Չեմ ուզում ևս մեկ զոհ տալ. լեզվաբանի ամուսնու դաժան սպանության գործով տուժող մայրը «դատարան չի գա»

- in Իրավունք
cec

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվեց Նուբարաշենի խճուղում Եղիշե Խաչատրյանի՝ լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով դատական քննությունը:

Ամբաստանյալի աթոռին են 23-ամյա Արտաշես Չիչոյանը, Յուրի Հակոբյանը, 26-ամյա Խաչիկ Կոսյանը, Արարատ Նիկողոսյանը, 28-ամյա Արթուր Զաքարյանը: Գործով ևս մեկ անձի ինքնությունը քննությամբ պարզել չի հաջողվել:

Մեղադրանքի համաձայն՝ վերոհիշյալ երիտասարդներն ու գործով չպարզված ևս մեկը՝ վեց հոգով, 2016 թվականի հունիսի 4-ին, ժամը 23-ի սահմաններում վիճաբանության մեջ են մտել նույն խճուղով իր մայրիկի՝ Էմմա Աբրահամյանի հետ մեքենայով ընթացող տուժողի՝ Եղիշե Խաչատրյանի հետ: Ըստ մեղադրանքի ձևակերպման՝ վեց երիտասարդները «խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները և մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով, ձեռքերով ու ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել Ե. Խաչատրյանի կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգանի՝ գլխի, ինչպես նաև կրծքավանդակի, որովայնի շրջաններում և, պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, ապօրինաբար Ե. Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից… Միևնույն ժամանակ, խումբը կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ կատարել է խուլիգանություն, որը զուգորդվել է անձի՝ Ե. Խաչատրյանի մայրիկի՝ Էմմա Աբրահամյանի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով»:

Հինգ ամբաստանյալներին էլ առաջադրված է վերը շարադրված նույն մեղադրանքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 10-րդ, 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով:

Դատարանը մի քանի նիստ հարցաքննել է տուժող Էմմա Աբրահամյանին, սակայն ամեն անգամ նրա ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնություն է հրավիրվել դատարան:

Վերջին նիստը նույն պատճառով դարձյալ ընդհատվել է, տուժողը տեղափոխվել է հիվանդանոց: Փաստորեն, դատարանը չի հայտարարել տուժողի հարցաքննության ավարտի մասին, այսինքն՝ հարցաքննությունը մնացել է անավարտ ու պետք է շարունակվեր այս նիստում:

Դատական նիստի սկզբում տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Ինեսա Պետրոսյանը դատարանին ներկայացրեց բժշկական տեղեկանք, որտեղ թվարկված էին Էմմա Աբրահամյանի հիվանդությունները: Վերջում բժիշկը գրել էր, որ հաշվի առնելով հիվանդի պաթոլոգիական վիճակը՝ «խորհուրդ չի տրվում ներկայանալ դատարան՝ ցուցմունքներ տալու»:

Հիմք ընդունելով այս տեղեկանքը՝ փաստաբան Ինեսա Պետրոսյանը միջնորդեց, որ դատարանը ավարտված համարի տուժող Էմմա Աբրահամյանի հարցաքննությունը, նրան այլևս դատարան չհրավիրի:

Տուժողի իրավահաջորդ Փառանձեմ Մեյթիխանյանը ասաց. «Իմ սկեսուրին ես կարող էի առաջին իսկ դատական նիստին չբերել դատարան… Իմ սկեսուրը այլևս չի մտնի դատարան… Ես մեկ զոհ արդեն տվել եմ, չեմ ուզում երկրորդ զոհն էլ տալ…»:

Դատախազը չառարկեց միջնորդության դեմ:

