Քսանհինգ տարի բեմին. Նշվեց Մարգարիտ Սարգսյանի ստեղծագործական հոբելյանը

- in Մշակույթ
Erazhshtutyun

Նվիրում երաժշտությանը, անչափ աշխատասիրություն և ջանադրություն, կոչմանը նվիրվելու անընճկելի պատրաստակամություն, խստապահանջություն սեփական անձի և իր սաների նկատմամբ, միաժամանակ հոգատարություն և պատասխանատվության սուր զգացում…

Մարգարիտ Սարգսյանի այս հատկանիշների, բնավորության անգնահատելի գծերի, գործընկերների ու սաների նկատմամբ դրական վերաբերմունքի, ստեղծագործող մարդու շնորհների մասին խոսեցին երգիչ-երգչուհիներ, երաժիշտներ, կոմպոզիտորներ: Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի կոնցերտմայստերական պատրաստման ամբիոնի պրոֆեսոր Մարգարիտ Սարգսյանի ստեղծագործական հոբելյանն էր: Առնո Բաբաջանյանի անվ. համերգասրահում հավաքվել էին բոլոր նրանք, ովքեր տարիներ շարունակ առնչվել էին իրեն՝ որպես գործընկերներ և սաներ, դահլիճում էին իր երաժշտական մշակումները գնահատողները… Համերգային կատարումների ընդմիջումներին խոսում էին ոչ միայն ներկաները, այլ նաև տեսաուղերձներով ողջույնի խոսք էին հղում նրանք, որոնք կյանքի հանգամանքների բերումով այժմ ապրում և ստեղծագործում են այլ երկրներում՝ իրենց արվեստով զարդարելով աշխարհի շատ բեմեր: Նրանց բոլորի ուսանելու տարիներին իր նվագով ուղեկցել է եղել Մարգարիտ Սարգսյանը, որ կոնցերտմայստերի իր պարտականությունները կատարել է սրտացավությամբ, հետևելով երգիչ-երգչուհիների ամեն մի շնչին, օգնելով նրանց, հաղորդելով այն ամենը, ինչը ժամանակին ինքն է քաղել իր ուսուցիչներից:

Մարգարիտ Սարգսյանն ավարտել է Չայկովսկու անվ. մասնագիտական դպրոցը, ապա Երևանի պետական կոնսերվատորիան, եղել անվանի Ադա Հակոբյանի սանը, ապա երկու տարի իր արվեստը կատարելագործել եվրոպական «Մոցարտ» ակադեմիայում: Երաժշտագետ Ն. Ոսկանյանը համերգի ընթացքում ներկայացրեց Մ. Սարգսյանին՝ որպես երաժշտի և որպես անհատի: Համերգը, նրա գնահատմամբ, յուրատիպ ստեղծագործական հաշվետվություն էր, իսկ դաշնակահարուհու ստեղծագործությունը՝ մեր վոկալ արվեստի տարեգրության էջերից մեկը: Հայ վոկալ կատարողական արվեստի դեմքերից շատերը տարբեր ժամանակահատվածներում առնչվել են իրեն: Ահա նրանցից ոմանք՝ բեմից կամ հեռվից հղված ուղերձներով հակիրճ, բայց խոսուն բնութագրումներ տվեցին նրա մարդկային և մասնագիտական դրսևորումներին: Խոսվեց նրա լի համերգային գործունեության, իր ներկա և նախկին սաների, երգիչ-երգչուհիների տարբեր խմբերի հետ զանազան հաջողված ծրագրերի մասին: Առանձնակի շեշտվեց հանրապետության վաստակավոր արտիստ Վալերի Հարությունյանի հետ աշխատանքային երկարամյա համագործակցությունը:

Զգայացունց էին ցուցադրված կադրերը, որոնցում Մարգարիտ Սարգսյանի նվագակցությամբ երգում էր Վալերի Հարությունյանը: Հնչեց ՀՀ ժող, արտիստ Յուրի Դավթյանի շնորհավորական խոսքը, բարձրաձայնվեցին Ամերիկայից պրոֆեսոր Լարիսա Մկրտչյանի, Ֆրանկֆուրտի օպերային թատրոնից Գուրգեն Բավեյանի, Շոտլանդիայից Արշակ Կուզիկյանի, Իտալիայից Ռուզան Մանթաշյանի, կոմպոզիտոր Վլ.Բալյանի, այլոց հղած ուղերձները: Հայաստանի երգչախմբային ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը հոբելյարին ստեղծագործական բեղուն աշխատանքի համար պատվոգիր մատուցեց: Հիշատակվեցին թե՛ Մ. Սարգսյանի կազմակերպած թեմատիկ համերգային երեկոները, թե՛ իր վոկալիզների շարքը, թե հրապարակման կարիք ունեցող մյուս աշխատանքները, որոնց թվում են Ն. Գալանտերյանի ստեղծագործությունների մշակումները: Համերգային մի շարք համարներ հենց այդ մշակումների կատարումներն էին:

