Սարգսյանը կնախընտրի առայժմ որոշակի դիստանցիայով հետևել Վիգեն Սարգսյանի ու ԵԿՄ-ի խուլ դիմակայությանը

- in Հրապարակ
Manvel Grigoryan

Բանակում պրոֆեսիոնալ զինվորականության ու Երկրապահի վերնախավի ներդաշնակություն եղել է Վազգեն Սարգսյանի, մասամբ էլ` գործող նախագահ Սերժ Սարգսյանի նախարարության շրջանում:

Բանակային երկու սեգմենտների հարաբերություններում մշտապես չհասկացվածություն է եղել և այստեղ խնդիրը միայն բանակին առնչվող հարցերը չեն, ավելի շուտդրանք մղված են երկրորդ պլան ու օրակարգում ավելի գլոբալ հակասություններն են, որոնք թելադրված են իշխանության կառուցվածքով, որոշակիորեն նաև պետության ու բանակի կենսագրությամբ:

Այս համատեքստում Վիգեն Սարգսյանի վրա բավականին պատասխանատու առաքելություն է դրված, որովհետև նա, ըստ էության, չի պատկանում բանակային երկու սեգմենտներից որևէ մեկին և բովանդակային հարթության վրա նրա պաշտոնավարումը նույնանում է բանակում նախագահական ուղղակի կառավարման հետ, երբ Սերժ Սարգսյանը երկրում նոր համակարգի կայացմանը զուգահեռ փորձում էՎիգեն Սարգսյանի միջոցով, դրա մինի մոդելը ներդնել զինված ուժերում: Այս համատեքստում Վիգեն Սարգսյանն անհրաժեշտություն ունի ազատվել օդիոզ կերպարներից ու այս հարթության վրա պետք է դիտարկել Հայկազ Բաղմանյանի ազատումը, ինչն ավելի շատ աղերսվում է իշխանությունը «հրացանովոր մարդկանցից» ազատելու Սերժ Սարգսյանի մտադրության, քան հակոռուպցիոն պայքարի հետ: Նոր համակարգը, գոնե արտաքուստ, ավելի բաց ու մարդակենտրոն պետք է լինի` ազատված օդիոզ կերպարներից:

Մյուս կողմիցբանակային ռեֆորմները հնարավոր են, եթե դրանց շուրջ առկա է քաղաքական, հանրային լայն կոնսոլիդացիա, հակառակ պարագայում դիմադրության ներքին կենտրոնները կարող են չեզոքացնել արդիականացման որևէ փորձ: Վիգեն Սարգսյանն առայժմ ունի միայն Սերժ Սարգսյանի աջակցությունը, իսկ քաղաքական ընդդիմության և քաղաքացիական հասարակության հետ նրա հարաբերությունները, մեղմ ասած, հեռու են բավարար լինելուց:

«Հիմա Բաղմանյան Հայկազի վրա ցեխ շպրտենք ու պրծա՞նք, վե՞րջ։ Մի քանի անգամ էլ կարող է հրաման չի կատարել կամ թերացել է»,-այսօր, ըստ էության, Վիգեն Սարգսյանին հակադարձել է ԵԿՄ ամենաազդեցիկ անդամներից մեկըԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը: ԵԿՄ-ում, ըստ ամենայնի, որոշել են դիմադրություն ցույց տալ Վիգեն Սարգսյանին: Մանվել Գրիգորյանի շրջապատում կամ չեն գիտակցում, որ Վիգեն Սարգսյանն առայժմ ինքնուրույն սուբյեկտ, չէ ու իրենք, ըստ էության, հակադրվում են Սերժ Սարգսյանին, կամ էլ գիտակցում են, սակայն վստահ են, որ վերջինս չի կարող յոլա գնալ առանց իրենց աջակցության:

Ընդ որումՍեյրան Սարոյանն ակներև փորձում է պաշտպանել այն ստատուս-քվոն, որն այսօր գոյություն ունի, երբ Երկրապահի ազդեցիկ գործիչների պետական կարգավիճակն ապահովում է նրանց, մեղմ ասած, բարեկեցիկ կյանքը, արտոնյալ կարգավիճակը: Խնդիրը Հայկազ Բաղմանյանի անձը չէ, այլ նրանով ու մյուս ազդեցիկ երկրապահների կարգավիճակներով պայմանավորված ներիշխանական ստատուս-քվոն, որի վերանայումը երկրապահական, այսպես կոչված, էլիտան համարում է հարված իր դիրքերին:

Պատահական չէ, որ ընդդիմադիր գործիչների հետ նույնանալուց միշտ զգուշացող ԵԿՄ փաստացի երկրորդ դեմքն այսօր կանգնել է նաև «իրենց ախպեր» Սեյրան Օհանյանի թասիբին` պնդելով, թե «շառ» են անում այն մարդիկ, ովքեր ՊՆ նախկին նախարարի անունը կապում են «Նորք-Մարաշի» զինված խմբի հետ:

Երկրապահն ակնհայտ դիմադրություն է ցույց տալիս Վիգեն Սարգսյանին, ինչն իր դրսևորումն անխուսափելիորեն ունենալու է նաև բանակում: Վիգեն Սարգսյանն ակնհայտորեն չի կարող ինքնուրույն չեզոքացնել այս մարտահրավերը: Արդյո՞ք նա հերթական անգամ կստանա Սերժ Սարգսյանի աջակցությունը, թե՞ Սերժ Սարգսյանը կնախընտրի առայժմ որոշակի դիստանցիայով հետևել Վիգեն Սարգսյանի ու ԵԿՄ-ի տակավին խուլ դիմակայությանը:

Spread the love