Սեղանին ոչ թե վարչապետի հարցն է, այլ ներիշխանական նոր կառուցվածքի

- in Հրապարակ
Serzh Sargsyan

«Ո՞վ է լինելու վարչապետը 2018 թվականի ապրիլին» հարցն, անկասկած, գայթակղիչ է և մրցունակության առումով ներքաղաքական կյանքի թեմատիկայում, թերևս, անհասանելի: Բայց իր կարևորությամբ հարցն աստիճանաբար մղվում է երկրորդ պլան, քանի որ ավելի ու ավելի է պարզ դառնում, որ ներքին խաղը կրում է առավել լայն բնույթ, և սեղանին ոչ թե վարչապետի հարցն է, այլ ներիշխանական նոր կառուցվածքի, հարաբերությունների տրամաբանության, բևեռների հարաբերակցության:

Եվ այս իմաստով, Հայաստանում 2018-ի վարչապետի մասին հարցից ոչ միայն պակաս կարևոր չէ, այլ գուցե ավելի կարևոր է հարցը, թե ո՞վ է լինելու Հայաստանում ընդդիմությունը, լինելո՞ւ է արդյոք ընդդիմություն ընդհանրապես, կարողանալո՞ւ է Հայաստանում ընդդիմադիր դաշտը վերբեռնվել և իսկապես նոր կառուցվածքով, տրամաբանությամբ, օրակարգով և մեթոդաբանությամբ ներկայանալ հասարակությանը, թե՞ Հայաստանի ներքաղաքական պայքար կոչվածը շարունակելու է գործնականում մնալ վերջին նվազագույնը հնգամյակի երկբևեռ տրամաբանության շրջանակում, երբ իշխանությունն ու դրա գործնականում հայելային արտացոլումն են կազմում քաղաքական գործընթացի երկու բևեռները:

Այդ կապակցությամբ, պահելո՞ւ է իր երկրորդ տեղը ԲՀԿ-ն կամ «Ծառուկյան» դաշինքը, թե՞ խորհրդարանի ընտրության հաջորդ ցիկլին ընդառաջ իշխանությունը կձևավորի արդեն այլ արտացոլում: Ընդ որում՝ այստեղ, իհարկե, խոսքն ամենևին էլ արհեստական ձևավորման մասին չէ, երբ իշխանությունը բաժանվում է և սկսում երկու բևեռ խաղալ: Այդ բաժանումը, խոշոր հաշվով, ներքին տնտեսական, քաղաքական իրապես էական հակադրությունների և շահերի բախման դրսևորում, հետևանք կամ արդյունք է, որն, ի դեպ, սկսել է դրսևորվել անգամ ավելի վաղ, քան ԲՀԿ-ի ձևավորումը:

Վերջին հաշվով, Հայաստանում համակարգային մոնոլիտը ճաք է տվել 2003 թվականի խորհրդարանի ընտրությանը, երբ խորհրդարանական մեծամասնություն հաջողվեց ձևավորել երեք ուժերի կոալիցիայով: Ընդդիմությունը կամ ընդդիմությունները գտնվել են իշխող համակարգի ներսում տեղի ունեցող այդ գործընթացներին ոչ համարժեք, ըստ այդմ՝ աստիճանաբար տեղի է ունեցել հավասարակշռության խախտում, և իշխանությունը ընդդիմության հանդեպ դարձել է ավելի ու ավելի ճկուն ու մրցունակ:

Իրավիճակը փոխվելու միտում ուներ 2007 թվականին Տեր-Պետրոսյանի վերադարձով, սակայն այստեղ իշխանությունը գնաց ուժային, արյունոտ լուծման, որից հետո արդեն համարժեքության առանցքից աստիճանաբար դուրս եկավ նաև Տեր-Պետրոսյանը, իհարկե՝ ստիպված լինելով Մարտի 1-ից հետո ուշքի գալ և ուշքի բերել հանրությանը չափազանց բարդ պայմաններում: Եվ այդ իմաստով Տեր-Պետրոսյանը ընդդիմության առաջնորդի կարգավիճակում գուցե նույնիսկ արեց ավելին, քան հնարավոր էր, բռնությամբ ջլատված քաղաքական ուժը և շարժումը կարողանալով ի մի բերել և հասցնել մի կետի, երբ իշխանությունը գնաց երկխոսության գործընթացի: Դրանից հետո, իհարկե, առավել կենսունակ գտնվեց հենց իշխանությունը՝ կարողանալով հմտորեն խաղարկել երկրորդ բևեռն ու արդեն ոչ թե բռնությամբ, այլ քաղաքական տեխնոլոգիայով խաղից դուրս բերելով թե՛ Տեր-Պետրոսյանին, թե՛ այլ ընդդիմադիր հավակնություն ունեցող ուժերի:

Դրանից հետո հավակնորդները փոխվել են, սակայն տրամաբանությունը, մեթոդաբանությունը՝ ոչ, ինչն էլ իշխանության երկբևեռ տեխնոլոգիան պահում է կենսունակ: Այստեղ ներկայումս խնդիր կարող է առաջանալ զուտ բևեռների, այսպես ասած, սուբյեկտային, քարոզչական կենսունակության մասով: Իհարկե՝ միևնույն ժամանակ նաև իշխանության ներսում տեղի ունեցող տրանսֆորմացիաների, որը ևս կարող է բերել, այսպես ասած, հայելային բևեռի պատկերի փոփոխության:

Կկարողանա՞ Հայաստանում որևէ ընդդիմադիր ուժ կամ այդպիսի ներուժ պարունակող հանրային որևէ սեգմենտ մուտք գործել այդ խաղ և փոխել կա՛մ կանոնը, կա՛մ խաղացողների կազմը: Սա հարց է, որի պատասխանն ավելի շատ պետք է հետաքրքրի Հայաստանում իրավիճակի փոփոխությամբ շահագրգռված շերտերին, քան այն, թե ով է լինելու վարչապետ 2018-ի ապրիլին:

Spread the love