Սենսացիոն ձերբակալություններ. ՊՆ-ում մատները «լիզել» են մարգարինո՞վ

dzerbakalutyun

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երկու շաբաթ առաջ սենսացիոն ձերբակալություններ են սկսվել ու այժմ էլ շարունակվում են: Սակայն Ազգային անվտանգության ծառայությունն առայժմ պաշտոնապես չի հայտարարում այդ մասին:

«Փաստ»–ի հավաստի տեղեկություններով, հայաստանյան մի կազմակերպություն տարիներ շարունակ արտերկրից մարգարին է ներկրել ու կարագի անվան տակ հազարավոր տոննաներով վաճառել Պաշտպանության նախարարությանը:

ԱԱԾ–ն ուսումնասիրություններ է անցկացրել և պարզել, որ այդ կազմակերպությունը ՊՆ–ին խաբելու միջոցով միլիոնավոր դոլարներ է գրպանել:

Առայժմ ձերբակալված են ՀՀ ԳՆ ՍԱՊԾ Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ–ի մի քանի պատասխանատու աշխատակիցներ:

«Փաստ»–ի տվյալներով, այս լաբորատորիան է կեղծել փաստաթղթերը և մարգարինը կարագի տեղ ներկայացրել: Ասում են, թե այն պատկանում է ՍԱՊԾ մի պաշտոնյայի: Ինքը ներկրել, իր լաբորատորիայով հաստատել է, որ բերած մարգարինը կարագ է:

ՍԱՊԾ–ն, մեր տեղեկություններով, ապրանքը փորձաքննության է ուղարկել արտերկրի երեք կենտրոնների: Երեքի պատասխանն էլ նույնն է՝ ապրանքը մարգարին է, ոչ թե կարագ:

ՊՆ–ի համապատասխան պաշտոնյաները տեղյա՞կ են եղել և մատները «լիզե՞լ» են այդ մարգարինով, թե չէ, դեռ կպարզվի»:

Spread the love