Պատերազմի վերսկսման վտանգը

- in Մամուլ
paterazm

Վիեննայում դեկտեմբերի 6-ին աշխատանքային այցելությամբ գտնվող Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։

Հանդիպումը մեկնարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ներկայությամբ, ապա շարունակվել առանձնազրույցի ձևաչափով։ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման օրակարգում էին երկու երկրների ղեկավարների Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղիները։ Համանախագահների առաջարկությամբ համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև առաջիկա հանդիպումը 2018թ. տարեսկզբին կազմակերպելու վերաբերյալ։

Պաշտոնական լակոնիկ տեղեկատվությունն, ըստ էության, չի բացահայտում հանդիպման բովանդակությունը, մանավանդ, որ կասկածից վեր էԱդրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրությունը մի փոքր այլ շեշտադրումներ կունենա: Մյուս կողմից այն հանգամանքը, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել արտգործնախարարների նոր հանդիպման մասին, խոսում է այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը բանակցային գործընթացը «տաք» պահելու ցանկություն ունի:

Իհարկե, այստեղ խոսքը գնում է բանակցային գործընթացի ոչ թե բովանդակային բաղկացուցիչի, այլհակամարտության, այսպես կոչված, մենեջմենթի և կառավարման մասին: Դատելով ԱՄՆ և Ռուսաստանի ներկայացուցիչների վերջին հայտարարություններից խոսքը ստատուս-քվոն ամրապնդող միջազգային որոշակի գործիքների ու մեխանիզմների ստեղծման մասին է:

Հակամարտության գոտում ստատուս-քվոյի ամրապնդմանն ուղղված քայլերի իրականացումը հատկապես արդիական է դառնում երեկ տեղի ունեցած մեկ այլ իրադարձության ֆոնին, որն ուղղակի ազդեցություն չունի ԼՂ խնդրի հետ, սակայն կարող է կործանել այն փխրուն ստատուս-քվոն, որ առկա է դրա շուրջ:

ԽոսքըԵրուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Դոնալդ Թրամփի հայտարարության մասին է, ինչն անկայունության ու լարվածության նոր ալիք է բարձրացնելու Մերձավոր Արևելքում հարուցելով ուժերի դասավորության նոր պատկերի ստեղծում այդ և հարակից տարածաշրջաններում: Թրամփի հայտարարությունն անխուսափելիորեն մեծացնելու է լարվածությունը Վաշինգտոնի և Թեհրանի հարաբերություններում, մեծացնելու է Թուրքիայի դեստրուկտիվ ռեգիոնալ ազդեցությունն, ինչն իր հերթին ստատուս-քվոյի որոշակի փոփոխություն է առաջացնելու մեր տարածաշրջանում` մեծացնելով պատերազմի վերսկսման ռիսկերը նաև ղարաբաղյան հակամարտության գոտում:

Հատկապես այս լույսի ներքո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ակտիվությունը և հայ-ադրբեջանական շփումներն անհրաժեշտություն են` նույնիսկ անկախ կոնկրետ արդյունքներից:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20