Սակայն միջնորդության դեմ կտրուկ առարկեցին բոլոր ամբաստանյալների շահերի պաշտպանները: Նրանք նշեցին, որ տուժողի հարցաքննությունը չի կարող ավարտված համարվել, քանի որ իրենք դեռ հարցեր ունեն նրան տալու, չեն սպառել բոլոր հարցերը: Իրենց պաշտպանյալներին առաջադրված մեղադրանքները հիմնված են տուժող Էմմա Աբրահամյանի ցուցմունքների վրա, այդ պատճառով հենց Էմմա Աբրահամյանի մանրակրկիտ հարցաքննությունը կարևոր է գործի բազմակողմանի, լրիվ քննությունն ապահովելու համար…

Փաստաբան Մինասյանը նշեց. «Մարդկայնորեն ընդունում եմ, ու որևէ մեկը չի կասկածում, որ տարեց կինը կարող է հարցաքննության ժամանակ վատ զգալ: Սակայն կիսում եմ գործընկերներիս դիրքորոշումը՝ իմ պաշտպանյալի մեղադրանքի հիմքում ևս Էմմա Աբրահամյանի տված ցուցմունքն է: Եթե մեղադրանքի կողմը հրաժարվում է այդ ապացույցից, ապա համաձայն եմ, որ Էմմա Աբրահամյանը չներկայանա: Իսկ եթե՝ ոչ, ապա տուժողի ներկայությունը համարում եմ պարտադիր… Նա հիվանդանոցում ստացիոնար բուժում է անցել ու դուրս է գրվել, ուրեմն՝ համեմատաբար վիճակը բարելավվել է… Չեմ կարծում, որ պաշտպանական կողմը տուժողին կվիրավորի իր հարցերով…»:

Տուժողի ներկայացուցիչ Ինեսա Պետրոսյանը՝ միջնորդության հեղինակը, նշեց, որ դատարանը մի քանի անգամ հետաձգել է դատական նիստերը, շտապօգնություն է հրավիրել: Ստացիոնար բուժում ստացած Էմմա Աբրահամյանի վերաբերյալ բժիշկը տեղեկանք է տվել, համաձայն որի՝ արձանագրվել է հիվանդի ծանր վիճակը ու խորհուրդ չի տրվել, որ նա դատական նիստերին մասնակցի ու ցուցմունքներ տա: Ինեսա Պետրոսյանն ընդգծեց, որ դատարանը ձեռնարկել է բոլոր միջոցները՝ տուժողին հարցաքննելու համար: Եվ տուժողը չորս դատական նիստ հարցաքննվել է…

Ինեսա Պետրոսյանը «շահարկում» անվանեց պաշտպանական կողմի այն դիրքորոշումը, թե Էմմա Աբրահամյանի հարցաքննությունը ավարտված հայտարարելու դեպքում իրենք զրկվում են հակընդդեմ հարցման իրավունքից: Ըստ Ի. Պետրոսյանի՝ նախաքննության ժամանակ քննիչը նախաձեռնել ու անցկացրել է առերես հարցաքննություններ մեղադրյալների ու տուժող Էմմա Աբրահամյանի միջև, սակայն մեղադրյալներ Չիչոյանն ու Նիկողոսյանը պատճառաբանել են, թե վատ են զգում, առերես հարցաքննության չեն ներկայացել՝ չեն ցանկացել օգտվել իրենց իրավունքից: Դատարանում Էմմա Աբրահամյանը մի քանի նիստ հարցաքննվել է, պաշտպանական կողմը «լիարժեք իրացրել է» հակընդդեմ հարցման իրավունքը:

Ինեսա Պետրոսյանն ընդգծեց. «Էմմա Աբրահամյանը 77 տարեկան է, ակնհայտորեն՝ վատառողջ… Տուժողի իրավահաջորդ Փ. Մեյթիխանյանը քմահաճություն չի դրսևորում՝ չի ասում, թե չի ցանկանում, որ սկեսուրը դատարան գա, նա ասում է՝ չեմ ցանկանում երկրորդ զոհը տալ… Էմմա Աբրահամյանը մանրամասն հարցաքննվել է դատարանում…»:

