ԱՊՊԱ-ի գործակալները փակել են Բագրատաշենի մաքսակետ տանող ճանապարհը

ԱՊՊԱ-ի գործակալները փակել են Բագրատաշենի մաքսակետ տանող ճանապարհը և բողոքում են ապահովագրական գործակալությունների համար այդ մաքսատանը ստեղծված անհավասար պայմաններից: 

Նրանք դժգոհում են, որ «Թոփ-Սփին» ընկերությունը մաքսատան տարածքում աշխատելու իրավունք է ստացել, և ապահովագրություն իրականացնելու ամբողջ հնարավորությունը հենց այդ ընկերությանն է ընձեռվել, իսկ իրենք մղվել են հեռու: ԱՊՊԱ գործակալությունների մի քանի տասնյակ աշխատակիցներ բողոքում են, որ սահմանամերձ գոտում ապրելով՝ իրենք կորցնում են շատ կարևոր աշխատանք և ստիպված են լինելու արտագաղթել: Նրանք բողոքի ակցիան սկսել են նախօրեին:

«Ելք» դաշինքը նախօրեին հանդես էր եկել հայտարարությամբ՝ կազմակերպվում է երթ թանկացումերի և հարկային բեռի ավելացման դեմ, երթը տեղի է ունենալու Երևանի կենտրոնում: Երևանում երթ էին անցկացնում աջ ղեկով մեքենաների վարորդները: Նրանց բարձրացրած հարցերի մի մասը կարծես թե լուծվել է, թեև նրանք խոստանում են քննարկել իրավիճակն ու շարունակել բողոքը: Առաջիկայում հնարավոր են Հայաստանում սոցիալական բողոքի այլ դրսևորումներ: Ի՞նչ արդյունքի կբերեն դրանք, կհանգեցնե՞ն արդյոք քաղաքական ֆորս-մաժորի, թե՞ իշխանությունը լիովին պատրաստ է դրանց և անգամ պատրաստ է օգտագործել բողոքի այդ դրսևորումները թե՛ հանրության, թե՛ իր իսկ ներսում հարաբերություններում առկա ինտրիգային մի շարք խնդիրներ լուծելու համար:

Բանն այն է, որ առաջին հայացքից պարզ սոցիալական դժգոհության, բողոքի այս նախադրյալները ըստ էության հանգում են Հայաստանի հանրային բարդ և բազմաշերտ օրգանիզմին, դրա կառուցվածքին: Բանն այն է, որ, որպես կանոն, այս կամ այն սոցիալական բողոքը բարձրաձայնող շերտի տակ անպայմանորեն առկա է ավելի խոշոր մի շահատեր՝ լինի դա տնտեսական, թե քաղաքական, այդ թվում՝ իշխանական: Առաջին հայացքից թվում է, որ մարդկանց ոտքի է հանել սոցիալական խնդիրը: Բայց ավելի խորը դիտարկելուց հետո պարզվում է, որ մարդկանց իր առավել լայն տնտեսաքաղաքական խնդիրների համար հմտորեն ոտքի է հանել այս կամ այն պաշտոնյան կամ օլիգարխը: Տվյալ սուբյեկտը լուծում է իշխանության հետ իր հարցերը, և բողոքը փլուզվում է:

Մյուս կողմից՝ քաղաքացիներն էլ տարատեսակ թելերով կապված են տվյալ սուբյեկտին և բողոքի, այսպես ասած, «նիսյա» արդյունքի պատճառով չեն ուզում փչացնել տվյալ օլիգարխի կամ իշխանական սուբյեկտի հետ իրենց «նաղդ» հարաբերությունը, և համարելով, որ գոնե օգնել են մեկին, որից իրենք հետո կարող են ինչ-որ բան ակնկալել, համակերպվում են նահանջին:

Հայաստանում սոցիալական բողոքների գործնականում ճնշող մեծամասնությունն ունի հենց այդ կառուցվածքն ու տրամաբանությունը, ինչի պատճառն անշուշտ այն է, որ Հայաստանում չկա ձևակերպված համընդհանուր մի տեսլական կամ սոցիալական իդեա, որը կձևավորի բողոքի, դժգոհության շարժառիթային բոլորովին այլ հենք և ըստ այդմ՝ մասնակցային այլ տրամաբանություն ու փիլիսոփայություն: Ըստ այդմ, երբ Հայաստանում խոսք է գնում սոցիալական ընդվզման հնարավորության և հեռանկարի, հավանականության մասին, առաջնային խնդիրը ամենևին այն չէ, որ հասարակությունը հիասթափված է, ապատիայի մեջ, դուրս չի գալիս փողոց և այլն: Առաջնային խնդիրն այն է, որ հասարակություն, որպես այդպիսին, չկա, որովհետև հասարակությունը մարդկանց քանակը չէ, այլ գաղափարի, տեսլականի որակը և ըստ այդմ՝ շարժառիթային հենքի ամրությունը:

Ահա այդ իրողությունն է պատճառը, որ սոցիալական ընդվզման հարցը Հայաստանում գործնականում միշտ օդում է, բայց երբեք չի կանգնում գետնին:

Spread the love