Որքան «արժե» Ուկրաինայում պետական հեղաշրջում անելը

- in Միջազգային
Saakashvili

Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին News One հեռուստաալիքի եթերում խոսել է երկրի Գլխավոր դատախազության համոզմունքի մասին, որ պետական հեղաշրջում անելու համար իրեն 210.000 դոլար է պակասել:

«Այսինքն՝ դուք պարզել եք, որ Ուկրաինայում պետական հեղաշրջում անելը 210.000 դոլա՞ր «արժե»: Եվ դուք դա մեզնից թաքցնո՞ւմ էիք: Լավ է, որ այստեղ տեսախցիկներ կան, գուցե մարդիկ գումարով օգնեն, հավաքեն այդ 210.000 դոլարը»,- մեջբերել է Սաակաշվիլին իր պատասխանը դատախազներին:

Նա նշել է, որ եթե գների իջեցման, մարդկանց արտագաղթի տեմպերի նվազման, երկրի տնտեսական աճի «գինն» այդքան է, ուրեմն կարելի է այդ գումարը հավաքել:

Ավելի վաղ Սաակաշվիլին ասել է, որ չի հավակնում Ուկրաինայի նախագահի պաշտոնին, չի կարող երկար մնալ Ուկրաինայի քաղաքականության մեջ:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ին Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ մտադիր է բողոքարկել դեկտեմբերի 11-ի վճիռը, ըստ որի՝ դատարանը հրաժարվել է կալանավորել Սաակաշվիլիին:

Դեկտեմբերի 11-ին Կիևի դատարանն ազատ է արձակել Սաակաշվիլիին՝ մերժելով տնային կալանքի մասին դատախազության միջնորդությունը: Սաակաշվիլին ձերբակալվել է դեկտեմբերի 5-ին հանցավոր խմբերի անդամներին աջակցելու և նրանց հանցավոր գործունեությունը քողարկելու մասին քրեական գործի շրջանակներում:

Spread the love