Հրազդանում 64-ամյա տղամարդու սպանությունը պատվիրել է նրա կինը. հայտնաբերվել է նաև պատվերը կատարողի դին

diak

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը բացահայտել է 2013թ, Հրազդանում կատարված սպանությունը, որի վարույթը ժամանակին կասեցվել էր: Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, 2013 թվականի հունվարի 18-ին Երևանի Վաղարշյան փողոցի 241 շենքի իր բնակարանում հայտնաբերվել էր 64-ամյա Մամիկոն Ասատրյանի դին՝ գլխին վնասվածքներ: Հարուցվել էր քրեական գործ, որի վարույթը կասեցվել էր:

Առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտելու նպատակով ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները շարունակել են հետախուզական միջոցառումները: Ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով ոստիկանության այլ ստորաբաժանումների գործընկերների և նախաքննական մարմնի աշխատակիցների հետ, պարզել են, որ Երևանի Վաղարշյան փողոցի իր տանը 64-ամյա Մամիկոն Ասատրյանին սպանել է Սամվել Ալիխանյանը՝ Ասատրյանի կնոջ՝ 66-ամյա Մանուշակ Մկրտչյանի պատվերով:

Նախնական տվյալներով՝ Մանուշակ Մկրտչյանը ամուսնուն սպանելու համար Սամվել Ալիխանյանին 20 հազար դոլար է տվել: Դեկտեմբերի 12-ին Մանուշակ Մկրտչյանը բերման է ենթարկվել ոստիկանության Հրազդանի բաժին և որպես կասկածյալ ձերբակալվել:

Այս տարվա հոկտեմբերի 2-ին Հրազդանի Ջրառատ համայնքի հանդամասում իրավապահները հայտնաբերել էին սեպտեմբերից անհայտ կորած համարվող 56-ամյա Վարդուհի Սիմոնյանի և 53-ամյա Սամվել Ալիխանյանի դիերը՝ թաղված: Խոսքը նույն Սամվել Ալիխանյանի մասին է, որը 2013-ի հունվարին 20 հազար դոլարի դիմաց Մանուշակ Մկրտչյանի պատվերով սպանել էր նրա ամուսնուն՝ Մամիկոն Ասատրյանին:

Դեպքի հանգամանքները հետախուզական միջոցառումներով ու քննչական գործողություններով պարզվում են:

Spread the love