Տուժողի իրավահաջորդ Փառանձեմ Մեյթիխանյանը լրացրեց իր խոսքը. «Այս ամբաստանյալների տարիքի երկու երեխա ունեմ: Մեյթիխանյանների ընտանիքը անազնիվ ճանապարհով չի փորձում հարցեր լուծել, մենք ապավինում ենք օրենքին… Էմմա Աբրահամյանի վատառողջության պատճառը փաստաբանների հարցերն էին, ես կրիչները ներկայացրել եմ դատարան… Կրկնվող հարցեր են տրվել Էմմա Աբրահամյանին… Փաստաբանները, որոնք իրենց պրոֆեսիոնալիզմով փայլում են, 77 տարեկան կնոջը կարող են այնպես շփոթեցնել, որ նա խառնվի: Նա ինքն է ասել այդ մասին… Էմմա Աբրահամյանը դատարան չի գալու… Նա «դատարան» բառը լսելիս ցնցվում է, ի վիճակի չէ ներկայանալ… Ես չեմ ուզում նոր զոհ տալ…»:

Փաստաբան Մինասյանը պնդեց իր առարկությունը. «Իմ հարցերը տուժողին սպառված չեն, բազում հակասություններ են առաջացել…»:

Գործով մեղադրողը ասաց, թե չի պատրաստվում հրաժարվել մեղադրանքից, և հավելեց. «Ոնց որ շատ ենք հեռանում քրեական օրենսգրքից…»:

Դատախազը նշեց, թե տուժողի ներկայացուցչի կողմից դատարան ներկայացվածը, ճիշտ է, փորձաքննության եզրակացություն չէ, միգուցե պաշտպանական կողմի համար ցանկալի կլիներ, որ Էմմա Աբրահամյանի նկատմամբ նշանակվեր նրա կողմից դեպքերի ճիշտ ընկալումը պարզող փորձաքննություն, սակայն դրա համար, ըստ դատախազի, հիմքեր չկան:

Դատախազը կարծիք հայտնեց, որ պաշտպանական կողմը նախաքննության ժամանակ իր թույլ տված բացթողումներն արդարացնում է նախաքննական մարմնի աշխատանքը քննադատելով: Պաշտպանների կողմից մինչ այժմ Էմմա Աբրահամյանի ցուցմուքներում առկա որևէ հակասության վերաբերյալ հայտարարություն չի արվել…

Փաստաբան Միհրան Պողոսյանը, առարկելով տուժողի հարցաքննությունը ավարտված հայտարարելու միջնորդության դեմ, նաև նշեց, որ նախաքննության ժամանակ Արտաշես Չիչոյանի ու տուժողի առերես հարցաքննությունը մեկ անգամ է կազմակերպվել, Չիչոյանն իրոք վատառողջ է եղել ու չի կարողացել ներկայանալ: Դա չի նշանակում, թե նա չի ցանկացել ներկայանալ: Փաստաբանը նկատեց, որ տուժողի հարցաքննության ընթացքում դատարանը հարց տալու իրավունք չի տվել ամբաստանյալներից ոչ մեկին, հետևաբար նրանք դեռ չեն հարցաքննել իրենց դեմ ցուցմունքներ տված տուժողին…

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը նշեց, որ փաստաբան Ինեսա Պետրոսյանը վերջերս ՄԻԵԴ-ում մի գործ է շահել՝ հենց հակըննդեմ հարցման իրավունքի խախտման հետ կապված: Եվրոպական դատարանը բավարար չի համարում նախաքննության ժամանակ կատարված առերես հարցաքննությունները, այլ պարտադիր է համարում, որ անձը իր դեմ ցուցմունք տված անձին հարցաքննի դատավորի՛ ներկայությամբ:

Լիպարիտ Սիմոնյանը, անդրադառնալով դատախազի մատնանշածին, թե փաստաբանները հակասությունների վերաբերյալ հայտարարություններ չեն արել, ընդգծեց, որ տուժողի հարցաքննությունը դեռ ավարտված չէ, այսինքն՝ այդ ապացույցը մինչև վերջ հետազոտված չէ, հետևաբար պաշտպանները չէին կարող հակասությունների վերաբերյալ հայտարարություններ անել: Փաստաբանը միջնորդեց իրենց տրամադրել Ինեսա Պետրոսյանի կողմից դատարանին ներկայացված բժշկական փաստաթղթերը՝ տուժողի առողջական վիճակի մասին:

