Մենք ընկեր չունե՞նք, մենք շրջապատ չունե՞նք …

Seyran Saroyan

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանի համար ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկությունն անակնկալ չի եղել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Սեյրան Սարոյանը նշեց, որ Հայկազ Բաղմանյանը վաղուց է բանակից դուրս գալու ցանկություն ունեցել. «Ես եմ իրեն համոզել, որ դուրս չգա բանակից»:

Դիտարկմանը, որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասել է, որ Հայկազ Բաղմանյանը իր հորդորով է զինված ուժերից զորացրվելու զեկուցագիր ներկայացրել, Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Այո, այս անգամ նախարարի հորդորով է եղել, երևի նոր կադրերի, նոր մարդկանց հնարավորություն տալու համար»:

Պատգամավորը չհամաձայնեց դիտարկման հետ, թե Հայկազ Բաղմանյանն աշխատանքից ազատվել է թույլ տված չարաշահումների համար: Նրա խոսքով՝ Հայկազ Բաղմանյանը լավ ծառայություն է ունեցել, ապրիլյան պատերազմի առաջին օրերից էլ եղել է առաջնագծում: «Վաղը մյուս օրը, Աստված չանի, մի բան լինի ես էլ, Բաղմանյանն էլ բոլորս էլ կգնանք առաջնագիծ»,- ասաց Սարոյանը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի դեկտեմբերի 5-ի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանն ազատվել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից: Մինչ այդ ՀՀ պաշտպանության Վիգեն Սարգսյանը լրագրողներին հայտնել էր, որ Հայկազ Բաղմանյանը Զինված ուժերից զորացրվելու զեկուցագիր է ներկայացրել իր հորդորով՝ աշխատանքային պայմանավորվածությունները չկատարելու համար:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20