Գալանտերյանական արվեստը նոր փայլով ներկայացնող մշակումները կատարեցին Անդրանիկ Մալխասյանը, Դիանա Հարությունյանը: Մի քանի տասնյակ նման մշակումներ վերջին մեկուկես-երկու տարվա ընթացքւմ համերգներով ներկայացվել են հայ հանդիսականին: Եվս մի նոր մշակում՝ Վ. Տերյանի խոսքերով Նիկոլ Գալանտերյանի «Ոչ տրտունջ, որ մրմունջ» ռոմանսը կատարեց Դիանա Հարությունյանը: Նույն հեղինակի մի այլ ստեղծագործություն՝ «Խենթ տղան», երգեց Անդրանիկ Մալխասյանը: Երկուսի զուգերգով հնչեց նաև գալանտերյանական «Մոռացել ես» երգը՝ բոլորը՝ Մ. Սարգսյանի նվագակցությամբ:

Հանդես եկողների բոլոր կատարումներն ընծայվեցին հոբելյարին: Նման ընծաներ էին Լիլիթ Գրիգորյանի, Լիանա Վարդանյանի, Նարինե Անանիկյանի, Արծվիկ Դեմուրճյանի, Սերգեյ Սարգսյանի, Արթուր Աղաջանովի և Արմեն Աղաջանյանի, Ռոզա Հովսեփյանի, այլոց ելույթները: Ծրագիրը բազմազան էր՝ դրամատիկ գործերից մինչև հումորային: Լայն էր նաև հեղինակների ընտրությունը՝ Ռ. Շչեդրին, Ջ. Ռոսինի, Սերրանո, Ն. Ռիմսկի-Կորսակով, Չապի, Ս. Ռախմանինով, Ա. Բաբաջանյան, Օֆենբախ, այլք:

Հոբելյանական համերգի «բարձրակետերից» էր Մարգարիտ Սարգսյանի հեղինակած ռոմանսի պրեմիերան: «Իքեբանա» վերտառությամբ ռոմանսը գրված է Հասմիկ Սարգսյանի խոսքերով՝ սիրո և սպասման նուրբ հունչով:

«Երբ գաս,
Ես կթաքցնեմ աչքերիս հոգնությունը,
Կհարթեմ կնճիռներս արժանավայել ժպիտով,
Ցավն արհամարհելովկուղղեմ մեջքս,
Ատամներս փայլ կառնեն

Մանրիկ մարգարտաշար:

Երբ գաս,
Արևը կծնվի գլխիվայր,
Օրերը կկորցնեն իրենց հաշիվը,
Մատներս կսառչեն սրտիս տաքությունից,
Եվ ես կմոռանամ իմ կորուստների մասին:

Երբ գաս,
Ճահճացած ջրերը կզուլալվեն,
Եվ նրանից կհոսեն գետեր հուզումնալից,
Դաշտերից տուն բերած փշերը կծաղկեն,
Սենյակս կհիշեցնի ծանոթ իքեբանա…»:
Ռոմանսն ավարտվում է բարդ վոկալիզով, ինչը վարպետորեն կատարեց Նարինե Անանիկյանը:

Համերգի ավարտին հանդիսականը նախասրահում ակնդրեց Մ. Սարգսյանի արած գունանկարները՝ աբստրակտ գործեր, որ ասես համերգասրահում հնչած երաժշտության արձագանքները լինեին՝ թարգմանված պատկերների լեզվով:

Հասմիկ Սարգսյան

Фото Хасы Саргсян.Фото Хасы Саргсян.Фото Хасы Саргсян.Фото Хасы Саргсян.Фото Хасы Саргсян.Фото Хасы Саргсян.Фото Хасы Саргсян.Фото Хасы Саргсян.Фото Хасы Саргсян.Фото Хасы Саргсян.Фото Хасы Саргсян.

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20