Սարգսյանը հայ-թուրքական արձանագրությունները որոշել է պատռել հենց 2018-ի գարնանը

- in Հրապարակ
serzh-sargsyan

Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կրկնել է սեպտեմբերին ՄԱԿ-ի ամբիոնից Սերժ Սարգսյանի հայտարարությունը հայ-թուրքական արձանագրությունների մասին, որ Հայաստանը 2018 թվականի գարուն կմտնի առանց այդ արձանագրությունների:

Նալբանդյանի՝ Հունաստան կատարած այցը հաջորդում է այդ երկիր Թուրքիայի նախագահ Էրդողանի այցին, որը սկանդալային ստացվեց: Էրդողանը մի շարք հայտարարություններ արեց՝ Հունաստանի համար ոչ դուրեկան, ընդհուպ մինչև Լոզանի պայմանագրի վերանայում, որով կարգավորվում են հույն-թուրքական հարաբերություններն ու սահմանները:

Արդյոք կա՞ Նալբանդյանի և Էրդողանի այցերի միջև անմիջական կապ՝ շատ դժվար է ասել: Իհարկե, ներկայումս աշխարհաքաղաքական շրջապտույտը բավականին լայն է, քան զուտ Հունաստան-Թուրքիա-Հայաստան եռանկյունը: Տարածաշրջանը եռում է փոխայցերից, իրավիճակը նոր փուլ է մտել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի հայտարարությունից հետո:

Ահա այս եռքի պայմաններում Հայաստանը որոշում է վերահաստատել նախագահի մակարդակով արված հայտարարությունը հայ-թուրքական արձանագրությունների մասին, 2018-ի գարնանը դրանց հրաժեշտ տալու մասին: Ընդ որում, հատկանշական է, որ թեև դա դիտվեց Անկարային ներկայացվող վերջնագիր, այդուհանդերձ Երևանը կարծես թե չի խոսում եթե-ներով, չի պայմանավորում այդ արձանագրությունների չեղարկումը որևէ իրադարձությամբ:

Ըստ այդմ, կա հիմք եզրակացնելու, որ Երևանը կայացրել է որոշումը, հետևաբար հետաքրքիր է, թե ինչո՞ւ այն չի հռչակում հենց այժմ, այլ 2018-ի գարնանը: Ի՞նչ է սպասում Հայաստանը 2018-ի գարնանը, որ հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու մասին որոշումը, այսպես ասած, պահում է այդ ժամանակահատվածի համար, թեև հռչակում է դա մի քանի ամիս առաջ՝ առանց եթե-ների:

Երևանի սպասումը կախված է Արցախյա՞ն գործընթացի հետ, թե՞ ավելի լայն արտաքին քաղաքական զարգացումների, որոնք խոշոր հաշվով կարող են ընդգրկել Արցախյան գործընթացը, սակայն կունենան ազդեցության շատ ավելի լայն գոտի: Արդյո՞ք սպասումները կախված են Ռուսաստանի իրավիճակից, որտեղ 2018-ի գարնանն ընդառաջ կորոշակիանա, թե ինչպիսի ընտրություն է սպասում Պուտինին: Թե՞ սպասումները ավելի շուտ կապված են ներքաղաքական զարգացումների հետ՝ հաշվի առնելով Հայաստանում 2018 թվականի գարնանը հանգուցալուծվելիք ներիշխանական վերադասավորումների ներկայիս փուլն ու ըստ էության լիարժեք անցումը նոր փուլին՝ արդեն 2022 թվականի խորհրդարանի ընտրության հեռանկարով:

Ընդ որում, հետաքրքիր է, որ իր քաղաքական հեռանկարի մասով Սերժ Սարգսյանը չունի որոշում կամ պատկերացում, սակայն հայ-թուրքական արձանագրությունների մասով որոշումը հստակ է, և այդ մասին հայտարարվում է արդեն երկրորդ անգամ:

Սերժ Սարգսյանի հետագա քաղաքական պլաններն ու կարգավիճակը այդ որոշումի՞ց են կախված, թե՞ այդ որոշումը դրանց մի մասն է, իսկ դրանք կախված են այն սպասումներից, որի համար Սարգսյանը հայ-թուրքական արձանագրությունները որոշել է պատռել հենց 2018-ի գարնանը՝ ազդարարելով դա արդեն այժմ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20