սահմանված ժամկետներում՝ ավարտին հասցնել գործող հակակոռուպցիոն ռազմավարությունից բխող անհրաժեշտ օրենսդրական փաթեթների մշակման և միջոցառումների կատարման աշխատանքները, 30-օրյա ժամկետում՝ ըստ ոլորտի՝ մշակել հակակոռուպցիոն նոր ռազմավարության վերաբերյալ առաջարկություններ և դրանք ներկայացնել Արդարադատության նախարարությանը։

Վարչապետը կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարեց 15- օրյա ժամկետում ավարտին հասցնել ներկայումս գործող չորս ոլորտային հակակոռուպցիոն միջոցառումների մոնիթորինգի և գնահատման մեխանիզմների մշակման աշխատանքները, սահմանված ժամկետներում ամփոփել հակակոռոպցիոն ռազմավարությամբ նախատեսված և իրականացված միջոցառումները և դրանց արդյունքները, այնուհետև ներկայացնել ամփոփ տեղեկատվություն՝ ապահովելով դրա հասանելիությունը հնարավորինս լայն զանգվածներին։

Արդարադատության նախարարին էլ հանձնարարվեց ձեռնարկել միջոցներ նոր, հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարություն մշակելու ուղղությամբ, հստակ արձանագրել թիրախային նոր ոլորտներ, մոնիթորինգային և գնահատման ցուցանիշներ, ինչպես նաև կոնկրետ միջոցառումներ ուղղված կոռուպցիայի կանխարգելմանը և կոռուպցիոն հանցագործությունների քննության համակարգի արդյունավետության բարձրացմանը։ Փաստաթղթի մշակման աշխատանքներում հնարավորինս ներգրավել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, գործարարների, իրավաբան գիտնականների և այլ շահագրգիռ կողմերի:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում անդրադարձավ 2018 թվականին Հայաստանում նախատեսվող խոշոր միջոցառումներին և նախապատրաստական աշխատանքներին: Վարչապետը նշեց, որ 2018-ին Հայաստանում կայանալու են երեք խոշոր իրադարձություններ՝ Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի և Երևանի հիմնադրման 2800-ամյակի միջոցառումները, ինչպես նաև հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի՝ Երևանում կայանալիք գագաթնաժողովը։

Կազմակերպչական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։

«Հաշվի առնելով, որ ի թիվս այլ հանգամանքների, այս կապակցությամբ ակնկալվում են նաև զբոսաշրջային այցեր հանձնարարում եմ Տարածքային կառավարման և զարգացման, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարներին, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին, ինչպես նաև առաջարկում եմ Երևանի քաղաքապետին և Գյումրու քաղաքապետին՝ 2-ամսյա ժամկետում համատեղ միջոցներ ձեռնարկել՝ ուղղված Երևան քաղաքի, ինչպես նաև Գյումրու, Վանաձորի, Հայաստանի Հանրապետության այլ մարզկենտրոն քաղաքների մուտքի և ելքի ճանապարհների, ճարտարապետական լուծումների կանոնակարգմանը և միջավայրի բարեկարգմանը, առանձնակի կարևորելով «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երևան տանող և «Շիրակ» օդանավակայանից դեպի Գյումրի տանող ճանապարհների հատվածները, և արդյունքները ներկայացնել Կառավարության աշխատակազմ»,- ասաց վարչապետը։

Spread the love