Ֆորս-մաժորները բացառում եմ. ՀՀԿ-ում արդեն որոշել են, թե ով է լինելու վարչապետ

- in Կարծիք
Garnik Isagulyan

Արցախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Գառնիկ Իսագուլյանի կարծիքով՝ 2018-ի վարչապետի որոշման հետ կապված անորոշություն չկա. «Փաստն այն է, որ 2017-ի խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցությունը հաղթել է՝ ընդ որում ձայների այնպիսի հարաբերակցությամբ, որ եթե որևէ մեկը կոալիցիա չկազմի՝ միանձնյա ցանկացած հարց կարող է որոշել։

Այդ առումով ՀՀԿ-ն ինքը պետք է որոշի՝ 2018-ին ով ինչ պաշտոն կզբաղեցնի։ Ես չեմ էլ կարծում, որ Հանրապետական կուսակցությունն այդ ամենը չգիտի, բայց ժամանակից շուտ հրապարակայնացնելը տեղին չեն համարում»,- ասաց մեր զրուցակիցը։

Գառնիկ Իսագուլյանը հավելում է՝ ինքն այդ հարցի շուրջ իր պատկերացումներն ունի, բայց և համարում է, որ դրանք առայժմ հրապարակելու ժամանակը չէ. «Զինվենք համբերությամբ, ոչ մի արտառոց բան չի լինելու։ Ֆորս-մաժորները ես բացառում եմ։ Սերժ Սարգսյանը ճիշտ է վարվում, եթե այսօր ինչ-որ բան հայտարարի՝ աղմուկ կլինի, իբրև թե միայնակ է որոշում, կուսակցությունը ձևական է։ Սա կոլեկտիվ որոշելիք խնդիր է, դեպքերի զարգացմանը զուգահեռ նաև այդ խնդիրն են լուծում։ Նրանք արդեն այսօր ունեն այդ պատկերացումը, բայց վաղաժամ են համարում հրապարակելը։ Այն, որ այսօրվա իրավիճակը թելադրում է, որ Սերժ Սարգսյանը դեռևս բավականին լուրջ անելիք ունի՝ փաստ է։ Ես գտնում եմ, որ նա անպայման պետք է ունենա որոշակի կարգավիճակ, որ արցախյան հիմնախնդրի, արտաքին այլ խնդիրների, ուժային կառույցների հետ կապված վճռական խոսքի իրավունք ունենա»։

Այսինքն՝ լինի վարչապե՞տ, հարցին ի պատասխան՝ Իսագուլյանն արձագանքեց. «Իմ տրամաբանությամբ՝ այս պահին ճիշտը դա է։ Երբ ծանրութեթև ես անում տարբեր քաղաքական ուժերի փորձառությունը՝ հանգում ես այդ եզրակացության»։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20