Սերժ Սարգսյանը պատրաստ է ներել նախկին պաշտոնյաներին

- in Հրապարակ
serzh-sargsyan

Սերժ Սարգսյանը նախօրեին «Արմենիա» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում, ըստ էության, շարունակել է փակ պահել ներքաղաքական գլխավոր ինտրիգը՝ 2018 թվականի վարչապետության հարցը:

Ավելին՝ Սերժ Սարգսյանը այս անգամ կարծես թե առավել սակավախոս է եղել այդ թեմայով՝ ըստ էության էլ ավելի մշուշոտելով հարցը: Միևնույն ժամանակ, իհարկե, նա բավականին հստակ է եղել ակնարկում, որ վարչապետի պաշտոնում մնալու և աշխատելու Կարեն Կարապետյանի ցանկությունն ու պատրաստ լինելը դեռևս չեն նշանակում այդպես լինելու, այսինքն՝ այդ պաշտոնում մնալու գրավական:

Սերժ Սարգսյանն, իհարկե, որևէ դժգոհություն չի հայտնել Կարապետյանի վարչապետությունից և նրան համարել է թե՛ իր, թե՛ կուսակցության համար լավ վարչապետ և օգտակար մարդ, սակայն նշել է, որ վարչապետի հարցը կորոշվի, երբ կգա ժամանակը: Այսինքն՝ միայն մնալու Կարապետյանի ցանկությունն ու պատրաստակամությունը ամենևին որոշիչ չեն: Իհարկե, սա ինքնին պարզ էր, սակայն հետաքրքրական է, որ Սարգսյանը գործնականում հայտարարում է այդ մասին: Միևնույն ժամանակ, պահելով այդ ինտրիգը, Սերժ Սարգսյանը գործնականում առաջացրեց նոր ինտրիգ՝ հեռացած պաշտոնյաների մասով:

Այդ կապակցությամբ հարցը, թերևս, ամենևին պատահական չէր ընդգրկվել հարցաթերթիկում, և այստեղ Սերժ Սարգսյանի պատասխանը բավականին խորիմաստ և բազմիմաստ էր: Նա հայտարարեց, թե հարգում է բոլոր նախկին պաշտոնյաներին, որոնք ծառայել են պետությանը, սակայն չի համարում, թե կան անփոխարինելի մարդիկ: Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ ցանկացած հեռացող պաշտոնյայի վերադարձի հարցը, այսպես ասած, անհատական է: Սերժ Սարգսյանը բերել է իր աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի օրինակը՝ ասելով, թե երկար տարիներ պետական համակարգում էր, հետո հեռացավ, սակայն այժմ վերադարձել ու փայլուն աշխատում է, ինչպես բնորոշեց Սարգսյանը:

Այդ բնորոշումն, ի դեպ, ուշագրավ էր, քանի որ տողատակում բավական նուրբ էր ակնարկը կամ իմաստը, որ Գևորգյանը այդքան էլ փայլուն չէր աշխատում և հեռացավ, իսկ հետո վերադարձավ և փայլուն, իմա՝ թերևս խելոք աշխատում է: Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանը, ըստ էության, հայտարարեց, որ պատրաստ է ներել նախկին պաշտոնյաներին, եթե նրանք պատրաստ են վերադառնալ ու խելոք-փայլուն աշխատել: Մնում է միայն հասկանալ, թե հատկապես ո՞ւմ համար է «ղողանջել» հարցը և ո՞ր նախկին պաշտոնյային է ակնարկել Սերժ Սարգսյանը, որ պատրաստ է ներել նրան: Թե՞ ակնարկն ուղղված է ընդհանրապես բոլորին, այսպես ասած՝ մրցույթի կարգով: Բոլոր դեպքերում, սա թերևս միակ, ըստ էության, նորությունն էր Սարգսյանի հարցազրույցում:

Այդ համատեքստում նա հայտարարեց, որ ոչ մի պաշտոն նախատեսված ժամկետից դուրս թափուր չի մնա, և բոլոր, այսպես ասած, տեղերը կլրացվեն ժամանակին: Ո՞ր տեղը կլրացնի նախկին որևէ պաշտոնյա: Սա, անշուշտ, նոր ինտրիգ է, ինչը վկայում է, որ Սերժ Սարգսյանը բավականին բարդացնում է խաղը, ինչն էլ իր հերթին խոսում է այն մասին, որ հանգուցալուծումը ամենայն հավանականությամբ լինելու է այլ, քան ապրիլին նրա բանալ վարչապետությունը: Այս ամենով հանդերձ՝ հարցազրույցի ևս մեկ ուշագրավ, բայց արդեն ոչ բովանդակային դրվագն այն էր, որ Սարգսյանի հարցազրույցի հեռարձակումից մի քանի ժամ առաջ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց Հայաստանում ահաբեկությունների, ապակայունացնող գործողությունների, պետական պաշտոնյաների դեմ ոտնձգությունների նախապատրաստման գործընթաց բացահայտելու մասին, որի համար մեղադրվում է ոմն Ռ.Ք՝ ԱՄՆ-ում բնակվող, ԱՄՆ քաղաքացի, որի տվյալները փոխանցվել են ԱՄՆ իրավապահներին նրան ձերբակալելու համար:

Սարգսյանի հարցազրույցն, իհարկե, բովանդակային առումով որևէ կերպ չշոշափեց այս հանգամանքը, սակայն այդ համատեքստում ուշագրավ էր մի բան՝ որ ի տարբերություն Քննչական կոմիտեում և ոստիկանությունում նրա ունեցած ելույթներին մի քանի ամիս առաջ, այս անգամ Սերժ Սարգսյանն իրավապահների մասին խոսեց ոչ թե դիտողությունների և դժգոհության, այլ բարյացակամության տոնով՝ արձանագրելով, որ նրանք ամեն ինչ անում են իրավիճակը վերահսկելու և խնդիրները լուծելու համար:

Spread the love