Շառլ Ազնավուրը վեր է հանում հայաստանյան այսօրվա իրականության ստվերի ողջ պատկերը

- in Մշակույթ, Ով ով է ...
Sharl Aznavur

Երբ մեկը երկու ձու է գողանում, նրան բանտարկում են, մինչդեռ այն մարդիկ, որոնք միլիոններ են գողանում, մնում են անպատիժ, ֆրանսիական Nouvelles d’Armenie պարբերականին տված հարցազրույցում նշել է ֆրանսահայ երգիչ, երգահան Շառլ Ազնավուրը՝ դա անընդունելի համարելով:

«Պետք է գիտակցենք, որ ունենք գեղեցիկ մի երկիր, որը պետք է զարգացնել, այլապես այն մի օր կարող է անհետանալ այնպես, ինչպես որոշ հին քաղաքակրթություններ: Իսկ դրա պատասխանատվությունը կկրեն Հայաստանի ղեկավարները»,-ասել է Ազնավուրը:

Աշխարհահռչակ շանսոնյեն առաջին անգամը չէ, որ անդրադառնում է Հայաստանում արմատավորված կոռուպցիային և, եթե հերթական անդրադարձի անհրաժեշտությունն է ծագել, ուրեմն` Ազնավուրը, միջազգային հեղինակավոր կազմակերպությունների օրինակով, գիտի, տեղյակ է, որ Հայաստանում չկա իրական պայքար կոռուպցիայի, այդ չարիքը ծնող համակարգի դեմ: Ընդ որում, աշխարհահռչակ երգչի լակոնիկ խոսքը բազմաշերտ է, որովհետև նա վեր է հանում հայաստանյան այսօրվա իրականության ստվերի ողջ պատկերը:

Ազնավուրն ակնարկում է, որ օրենքը Հայաստանում չի գործում կամ առնվազն խոսում է արդարադատության հատվածայնության մասին, այլապես«ձու գողացողն» այդքան խիստ չէր պատժվի «ձի գողացողների» անպատժելիության ֆոնին: Ուշագրավ է նաև շանսոնյեի դիպուկ նկատառումը, երբ նա կոռուպցիայի մարտահրավերը դիտարկում է քաղաքակրթական հարթության վրա հասկացնելով, որ դա ավելին է, քան սպառնալիք Հայաստանի ազգային անվտանգությանը:

Ազնավուրի խոսքով, ինքն այս թեմայի շուրջ խոսել է Հայաստանի ղեկավարների հետ․ «Ես նրանց չեմ խնայում: Ասում եմ այն, ինչ որ մտածում եմ»: Շառլը հասկացնում է, որ կոռուպցիան վերացական, վիրտուալ հասկացություն չէ և ունի կոնկրետ հասցեատեր` Հայաստանի իշխանությունը, որը դրա աղբյուրն է, նաև պատասխանատուն, որ չկա իրական պայքար կոռուպցիայի դեմ:

Այսօր ևեթ, կգտնվեն մարդիկ, ովքեր Ազնավուրին կմեղադրեն այս հարցազրույցի համարմեր կեղտոտ սպիտակեղենը դուրս հանելու մոտիվով կամ հիշելով շանսոնյեի դիվանագիտական կարգավիճակը: Սակայն Ազնավուրն իր համաշխարհային հռչակով, ավելին է, քանորևէ կարգավիճակ, որովհետև հաճախ հենց նա է բովանդակություն հաղորդում որևէ առաքելության, գործընթացի: Նա այն եզակի սփյուռքահայերից է, ով դուրս է ավանդական կարծրատիպերից ու սրտացավությամբ համարժեք արձագանքում է Հայաստանի իրական օրակարգին թեկուզև իր խոսքով նպաստելով ժողովրդավարության հաստատմանը, կոռուպցիայի դեմ պայքարին:

Ազնավուրը նշել է, որ իր գործունեությամբ ջանում է անել այնպես, որ Հայաստանն ունենա շատ բարեկամներ․ «Ես կոչ եմ անում մարդկանց ներդրումներ կատարել Հայաստանում, նվիրվել Հայաստանին»: Շանսոնյեն ոչ միայն քննադատում, այլև ռացիոնալ օրակարգ է առաջ քաշումհասկացնելով, որ իր համաշխարհային հռչակը կարող է ծառայեցնել Հայաստանի տնտեսության զարգացմանը, եթե իրական պայքար ծավալվի կոռուպցիայի դեմ: Ու այս ֆոնին Շառլ Ազնավուրը բաց է պահում Հայաստանի զարգացման եվրոպական պատուհանը հավելելով, որ ինքը մտադիր է Հայաստան հրավիրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին․ «Մի հրավեր, որը պետք է նախապատրաստել այնպես, որ այն օգտակար հանդիսանա Հայաստանի համար»: Սա այն դեպքն է, որ մտավորականի համառոտ հարցազրույցում ավելի հստակ է ուրվագվում Հայաստանի զարգացման տեսլականը, քան` կառավարության կամ քաղաքական ուժերի երկար ու դժվարամարս ծրագրերում:

Spread the love