Վագոնում քնելու համար մուրացկաններն իրար են «կոտորել» ու սպանել

- in Իրավունք
axqat

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ավարտվել է Արա Սահակյանի գործի դատական քննությունը:

38-ամյա Արա Սահակյանը մեղադրվում էր տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար, որի արդյունքում տուժողը մահացել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով:

Արա Սահակյանը նախկինում դատված էր՝ 2012 թվականին գողության ու կողոպուտների համար նա դատապարտվել է 6 տարի ազատազրկման:

2016 թվականի մարտի 12-ին պայմանական-վաղաժամկետ ազատվել է: Իսկ 2016 թվականի նոյեմբերի 11-ից արգելանքի տակ է վերցվել մահվան ելքով մարմնական ծանր վնասվածք պատճառելու համար:

Ըստ մեղադրանքի՝ կալանավայրից ազատություն դուրս գալով՝ Արա Սահակյանը մշտական բնակության վայր չի ունեցել ու հայտնվել է «հատակում»:

Նա Երևանում՝ Սասունցի Դավթի արձանի մոտ, զբաղվել է մուրացկանությամբ: Չարաշահել է խմիչքը: Ծանոթացել է այդ տարածքում մուրացկանությամբ ու հարբեցողությամբ զբաղվող անձանց, այդ թվում՝ Միհրան Պ.-ի հետ:

2016 թվականի նոյեմբերի 8-ին, ժամը 19-ի սահմաններում Արա Սահակյանը, Միհրան Պ.-ն, Գագիկ Ն.-ն, Մուրադ Հ.-ն «Կայարանի շուկայի» հետնամասում գտնվող վագոն-տնակում խմել են իրար հետ:

Արա Սահակյանը Գագիկից իմացել է, որ Միհրանը տվյալ վագոնում գիշերելու դիմաց տարածքի մուրացկաններից գումար է հավաքում:

Արան զայրացել է, բռունցքով երկու հարված է հասցրել Միհրանի դեմքին:

Սակայն Միհրանը չի ընդունել Արայի մեղադրանքները, ասել է, թե նման բան չի անում:

Արա Սահակյանը հիմա էլ զայրացել է Գագիկի վրա՝ մտածելով, թե նա խաբել է իրեն: Արան սկսել է վիճել Գագիկի հետ: Նախ բռունցքով է խփել նրան, այնուհետև հենց Գագիկից խլած դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել դանակատիրոջ մարմնի տարբեր մասերին:

Գագիկը թուլացել ու ընկել է գետնին: Արան նրան այլևս չի հարվածել, բայց և ընկած Գագիկի վրա ոչ մի ուշադրություն չդարձնելով՝ Միհրանի հետ շարունակել է խմել…

Ըստ դատական ակտի՝ Գագիկ Ն.-ի բուժօգնությունը ժամանակին կազմակերպելու դեպքում նրա կյանքը միգուցե հնարավոր լիներ փրկել, բայց ստացած վնասվածքներից ու առանց բուժօգնության մնալուց Գագիկ Ն.-ն մահացել է:

Դատարանը Արա Սահակյանի վերաբերյալ արձանագրել է հանցագործությունների կատարման վտանգավոր ռեցիդիվ:

Արա Սահակյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով և դատապարտվել է 6 տարի 6 ամիս ազատազրկման:

Այս պատժին մասնակիորեն գումարվել է նախորդ պատժի չկրած 10 ամիս 3 օր ազատազրկումից վեց ամիսը: Արա Սահակյանը վերջին հաշվով դատապարտվել է 7 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2016 թվականի նոյեմբերի 11-ից:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20