Նախագահողը կողմերի առաջ հարց բարձրացրեց՝ կողմերի հայտարարությունները լսել տուժողի ցուցմունքների վերաբերյա՞լ, թե՞ նիստը հետաձգել ու հաջորդ նիստին ապահովել տուժողի ներկայությունը:

Դատախազը ու տուժող կողմը համաձայն էին նիստը չհետաձգելուն ու հայտարարություններ լսելուն, իսկ պաշտպանական կողմը առարկեց ու պնդեց, որ նիստը պետք է հետաձգել ու ապահովել տուժողի ներկայությունը դատարանում: Բացի այդ՝ դատարանի նշած հայտարարություններին ու միջնորդություններին ևս պաշտպանական կողմը պատրաստ չէր, դրա համար էլ պետք է ժամանակ տրամադրվեր:

Փաստաբան Վաչագան Քոսյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց, որ բժշկական տեղեկանքում գրված է՝ «խորհուրդ չի տրվում դատարան ներկայանալ», գրված չէ՝ արգելվում է:

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը դիմեց դատարանին՝ եթե դատարանը արդեն իսկ կանխակալ կարծիք է կազմել, որ տուժողի հարցաքննությունը դատարանում կարող է ավարտված հայտարարվել, ապա ինքը նախագահողին կներկայացնի ինքնաբացարկի միջնորդություն:

Կարճ ընդմիջում հայտարարվեց, փաստաբաններին տրամադրվեցին բժշակական փաստաթղթերի պատճենները:

Ընդմիջումից հետո փաստաբան Միհրան Պողոսյանը նշեց, որ տեղկանքի ուսումնասիրությունից իր համար պարզ է դարձել, որ տուժողը այնպիսի հիվանդություններ ունի, որոնք մեկ օրում չեն առաջանում, նա նախաքննության ժամանակ էլ նույն հիվանդություններն ունեցել է, դա չի խանգարել, որ յոթ-ութ անգամ հարցաքննվի: Փաստաբանը ուշադրություն դարձրեց ախտորոշված հիվանդություններից մի քանիսին, մասնավորապես՝ ցերեբրիալ աթերոսկլերոզին, որը, ըստ հիվանդության համացանցային նկարագրության, «բնորոշ է ծերերին… նրանք բողոքում են գլխի ծանրությունից, ականջների խշշոցից, գլխապտույտներից, ավելի նյարդային են դառնում, շուտ հուզվող, շուտ արտասվող, հիշողության թուլացում է առաջանում, քնի խանգարում…»:

Փաստաբանը պնդեց՝ տուժողի՝ դատարան ներկայանալը պետք է դատարանը որոշի, ոչ թե «ենթարկվի որոշ անձանց ցանկություններին»: Փաստաբանն առաջարկեց ևս մեկ ելք՝ եթե դատարանը տուժողին համարի «չհարցաքննված», ապա կարելի է փոխել ապացույցների հետազոտման կարգը, այլ ապացույցներ հետազոտել՝ մինչև տուժողը ի վիճակի կլինի ներկայանալու դատարան ու նորից հարցաքննվելու: Փաստաբանը նշեց՝ բժշկական տեղեկանքում գրված է՝ խորհուրդ չի տրվում, բայց չի գրված՝ ինչքա՞ն ժամանակ խորհուրդ չի տրվում…»:

Նախագահողը տուժողի ներկայացուցիչ Ինեսա Պետրոսյանից պահանջեց հաջորդ դատական նիստին դատարան ներկայացնել բժշկական փաստաթուղթ, որտեղ կոնկրետ նշված կլինի՝ կարո՞ղ է տուժող Էմմա Աբրահամյանը իր առողջական վիճակով հարցաքննվել դատարանում…

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20