ruben hayrapetyan

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը խոստանում է այլևս երբեք պատգամավոր չդառնալ։ Այդ մասին նա ասել է «Ազատություն» ռադիոկայանի եթերում։

Կրկին քաղաքականությամբ զբաղվելու մասին հարցին էլ Հայրապետյանը պատասխանել է. «Ես իմ կյանքում մի սխալ եմ արել՝ որ քաղաքականությամբ եմ զբաղվել և պատգամավոր եմ դարձել, խոստանում եմ՝ այլևս չեմ անի նման բան»։

Ռուբեն Հայրապետյանը Հայաստանի քրեաօլիգարխիայի խորհրդանիշներից մեկն է, և նրա այս հայտարարությունն ուշագրավ է մի քանի առումով: Հայրապետյանը հրապարակային քաղաքականությամբ չի զբաղվում ավելի քան հինգ տարի, երբ 2012-ի հուլիսին վայր դրեց պատգամավորական մանդատը՝ իրեն պատկանող «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած սպանությունից հետո: Հայրապետյանը չի մասնակցել նաև վերջին ընտրություններին, և ինքնին պարզ էր, որ նա, ըստ էության, դուրս է քաղաքականությունից՝ իր կամքով կամ գուցե Սերժ Սարգսյանի որոշմամբ:

Ահա այս համատեքստում միանգամայն այլ երանգ է ստանում Հայրապետյանի հայտարարությունը, որը կարծես մեսիջ է մյուս օլիգարխներին՝ հետևել իր օրինակին, հեռանալ քաղաքականությունից: Արդյո՞ք Հայրապետյանը գիտակցել է, որ քրեաօլիգարխիան անասելի հարված է հասցրել Հայաստանի քաղաքական համակարգին, երկրում վերացրել է մրցակցության էլեմենտը, քաղաքականությունը վերածել է ֆարսի: Հազիվ թե: Եթե լիներ այդ գիտակցությունը, Հայրապետյանը վաղուց լքած կլիներ նաև ՀՖՖ նախագահի պաշտոնը և երեկվա հարցազրույցում կխոստովաներ նաև, որ Հայաստանի ֆուտբոլային աշխարհում հաստատել է մի համակարգ, որը սպանում է ազգային հավաքականը, առաջնությունը: Սակայն Հայրապետյանը համառորեն պահպանում է ՀՖՖ նախագահի պաշտոնը՝ դա համարելով այն կարգավիճակը, որը նրան թույլ է տալիս լեգիտիմացնել իր ներկայությունը Հայաստանի քրեաօլիգարխիկ համակարգում: Այլ խոսքով՝ ֆուտբոլը մեծ համակարգում Հայրապետյանի «փայն» է, նրա մենաշնորհը:

Սակայն վերադառնանք Հայրապետյանի երեկվա հարցազրույցին և խնդիրն ավելի ընդհանրացնենք ու դիտարկենք գլոբալ հարթության վրա՝ մանավանդ, որ Ռուբեն Հայրապետյանը քրեաօլիգարխիայի միակ ներկայացուցիչը չէ, որ մասնակցություն ունի հայաստանյան քաղաքականությանը: Անշուշտ դրական է, որ Ռուբեն Հայրապետյանն ինքը չի ցանկանում մասնակցել քաղաքականությանը, սակայն այս խնդիրը պետությունը չպետք է թողնի օլիգարխիայի կամքին: Պետք է ստեղծվեն արդյունավետ, գործուն մեխանիզմներ, որպեսզի այս կարգի մարդիկ առհասարակ չկարողանան մուտք գործել քաղաքականություն, որովհետև նրանք ոչ միայն օգտակար չեն, այլև խիստ վնասակար են քաղաքականության մեջ, առաջին հերթին՝ պետության համար:

Վերջին հաշվով՝ նույն Ռուբեն Հայրապետյանը մանդատից հրաժարվեց, ըստ էության, հանգամանքների հարկադրանքով, երբ նրա թիկնազորի անդամները դաժանությամբ մարդ սպանեցին հենց օլիգարխին պատկանող ռեստորանում: Քանի՞ դիակի, սպանության, հանցագործության փաստ է պետք հայտնաբերել գործող խորհրդարանի օլիգարխ, օդիոզ պատգամավորների ստվերով պատված գործունեությունից, որպեսզի նրանք ևս հրաժարվեն մանդատից, քաղաքականությունից: Սա այն դեպքն է, որ նույնիսկ պետական հատուկ ջանքերի անհրաժեշտություն չկա, որովհետև քրեական օրենսգիրքը, պատկերավոր ասած, լացում է նման մարդկանց համար:

Ռուբեն Հայրապետյանն ինքնակամ հրաժարվում է քաղաքականությունից, մյուսները դա չեն անում. պետությունը պարտավոր է մեխանիզմներ ստեղծել նման մարդկանցից քաղաքականությունը, իշխանությունը մաքրելու, նորերի մուտքը կանխելու համար: Սա համակարգային խնդիր է, որը հրատապ լուծման անհրաժեշտություն ունի:

Մյուս կողմից՝ իշխանությունները կախված են հենց օլիգարխիայից, ինչի վկայությունն այն է, որ ՀՀԿ-ի հաղթանակը մեծապես պայմանավորված էր ռեյտինգային ընտրակարգով: Եթե իշխանություններն իրապես շահագրգռված են քաղաքականությունից քրեաօլիգարխիայի դուրսմղմամբ, ապա մինչև հաջորդ ընտրությունները պետք է մտածեն համակարգի արդիականացման, քաղաքական այցեքարտի մասին, որպեսզի ստիպված չլինեն թաքնվել օլիգարխների քվեների ու արյունոտ կենսագրության հետևում: