Հնարավորին պարզեցվել են Երևանում շինարարություն ծավալելու և թույլտվություն ստանալու ընթացակարգերը

- in Պաշտոնական
Jrvezh Yerevan

Վերջին տարիներին մեծ ծավալի աշխատանքներ են իրականացրել մայրաքաղաքում քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացը պարզեցնելու ուղղությամբ: Մասնավորապես, շինթույլտվություն ստանալու նպատակով քաղաքացիները դիմում են քաղաքապետարանում և 12 վարչական շրջաններում գործող «Մեկ պատուհան» գրասենյակներ:

«Մեկ պատուհան» գրասենյակներում փակցված, իսկ Երևանի քաղաքապետարանի yerevan.am պաշտոնական կայքում տեղադրված են այդ գործընթացը նկարագրող ուղեցույցներ և նմուշներ՝ ըստ համապատասխան ընթացակարգերի: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, քաղաքացիների իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով  ներկայում մշակվում են  գործընթացն ավելի հասանելի դարձնելուն միտված նոր ուղեցույցներ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հարկ է նշել, որ մասնավոր կամ սեփական հատվածի տներում շինաշխատանքների պարագայում, երբ նոր ծավալներ, կոնստրուկտիվ փոփոխություններ չեն լինում, ինչը կհանգեցներ գործառնական նշանակության փոփոխության, շինարարության թույլտվություն կամ լրացուցիչ վճար  չի պահանջվում: Պարզապես անհրաժեշտ է սեփականության իրավունքի գրանցված վկայականի պատճենի առկայությամբ, համապատասխան ձևաթղթով  դիմել համապատասխան վարչական շրջանի ղեկավարին՝ ներկայացնելով աշխատանքի տեսակը՝ մոտավոր պատկերացում տվող  լուսանկարներով: Այնուհետ, վարչական շրջանի ղեկավարի կողմից  եռօրյա ժամկետում կտրամադրվի համաձայնության մասին վկայող փաստաթուղթը, որը գործի մեկնակի հիմք կհանդիսանա:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20