Մասիսի քաղաքապետը օրն անց է կացնում իր աներոջ՝ Վովայի Արշակի սրճարանում

- in Մամուլ
Bazkator

Հրապարակ թերթը գրում է. «Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին հաճախակի կարելի է տեսնել Ստեփան Զորյան փողոցում գտնվող «Հուկա Փլեյս» «բարում»։

Այստեղ ժամանակին «Բաոբաբ» սրճարանն էր, որի տերերը ամուսիններ էին եւ սրճարանն էլ բավականին քաղաքակիրթ վայր էր, որտեղ սիրում էին լինել երեւանցիները։ Անցավ ժամանակ՝ սրճարանը վաճառվեց։ Նոր տերերը ձեւափոխեցին այն։

Վերջին տերը մեր տեղեկություններով Վովա Գասպարյանի թիկնազորի պետն է՝ հայտնի Արշակը։ Իսկ սրճարանը դարձել է նարգիլե ծխելու վայր, որտեղ եվրոպական խոհանոց է գործում՝ տաք և սառը ուտեստներով, խմիչքների լայն տեսականի կա եւ նարդու ու վիդեոխաղերի սրահ, որի 2 ժամն արժե 5000 դրամ։

Քանի որ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսան է, հաճախ է լինում այս սրճարանում։

Ընդ որում՝ ոչ մենակ, այլ, որպես կանոն, մի խումբ երիտասարդների ուղեկցությամբ, մի քանի թանկ մեքենաներով։ Հետաքրքիր է, որ նրան այստեղ հաճախ կարելի է տեսնել հենց աշխատանքի ժամերին։ Իրեն վստահված քաղաքը, թերեւս ավելի քիչ ուշադրության է արժանանում եւ ավելի քիչ ժամանակ է պահանջում, քան աներոջ «բարին» տիրություն անելը։

Մենք կապվեցինք Դավիթ Համբարձումյանի հետ, որ պարզենք, թե ինչով է զբաղվում «Հուկա Փլեյս» «բարում»։ Մասիսի քաղաքապետն ասաց, որ ինքը իրավունք ունի ժամանակ առ ժամանակ գնալ սրճարան և սուրճ խմել․ «Նախ դուք սխալ եք ասում, դա «բար» չի, այլ սրճարան ա, «բարը» անգլերեն ա, և հետո ենթադրենք, որ իմ աներոջը չի պատկանում, այլ ուրիշի ա պատկանում, ես իրավունք չունե՞մ իմ ընտանիքի հետ գնամ էնտեղ, մի բաժակ կոֆե խմեմ», զարմացավ Դավիթ Համբարձումյանը»։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20