Ոչ մի օրենք չի կարող մտնել մարդկանց ընտանիքներ

- in Պաշտոնական
Arpine Hovhannisyan

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը պատգամավորներին կոչ արեց կողմ քվեարկել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծին:

Նա հանգստացրեց պատգամավորներին՝ այս օրենքը չի խաթարելու ընտանիքների անդորրը. «Մեր դասական ընտանիքների հետ այս օրինագիծն անելիք չունի: Որևէ պարագայում նպատակ չի ունեցել մտնել մարդկանց ընտանիքներ: Ոչ մի օրենք չի կարող մտնել մարդկանց ընտանիքներ: Այս օրենքին մի վերապահեք այնպիսի դեր, որն ի սկզբանե բաժանարար գծեր ու ջրբաժաններ է տանում»:

Արփինե Հովհաննիսյանը չի կիսում այն տեղակետները, որոնք այս օրենքի համատեքստում քննարկում են մայրիշխաության կամ հայրիշխանության պայքարի և այլ խնդիրներ. «Իսկ ինչ վերաբերում է հայհոյախառն մշակույթն ի ցույց դնողներին, նրանց պատասխանն այլ տիրույթում է, և ես այդ տիրույթում անելիք չունեմ»:

ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը շեշտեց, որ օրենքը նպատակ ունի պայքարել նաև բռնությունների դեպքերի լատենտության դեմ, այսինքն՝ հնարավոր է, որ այդ հանցագործությունների վիճակագրությունը չնվազի: Բայդ դա չի նշանակում, որ օրենքն արդյունավետ չի լինելու:

Պատգամավորներն այս նախագծի վերաբերյալ պետք է իրենց առաջարկությունները ներկայացնեն մեկ շաբաթվա ընթացքում: ՀՀ արդարադատության փոխնախարարն ասաց, որ կառավարությունը պատրաստ է քննարկելու այդ առաջարկությունները:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20