Տնտեսությունը միանգամայն գիտակցված հանձնել է Կարեն Կարապետյանին

- in Տնտեսական
Ser Kar

Նախօրեին Սերժ Սարգսյանի հարցազրույցն աչքի ընկավ մի բացակայությամբ, ամենակարևորի բացակայությամբ՝ տնտեսություն, որը այն բոլոր հարցերի հիմքն է, որ շոշափում էր Սերժ Սարգսյանը և իշխանությունն ընդհանրապես՝ թե՛ զարգացման, թե՛ անվտանգության կոնտեքստում:

Իսկ այդ ամենակարևորի մասին, որը ներկայումս գտնվում է, մեղմ ասած, վատ վիճակում, Սարգսյանն ընդամենը հայտարարեց, որ բաց են ԵՏՄ ու ԵՄ շուկաները և պետք է կարողանալ ընդամենը օգտվել՝ ավելի շատ ապրանք արտադրելով, ավելի որակյալ ու մրցունակ ապրանք արտադրելով:

Շատ և որակյալ ու մրցունակ արտադրանքը ինքն իրեն չի արտադրվում, դրա համար պետք են արդյունաբերական ներդրումներ, մինչդեռ Հայաստանում ներդրումային ամենահնչեղ հայտարարությունը, որ եղավ Սերժ Սարգսյանի ներկայությամբ՝ 1 միլիարդ դոլարի ծավալով, վերաբերում էր ոչ թե ավելի շատ ապրանք արտադրելուն, այլ, այսպես ասած, վաճառելուն՝ էլեկտրաէներգիա, հիմնականում Հայաստանի հասարակության վրա: Խոսքը Սամվել Կարապետյանի և Հայաստանի ներդրողների ակումբի հայտարարության մասին էր, ըստ որի՝ առաջիկա տասը տարում մեկ միլիարդ դոլար է ներդրվելու Հայաստանում նոր ՀԷԿ կառուցելու և էլցանցերը արդիականացնելու համար: Դրանք իհարկե հույժ կարևոր ներդրումներ են, սակայն խնդիրը այն է, որ Հայաստանի ամենախոշոր ներդրումային ծրագիրը ըստ էության իր մեջ չի ներառում ապրանք արտադրելու, շատ ապրանք արտադրելու խոշոր ռազմավարություն:

Եվ ընդհանրապես՝ Հայաստանում շատ նոր ծառայություններ ու սպասարկման օբյեկտներ են բացվում, որոնք նույնպես հույժ կարևոր և ուրախացնող են, սակայն կապ չունեն շատ ապրանք արտադրելու հետ: Բացվում են նորանոր մոլեր, տոնավաճառներ, որոնք ապրանք ներկրելու և այստեղ վաճառելու տրամաբանության մեջ են: Եվ ուրեմն այստեղ է կարևորագույն հարցը, որը, սակայն, Սերժ Սարգսյանը շրջանցեց:

Շրջանցեց թերևս այն պատճառով, որ նա տնտեսությունը միանգամայն գիտակցված հանձնել է Կարեն Կարապետյանին՝ այդպիսով հանձնելով նաև տնտեսական վիճակի համար պատասխանատվությունը: Դրա համար է Սարգսյանը Կարապետյանին որակում ոչ թե արդյունավետ վարչապետ, այլ օգտակար: Որովհետև հաջողվել է նրան հանձնել տնտեսությունը, այդպիսով նաև Սամվել Կարապետյանին դնել Կարապետյանի համար ֆինանսական հովանավորի բարոյական պարտավորության կամ պատասխանատվության տակ:

Այդպիսով, տնտեսությունը հանձնելով՝ Սարգսյանը պահել է իշխանությունը: Միաժամանակ, ընդունելով տնտեսությունը, Կարապետյանները չեն ստացել իշխանություն: Ստեղծվել է մի վիճակ, երբ Հայաստանի տնտեսությունը խոշոր հաշվով հայտնվել է «ոսկերչական» այդ դիմակայության պատանդի կարգավիճակում՝ հայտնվելով օդում: Բայց տնտեսությունն օդում լավ է, երբ թռիչքի ռեժիմում է, ոչ թե ազատ անկման: Հայաստանի դեպքում ռեժիմը առայժմ երկրորդն է: Եվ կարծես թե չկա նաև նախադրյալ կամ նախանշան, որ գոնե 2018-ի ապրիլից հետո տնտեսությունը կմնա օդում թռիչքի ռեժիմում, կամ գոնե ամուր կկանգնի գետնին՝ ոտքի վրա: Որովհետև «ոսկերչական դիմակայությունը» 2018 թվականի ապրիլից հետո թերևս դեռ կշարունակվի:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20