ՄԻԵԴ-ի վճիռները, հումանիստական լինելուց զատ, ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունեն

MIED dat

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ տեղահանված անձանց՝ «Չիրագովն ու այլոք՝ ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանը՝ ընդդեմ Ադրբեջանի» գործերով վճիռները, որոնցով ՄԻԵԴ-ը սահմանել է գործով անձանց տրամադրվելիք գումարային փոխհատուցման չափը։

Այսպես, «Չիրագովն ու այլոք՝ ընդդեմ Հայաստանի» գործով 6 անձանց Հայաստանը 3 ամսվա ընթացքում պետք է վճարի 5000 եվրո յուրաքանչյուրին՝ որպես նյութական և ոչ նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաև 28,642.87 ֆունտ ստեռլինգ՝ դատական ծախսեր։ «Սարգսյանը՝ ընդդեմ Ադրբեջանի» գործով ՄԻԵԴ-ը վճռել է, որ Ադրբեջանը 3 ամսվա ընթացքում պարտավորվում է վճարել 5000 եվրո՝ որպես նյութական և ոչ նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաև 30 հազար եվրո դատական ծախսերի համար։ ՄԻԵԴ-ի այս վճիռները կանխատեսելի էին. դրանցում պահպանվում է պարիտետի սկզբունքը: Սակայն շատ ավելի ուշագրավ է վճիռների քաղաքական ենթատեքստը, որովհետև ակնհայտ է, որ դրանց վերջնական կատարումը հնարավոր է միայն ԼՂ խնդրի համապարփակ կարգավորումից հետո: Չիրագովն ու մյուսներըԼաչին, իսկ Սարգսյանը Շահումյանի շրջան կարող են վերադառնալ միայն կայուն խաղաղության հաստատումից հետո:

ՄԻԵԴ-ի վճիռները, հումանիստական լինելուց զատ, ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունեն: Դրանց հիմքում խաղաղության այլընտրանքի բացառումն է, այսինքնիրավա-քաղաքական այնպիսի տեսլականի ամրագրումը, որպեսզի Հայաստանը կամ Ադրբեջանը, իսկ գուցե նաև Արցախը հնարավորություն ունենան ապահովել Չիրագովի ու Սարգսյանի խախտված իրավունքները: Մյուս կողմից ՄԻԵԴ-ը հստակ քաղաքական ուղերձ է հղում, որ պատերազմի այն հետևանքները, որոնք հանգեցնում են մարդու իրավունքների խախտումների, չեն կարող ընկած լինել հակամարտության կարգավորման հիմքում:

Եթե քաղաքակիրթ աշխարհն առայժմ չի կարողացել գտնել մեխանիզմներ, որոնցով հնարավոր լինի կանխել պատերազմները, ապա փորձում է մշակել լուծումներ, որոնք միտված են վերացնել պատերազմների հետևանքներըվերականգնելու համար մարդկանց իրավունքները: Ադրբեջանը Եվրախորհրդի անդամ այն սակավաթիվ երկրներից մեկն է, որ հետևողականորեն չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռները, ինչի հետևանքով կարող է անգամ զրկվել ԵԽ անդամությունից: Գրեթե կանխատեսելի է, որ ՄԻԵԴ-ի այսօրվա վճիռը ևս Ադրբեջանը չի կատարելու, այդ թվում ֆինանսական փոխհատուցման մասով:

Այս լույսի ներքո անչափ կարևոր կլինի, եթե Հայաստանը կամ Արցախը հայտարարեն, որ պատրաստ են կատարել ՄԻԵԴ-ի «Չիրագովն ու այլոք՝ ընդդեմ Հայաստանի» գործով վճիռն ամբողջապեսոչ միայն ֆինանսական փոխհատուցման ձևով, այլ նաև հնարավորություններ ստեղծելով, որ Չիրագովն ու մյուսները վերադառնան Լաչին նախադրյալներ ստեղծելով նրանց սեփականության իրավունքի վերականգնման համար: Սրանով հայկական կողմը իր հավատարմությունը ցույց կտա կարգավորման գործընթացին ու խաղաղության գաղափարին:

Spread the love