Ադրբեջանն, ի հեճուկս միջազգային հորդորների, շարունակելո՞ւ է իր մարտավարությունը

- in Հրապարակ
paterazm

Հունվարի 7-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը:

Անցած տարվա ընթացքում, չնայած հնչած հնչած մտավախություններին, 2016-ի սցենարը չկրկնվեց. հայ-ադրբեջանական պատերազմ չեղավ, ավելինԱնկարայի ու Բաքվի ջանքերը ռեստավրացնել ռուս-ադրբեջանա-թուրքական սեպարատ համաձայնությունները հաջողությամբ չպսակվեցին: Անցած տարվա ընթացքում Ռուսաստանը հրապարակային քաղաքականության մակարդակում իր հավատարմությունը հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին, ինչը հատկապես շեշտվեց տարեվերջին, երբ տարածաշրջան էր այցելել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` թեև Մոսկվան շարունակում էր սպառազինել Ադրբեջանին: Տարեվերջին Բաքու էր ժամանել Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը և փորձագիտական մակարդակում կարծիք հնչեց, որ այցի ընթացքում թարմացվել է ռուս-ադրբեջանական ռազմա-տեխնիկական համագործակցությունը:

Այնուամենայնիվ, Բաքուն Մոսկվայից նոր պատերազմի սանձազերծման քարտ-բլանշ չստացավ: Տարածաշրջանային անվտանգության կարևոր բաղադրիչ դարձավ նաև Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրըԼՂ խնդրին վերաբերող բալանսավորված ձևակերպումներով: Պատերազմի վերսկսման «թուղթ» Բաքուն չստացավ անգամ Անկարայից, որովհետև, երբ Էրդողանը հրապարակայնացնում էր ռուս-թուրքական առաջարկները Պուտինի կողմից, ըստ էության, մերժելու մասին, անուղղակիորեն հասկացնում էր, որ Թուրքիան միայնակ ռեսուրսներ չունի Բաքվի օրակարգին աջակցելու համար: Այս համատեքստում Ադրբեջանին այլ բան չէր մնում, քան հոգեմաշ պատերազմի մարտավարության որդեգրումը, ինչը նպատակ ունի Հայաստանի հասարակության մեջ ծնել հուսալքության և խուճապի տրամադրություններ: Նոր տարում Ադրբեջանը շարունակելու է նույն քաղաքականությունը, որին հակազդելու դեղատոմս Հայաստանն առայժմ չի գտել:

Հոգեմաշ պատերազմը, առաջնագծից պարբերաբար ստացվող լուրերը զոհերի մասին հասարակության վրա ավելի ճնշող ազդեցություն են գործում, քան` նույնիսկ պատերազմը: 2018-ին Հայաստանում և Ադրբեջանում իշխանության տրանսֆորմացիայի գործընթացներ են, ինչը քիչ հավանական է դարձնում պատերազմի վերսկսումը: Սակայն երեկվա սահմանային միջադեպը հուշում է, որ Ադրբեջանը, ի հեճուկս միջազգային հորդորների, շարունակելու է իր մարտավարությունը: Հայաստանի դիվանագիտությունը կանգնած է ոչ ստանդարտ լուծումներ գտնելու հրամայականի առջև:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20