Սահմանադրությունն անցած երկու տարիներին բացառապես ծառայել է Սերժ Սարգսյանին

- in Կեղտոտ լվացք
Serzh Sargsyan

Երկու տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որի արդյունքներով երկիրը անցում կատարեց խորհրդարանական համակարգին: Խոսքն, ըստ էության, նոր Սահմանադրության ընդունման մասին է, որովհետև պետական կառավարման ինստիտուցիոնալ հիմքն ու փիլիսոփայությունը վերանայվել են արմատապես:

Հանրաքվեի որակի մասին ավելորդ է խոսել նույնիսկ ձևականորեն, որովհետև այն անցկացվեց, երբ երկրում այլևս չկար դիմադրության որևէ օջախ, ու Սերժ Սարգսյանը ձեռնամուխ էր եղել համակարգային տրանսֆորմացիայի կամ սեփական իշխանության վերարտադրության գործընթացին: Ավելորդ է խոսել նաև կառավարման մոդելների առավելությունների ու թերությունների մասին, որովհետև սահմանադրական փոփոխությունների գործընթացում այդ բաղադրիչը, որպես իրական մոտիվ, գոյություն չի ունեցել առհասարակ:

Անցած երկու տարում նոր Սահմանադրությունը որևէ առնչություն չի ունեցել հասարակության կյանքի, անգամ պետական օրակարգի հետ ու ծառայել է բացառապես մեկ մարդու՝ Սերժ Սարգսյանին: Նա նոր Սահմանադրության շնորհիվ կարողացել է մեկընդմիշտ փակել Ռոբերտ Քոչարյանի ռևանշի ճանապարհը, չեզոքացնել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ռեստավրացիայի հնարավորությունը: Սերժ Սարգսյանը անցած երկու տարում, ըստ էության, ոչնչացրել է ընդդիմությանը՝ նրան վերապահելով համակարգային դեկորացիայի դերակատարություն: Նոր Սահմանադրության շնորհիվ համակարգից հեռացվել են օդիոզ դեմքեր՝ Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Խաչատրյանը, երեկ նաև՝ Հայկազ Բաղմանյանը: Ընդսմին, սակայն, հայտնի չէ՝ այս քայլերը ինչքանո՞վ են ծառայելու պետությանը, հասարակությանը, որովհետև նոր Սահմանադրության ընդունումից հետո անցկացված խորհրդարանական ընտրություններում առաջին «խաղից դուրս» հայտնվածը հենց հասարակությունն էր:

Սահմանադրությունն անցած երկու տարիներին բացառապես ծառայել է Սերժ Սարգսյանին՝ գործնականում մեկ անգամ «բացակա» գրվելով, երբ Վանաձորի ավագանու անցած տարվա ընտրություններից հետո խորհրդարանական կառավարման մոդելը կարող էր ցույց տալ իր կենսունակությունը: Սակայն իր «կենսունակությունը» ցույց տվեց ՀՀԿ-ն՝ ապացուցելով, որ երկու տարի առաջ Հայաստանն անցում է կատարել ոչ թե խորհրդարանական, այլ ըստ էության խորհրդային կառավարման՝ գենսեկի ստատուս ունեցող Սերժ Սարգսյանի անսահմանափակ իշխանությամբ:

Իհարկե, երկու տարին շատ քիչ ժամանակ է, ու Սահմանադրության քննությունը դեռ առջևում է, սակայն իրատես ու սթափ պետք է լինենք ու գիտակցենք, որ ընդդիմության փաստացի չգոյության, հասարակական դիմադրության բացակայության պայմաններում Սահմանադրությունն առաջիկա տարիներին շարունակելու է ծառայել Սերժ Սարգսյանին: Այլ խնդիր է, թե Սերժ Սարգսյանի շահերը ինչքանով ներդաշնակ կլինեն պետական օրակարգին ու հանրային սպասումներին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20