Նրանք երևի իշխանությունների հետ փող չեն լվացե՞լ …

- in Կեղտոտ լվացք

Հարկային ծառայության ցուցակը` արտախորհրդարանական մի շարք կուսակցությունների լուծարման մասին, որ ներկայացվել է Պետռեգիստրի ծառայությանը, նոր լծակ է ու լրացուցիչ անգամ ապացույց այն մասին, որ մեր օրերում Հայաստանում ամեն բան չափվում է փողով: 

Պատճառաբանություններն այն մասին, որ նշյալ կուսակցությունները դրամական մուտքեր ու ելքեր չունեն`դրա վկայությունն են: Սակայն որտե՞ղ է նշված, որ կուսակցությունների գործունեությունը պայմանավորված է դրամական տեղաշարժերով: Տպավորություն է, որ ՀՀ կառավարության համար այսուհետ կուսակցությունները զուգորդվում են առևտրի կամ մի կտոր հաց ուտելու դուքյանների հետ, որը կրկնակի վտանգավոր է:

<Համերաշխություն> կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը հիշեցնում է, որ կուսակցությունները ստեղծվում, նրա շուրջը համախմբվում են գաղափարակից անհատականությունները և ոչ թե աշխատավարձ ստանալու նպատակով կամ՝ կարկանդակ վաճառելու եկածները, որ դրամական տեղաշարժեր երևան: Սրանով, փաստորեն, Հարկայինը խառնվում է քաղաքականությանն ու բոլորին նույն արշինով չափում ու փորձում լծակ դառնալ կուսակցությունները կառավարելու, չենթարկվողներին մեկուսացնելու գործում, ինչը բնականաբար, անընդունելի է և իրենք խնդիրն այդպես չեն թողնի՝ բոլոր օրինական ձևերով պայքարելու են նման որոշման դեմ:

Արդյո՞ք այսպիսի նախաձեռնությունն այժմ կապված չէ 2018-ի գարնանը սպասվող ՀՀ վարչապետի ով լինելու հետ. Բնականաբար, կապված է, սրանով ասում են, որ ՀՀԿ-ն է միակ կուսակցությունն, ինչպես խորհրդային կարգերի օրոք, որտեղ գող ու ավազակ տարածքային ղեկավարներն են, որոնց մասին իրենց բոսս Սերժ Սարգսյանը խոսեց վերջերս Դիլիջանում տեղի ունեցած հավաքի ժամանակ: Մինչև հիմա թողել է՝ ով, ինչ ուզում է անի, հիմա որոշել է գյամերը ցուցադրական քաշել: Այս համատեքստում թերևս խառնել են գաղափարակիցների կուսակցություններն իրենց կաշառակեր, բյուջեն լափող համայնքապետերի ու ոչ միայն նրանց հետ ու դրամական տեղաշարժերից են խոսում նաև կուսակցությունների հարցում, որտեղ փող չկա, շահ չկա, կա` գաղափարախոսություն և Հայաստանն ավելի ժողովրդավարական և ազատ դարձնելու ցանկություն:

Մյուս կողմից՝ սա լրացուցիչ քայլ է, մեր գնահատմամբ, 2018 թ.-ից առաջ մի քանի տասնյակ կուսակցությունների մի մասին փակելու, որից հետո միայն Ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու համար, որպեսզի դժգոհողներ հնարավորինս քիչ լինեն, որի պայմաններում. գլխացավանքը՝ քիչ, եվրոպական կառույցների հորդորներն ու նախատինքները` քիչ … Սերժ Սարգսյանի միահեծան իշխանությունն ամեն բան ու ամեն ինչը կառավարելի դարձնելուց հետո որոշել է հնարավորինս անգլխացավանք անցնել խորհրդարանական կառավարման մոդելին:

Ինչպե՞ս է այս գործընթացին արձագանքում միջազգային հանրությունը՝ Հայաստանում հավատարմագրված դեսպանատները, ԵՄ հանձնակատարը, ժողովրդավարական ինստիտուտներով զբաղվող տարատեսակ կազմակերպությունները … Հուսանք՝ կարձագանքեն նրանք էլ ու պատկերն ամբողջական կդառնա:

Քավ լիցի, մենք ևս կողմնակից չենք փոքր Հայաստանում յոթ տասնյակից ավելի կուսակցությունների գործունեությանը, որովհետև այդքան գաղափարախոսություն իսկապես չի էլ կարող լինել ու չկա անգամ ամբողջ աշխարհում, սակայն ի թիվս այլոց, մի քանի գաղափարական կուսակցություններին միևնույն արշինով չափչփելու գործընթացն է խնդիրը: Եթե կուսակցությունն այս կամ այն դաշինքի կազմում մասնակցել է վերջին խորհրդարանական ընտրություններին, Հանրապետությունում ու հայրենիքին վերաբերող ցանկացած խնդրի կամ՝ դրական տեղաշարժի հանդեպ կարծիք է հայտնում մամուլում, բոլոր տեսակի միջոցառումներին մասնակցում, ապա էլ ի՞նչ պետք է անեն մի քանի հազար կամ՝ անգամ հարյուր անդամ ունեցող կուսակցությունները: Պարզվում է, ունեն, նրանք երևի իշխանությունների հետ փող չեն լվացե՞լ …

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...