1987-1990 թթ. Արթիկի գաղութում 5 հոգու թունավորել են սնդիկով թունավորած «տուլիկով»

- in Իրավունք
Bant

1987 թվականի գարնան վերջին օրը Ալավերդիում ապրող մի ընտանիքում «աչքալուսանքի» համեստ խնջույք էր կազմակերպվել՝ 4-րդ դատվածությունից հետո պատիժը կրել և ընտանիք էր վերադարձել ընտանիքի հայրը՝ Համբարձում Մ.-ն՝ Համբոն:

Խնջույքին, բացի մի քանի բարեկամ-ազգականներից, հիմնականում ներկայացել էին Համբոյի շրջապատը կազմող տղերքը՝ ոչ այնքան Համբոյի նկատմամբ հարգանք տածելուց դրդված, որքան՝ նրան նորից իրենց շարքերում տեսնելու, ինչպես նաև ախպերներով մի կտոր հաց ուտելու բավականությունը վայելելու համար:

Խնջույքի թեժ պահին, երբ բարեկամներն ու ընտանիքի անդամները մի կողմ էին քաշվել՝ քեֆի ասպարեզը հանձնելով Համբարձումի շրջապատին, վիճաբանություն առաջացավ կատարները տաքացրած երկու «ախպերների» միջև: Նախահարձակը տաքգլխի համբավ ունեցող Ռազմիկն էր՝ Ռազը:

Համբարձումը, տանտիրոջ և գաղութից նոր ազատվածի իրավունքով փորձեց հարթել միջադեպն ու հանգստացնել ոգևորված Ռազին: Նա հանդիմանեց իր «ազիզ օրը հարամ անելու» փորձի համար:

Բայց Ռազմիկը բոլորովին էլ չէր երկնչում «չորս սրոկ ատբիտ արած» Համբոյից: Նա իր անձին ուղղված հանդիմանությունը խոր վիրավորանք համարեց և ավելի բուռն ոգևորությամբ հարձակվեց Համբոյի վրա՝ սեղանից ճանկելով օղու շիշը, այն ջարդելով սեղանի եզրին ու փորձելով հարվածել տանտիրոջ գլխին:

Ներկաները, որ նման տեսարանների սովոր էին, կարողացան հետ պահել Ռազմիկին, կանխել արյունահեղությունը և Ռազմիկին դուրս բերեցին խնջույքի տանից:

Երկու ամիս հետո Համբարձումը պատահաբար ռեստորանում հանդիպեց ընկերների հետ քեֆ անող Ռազմիկին: Վերջինս Համբարձումին տեսնելով՝ անմիջապես հիշեց «աչքալուսանքի քեֆը», սեղանից նորից օղու շիշ ճանկեց ու փորձեց հարվածել Համբարձումին: Այդ հարվածը ևս կանխվեց շրջապատի տղաների կողմից:

Համբարձումի աչքը վախեցավ: Իսկ երբ Ռուսաստանում գտնվող ընկերներից մեկը նրան Ռուսաստանում լավ գործ խոստացավ, Համբարձումը անմիջապես համաձայնեց՝ և՛ անփող էր նստած, և՛ Ռազմիկի երեսը տեսնելուց խուսափում էր:

Ռուսաստանում Համբարձումը Ռազմիկի վարքագիծը չմոռացավ՝ ո՞նց թե իր օջախում ձեռք բարձրացնի իր վրա: Անընդհատ մտմտում էր նրանից վրեժ լուծելու եղանակներ՝ այնպես, որ ինքը մնա չբացահայտված, Ռազմիկի պատճառով նորից գաղութ չընկնի:

Մեկ տարի անց Համբարձումը Ռուսաստանում իմացավ, որ Ռազմիկը խուլիգանության ու մարմնական վնասվածք պատճառելու համար բռնվել ու դատապարտվել է:

Համբարձումը անմիջապես հավաքեց ճամպրուկն ու ճանապարհվեց Հայաստան՝ վրեժ լուծելու պահը հասունացած համարելով:

Ռուսաստանում նա ձեռք էր բերել սնդիկի քլորիդ: Որոշակի մտքեր էր հղացել՝ վրեժը «անհետք» լուծելու համար:

Համբարձումի համար դժվար չէր իմանալ, որ Ռազմիկը պատիժը կրում է Արթիկի ուղղիչ-աշխատանքային գաղութում: Համբարձումն աշխատանքի տեղավորվեց քարհանքում:

Ըստ Համբարձումի վրիժառության ծրագրի՝ պետք է Ռազմիկի համար «տուլիկ» ուղարկեր՝ մեջը՝ մի շիշ օղի: Օղու մեջ սնդիկի քլորիդ էր լինելու, որն էլ «լուծելու էր» Ռազմիկի հարցերը: Մինչ այդ ծրագիրն իրականացնելը Համբարձումը տեսակցության գնաց Ռազմիկին, առաջարկեց հաշտվել: Ռազմիկն ընդունեց հաշտության առաջարկը:

Երկու անգամ Համբարձումը փորձեց Արթիկի գաղութ ուղարկել իր «տուլիկը»՝ թունավոր օղիով: Բայց ամեն անգամ օղին հայտնաբերվում էր գաղութի աշխատողների կողմից ու, բարեբախտաբար, տեղում թափվում էր:

Համբարձումը նոր թունավոր շիշ նախապատրաստեց՝ օղու մեջ գցեց սնդիկի քլորիդը, խորոված պատվիրեց ու մահացու «պայոկը» վերցրած՝ գնաց քարհանք, որտեղ աշխատում էին դատապարտյալները:

1989 թվականի հունիսի 22-ն էր: Համբարձումը հաջողացրեց հեռվից տեսնել Ռազմիկին, ձեռքով-ոտքով խոսել հետը:

Համբարձումը ցույց տվեց ձեռքի կապոցը, հասկացրեց, որ նրա համար է բերել, ապա կապոցը թաքցրեց քարհանքի քարերից մեկի տակ ու հեռացավ:

Հաջորդ առավոտյան, երբ դատապարտյալներին նորից տարան քարհանք, Ռազմիկը հարմար պահ գտավ, քարի տակից վերցրեց «տուլիկը»: Այն վայելելու նստեցին հինգ դատապարտյալով: Մի-մի բաժակ օղին խմելուն պես հինգն էլ կորցրին գիտակցությունը…

Նրանց կյանքը հաջողվեց փրկել՝ նրանց շուտ հայտնաբերեցին ու անմիջապես բժշկական օգնություն ցուցաբերեցին: Օղու շշում մնացած հեղուկի մեջ ի հայտ բերվեց սնդիկ…

Համբարձումին հեշտությամբ բացահայտեցին ու ձերբակալեցին: Նա հրաժարվեց Ռազմիկի հետ առերես հարցաքննությունից, իսկ դատարանում Ռազմիկը այնպիսի հայացքով շամփրեց Համբարձումին, որ վերջինս հասկացավ՝ իր կյանքին կարող է վտանգ սպառնալ, եթե հայտնվի Ռազմիկ կողքին…

Համբարձում Մ.-ն մի բան խնդրեց՝ իրեն նույն գաղութ չտանել, որտեղ գտնվում էին Ռազմիկն ու գործով մյուս չորս տուժողները…

1990 թվականի փետրվարի 2-ին ՀԽՍՀ գերագույն դատարանի քրեական գործերով կոլեգիան Համբարձում Մ.-ին դատապարտեց 13 տարի ազատազրկման: Դա Համբարձումի 5-րդ դատվածությունն էր:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20