ՆԱՏՕ-ի հետ հարաբերության կարևորությունը Հայաստանի համար առավել ևս հավասարազոր է կենսական կարողության

- in Հասարակություն
Nato

Հայաստանում այսօր մեկնարկել է ՆԱՏՕ-ի շաբաթը, որը տարեկան ավանդական ժամանակահատված է, երբ, այսպես ասած, ի մի է բերվում Հայաստան-ՆԱՏՕ հարաբերության գործընթացը: Խոսել դրա կարևորության մասին՝ ըստ էության նշանակում է ոչինչ չասել, քանի որ ՆԱՏՕ-ի հետ հարաբերության կարևորությունը Հայաստանի համար առավել ևս հավասարազոր է կենսական կարողության:

Բանն այն չէ, որ Հայաստանը թույլ և տկար պետություն է, որը անպայման պետք է ունենա որևէ հովանի: Խնդիրն այն է, որ ՆԱՏՕ-ն բավականին ուժեղ, արդիական ռազմաքաղաքական միավոր է, որը Հայաստանի համար անհրաժեշտ և կարևոր է ոչ միայն զուտ որպես հովանի, այլև որպես գործընկեր, որը կարող է նպաստել Հայաստանի անվտանգության կարողությունների բազմապատկմանը: Ընդ որում, լայն է նաև սպեկտորը այն ուղղությունների, որոնցով ՆԱՏՕ-ն կարող է նպաստել այդ կարողությունների ընդլայնմանը:

Իսկ հաշվի առնելով այն, որ չնայած Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությանը, սերտ ռազմատեխնիկական և ռազմաքաղաքական գործակցությանը, իսկ շատ դեպքերում անգամ ռուսական քաղաքականության ստվերում գործելու հանգամանքներին՝ ՆԱՏՕ-ն, այդուհանդերձ, շարունակում է պատրաստակամ լինել Հայաստանի հետ հարաբերությունը խորացնելու հարցում, Հայաստանը պարզապես իրավունք չունի արդյունավետ չիրականացնելու այդ ուղղությամբ ամենափոքր հնարավորությունն անգամ:

Այդուհանդերձ, Ռուսաստանի հանգամանքը Հայաստան-ՆԱՏՕ հարաբերության գնահատման հարցում չի կարող անտեսվել և ավելին՝ չդիտարկվել առաջնային, հատկապես ՆԱՏՕ-Ռուսաստան կամ Արևմուտք-Ռուսաստան լարված դիմակայության, գրեթե սառը պատերազմյան իրավիճակի պայմաններում: Ի վերջո, իրատեսակա՞ն է այն, որ այդ դիմակայության պայմաններում Հայաստանին կհաջողվի հիմնարար, սկզբունքային առումով չլինել դիմակայության օբյեկտ, տարածք, չենթարկվել այդ բախման ազդեցությանը, այլ համադրել անդամակցությունը ՀԱՊԿ-ին, այսպես ասած՝ դաշնակցային կապը Ռուսաստանի հետ և սերտ գործակցությունը ՆԱՏՕ-ի ուղղությամբ:

Այս համադրության մասին հայտարարությունները, որ անում են նաև ՆԱՏՕ-ի ղեկավարությունը, անդամ երկրների դիվանագետները, իրակա՞ն են, թե՞ պարզապես ասվում են, որովհետև հնարավոր չէ այլ բան ասել, որպեսզի սուր արձագանք չլինի Ռուսաստանի մոտ:

Պետք է խոստովանել, որ այստեղ, իհարկե, իրականությունը այնքան էլ միարժեք և միաշերտ չէ: Կան բազմաթիվ գործոններ ու հանգամանքներ, և այդ բազմազանության պարագայում առնվազն կա համադրության ներուժ, հնարավորություն, որպեսզի Հայաստանը դիմակայության հերթական տարածքի կամ օբյեկտի փոխարեն լինի թեկուզ լարված, թեկուզ հակառակ մոտեցումների և շահերի, այնուհանդերձ համատեղ աշխատանքային իրավիճակի հարթակ, կապող օղակ, կոմունիկացիա:

Այստեղ, անշուշտ, իրավիճակը յուրօրինակ երանգավորում է ստանում նոյեմբերի 24-ից հետո՝ Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրմամբ: Այս փաստաթուղթը ունի տնտեսաքաղաքական բովանդակություն, սակայն իր նշանակությամբ այն անկասկած ավելին է՝ ընդհուպ ռազմաքաղաքական իմաստով: Իհարկե, դա մեծապես պայմանավորված է զարգացման հետագա ընթացքից, իրականացման տեմպից, ծավալից, կայունությունից: Սակայն, այս ամենով հանդերձ, կասկածից վեր է թերևս, որ Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը իր ազդեցությունը կունենա Հայաստան-ՆԱՏՕ հարաբերության վրա, և միաժամանակ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունն էլ անկասկած իր ազդեցությունն է թողել այդ համաձայնագրի գործընթացի և ստորագրման վրա:

ՆԱՏՕ-ն ու Եվրամիությունը, չնայած անդամների գերակշռող մասի նույնությանը, այդուհանդերձ նույնական կառույցներ չեն ըստ տրամաբանության, սակայն մյուս կողմից՝ ՆԱՏՕ-ն գործնականում Եվրամիության նախագծի, այսպես ասած, անվտանգության շրջանակն է: Ու քանի որ ժամանակակից աշխարհում հատկապես հնարավոր չէ խնդիրները դիտարկել անվտանգության շրջանակից դուրս, անկասկած է, որ Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրն էլ հենց այդ սահմաններում տեղի ունեցած մի զարգացում է, ինչը անուղղակի իմաստով նոր փուլ կամ նոր մակարդակ է նաև Հայաստան-ՆԱՏՕ հարաբերության մասով:

Եվ հաշվի առնելով այն, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը խոշոր հաշվով կոնսենսուսային աշխարհաքաղաքական իրողություն էր Ռուսաստանի ու Եվրամիության միջև, հնարավոր է արձանագրել, որ կոնսենսուսն առնչվում է առնվազն նաև Հայաստան-ՆԱՏՕ հարաբերության անուղղակի, դե ֆակտո նոր մակարդակին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20