Ավանում մայր և որդի ծեր սփյուռքահային սպանել ու թալանել են․ մայրը սեքսով է զբաղվել, որդին՝ սպանել ու թալանել

- in Իրավունք
brnutyun

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ շարունակվեց մայր ու որդի Սրբուհի և Արշակ Ժ.-երի գործով դատական նիստը:

Նրանք մեղադրվում են ծանր հանցագործությունների՝ դիտավորյալ սպանության և ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով:

Ըստ մեղադրանքի՝ Սրբուհին որդու՝ Արշակի հետ պայմանավորվել է գողություն կատարել իրենց ծանոթ սփյուռքահայ Բարկիֆի բնակարանից:

Միաժամանակ մայր ու որդի, ըստ մեղադրանքի, նախատեսել են, որ տանտիրոջ կողմից նկատվելու դեպքում գույքի հափշտակություն կկատարեն ավազակային հարձակմամբ: Մայր ու որդի նախնական համաձայնությամբ կատարել են դերաբաշխում:

2016 թվականի փետրվարի 20-ին, ժամը 00.30-ի սահմաններում Սրբուհին ու Արշակը գնացել են Ավան-Առինջ թաղամասում բնակվող Բարկիֆ Յ.-ի բնակարան:

Այնտեղ մայր ու որդի ընթրել են, ալկոհոլ են օգտագործել:

Ըստ մեղադրանքի՝ Սրբուհին տանտիրոջ հետ փոխադարձ համաձայնությամբ սեքսուալ գործողություններ է կատարել, ինչից հետո տանտերը մտել է լոգարան:

Արշակը գնացել է նրա հետևից, հարվածել է ծոծրակին ու պարանոցից բռնած՝ տարել է զուգարան, որտեղ երեք անգամ ուժգին հարվածել է նրա գլխին:

Այդ ընթացքում Սրբուհին բնակարանից հափշտակել է տարբեր իրեր:

Արշակը վնասվածքներ ստացած տարեց տղամարդուն անօգնական վիճակում թողել է զուգարանում, անջատել է լույսը, հյուրասենյակից հափշտակել է մազ կտրելու էլեկտրական ածելին ու հեռացել է:

Բարկիֆ Յ.-ն ստացած վնասվածքներից նույն օրը հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է:

Նրան հայտնաբերել է որդին՝ Հարությունը, ով դեպքի օրվա առավոտյան գնացել է հոր տուն՝ հորը բարի լույս ասելու:

Հայրը սովորականի պես սենյակում չէր: Հարությունին կասկածելի բաներ են երևացել՝ սենյակի լույսը վառվում էր. «Հայրս էկոնոմիկ մարդ էր, լույսը վառ չէր թողնի… Հետո տեսա՝ բոթասները կան, ասի՝ ուրեմն տանն է, զուգարանը նայեմ… Տեսա տեսարանը, գոռացի… Սկզբում կարծեցի՝ հայրս անհանգիստ եղած է, ապարատը բերեցի, ճնշումը չափեցի…»:

Հարևանի հետ շտապօգնություն են կանչել: Հարությունը ցանկացել է հոր բժշկական թղթերը հանել պահարանից, որ բժիշկներն իմանան՝ ինչ հիվանդություններ ունի: Բայց պահարանին մոտենալով՝ նա հասկացել է, որ վատ բան է կատարվել: «Հիմար պահարան մըն էր… Հայրս հոն իր փաստաթղթերն էր պահում, դռան վրա կողպեք դրած էր… Մարդիկ կարող էին կարծել, թե պահարանի մեջ փող կա, բայց փող չկար, միայն թղթեր էին… Ես տեսա, որ պահարանի դռները բաց են, կողպեքը չկա… Հայրիկի ջինսն ընկած էր գետնին, բայց ինքը մաքրասեր մարդ էր, ինքն իր ջինսը երբեք հատակին չէր գցի… Ինչ-որ մեկը ջինսը թափ էր տվել, գետնին մանր դրամ էր թափված, անձեռոցիկ… Հայրս նման բան չէր անի, շատ մաքրասեր էր… Անմիջապես մտածեցի՝ ո՞ւր է պապայի մոբայլը: Ինքը մոբայլով զանգել չէր կարողանում, դրա պատճառով քաղաքային հեռախոս էի քաշել: Տեսա՝ հեռախոսի լարը պոկված, ընկած է կրավաթի վրա, ասի՝ սխալ բան կա… Զուգարանում կոտրված բաժակ կար, հայրս բաժակ չէր տանի զուգարան, կամ՝ ինչո՞ւ էր նստել զուգարանի կափարիչի վրա, կափարիչն էլ նրա ծանրությունից ջարդվել էր… Ես գնացի հայրիկիս մոբայլի զանգերի ցուցակը հանեցի՝ համարը իմ անունով էր: Անծանոթ համար տեսա՝ զանգել էին հայրիկին: Ես չգիտեի՝ ով է: Հայրս ծանոթ բիձեք ուներ, բայց որևէ կնոջ մասին բան չգիտեի, հայրս չի ասել… Զանգերի ցուցակը տվեցի քննիչներին… Շուտ բացահայտեցին… Ես չորս ամիս չէի կարողանում այդ բնակարանը մտնել… »:

Տուժողի իրավահաջորդը դատական նիստերին չի գալիս՝ ասել է, թե իրեն վատ է զգում, հորն էլ վերադարձնել չի կարող…

Դատարանը ամբաստանյալների հարցաքննության փուլում է:

Առաջինը պետք է հարցաքննվեր Արշակը: Բայց նա դահլիճում լրագրողների տեսնելով՝ կտրականապես հրաժարվեց ցուցմունք տալ լրագրողների ներկայությամբ:

Պատճառաբանեց. «Գրում, գցում են «Ֆեյսբուքները»… Բոլորը կարդում են… Ես չեմ ուզում, որ իմ գործի մասին գրվի… Ես ամաչում եմ գաղութում ման գալուց՝ բոլորը իմ գործից են խոսում… Եթե լրագրողները մնան, ես ցուցմունք չեմ տա…»:

Նախագահողը պարզաբանեց, որ դատարանի հետ պայմաններով խոսել չի կարելի: Բացի այդ՝ դատարանը չի կարող լրագրողներին դահլիճից դուրս հրավիրել՝ դռնբաց դատական նիստի ժամանակ: Լրագրողների ներկայությունը չի թույլատրվի միայն դռնփակ նիստին: Տվյալ գործով դատական քննությունը կատարվում է դռնբաց պայմաններում, կողմերից ոչ մեկը չի միջնորդել գործը դռնփակ քննելու վերաբերյալ: Իսկ լրագրողների ներկայությունը ապահովում է հանրային վերահսկողությունը դատարանի գործունեության նկատմամբ…

Նախագահողը նույնիսկ լրագրողներին ձայն տվեց՝ լսելու համար նրանց առաջարկությունը: Մասնավորապես՝ լրագրողների կողմից առաջարկվեց ամբաստանյալի անունը փոխված ներկայացնել հրապարկվելիք նյութերում…

Մեղադրողի կարծիքով՝ դռնբաց դատական նիստին լրագրողների ներկայությունը և լրատվամիջոցներով դատական նիստը լուսաբանելը նպաստում են, որ հանրությունն իրազեկվի կատարված ծանր հանցագործության վերաբերյալ քննվող գործի, սահմանվող պատժի մասին:

Սակայն ամբաստանյալը մնաց անդրդվելի՝ շարունակելով պնդել, թե լրագրողների ներկայությամբ ցուցմունք չի տա՝ ու վերջ:

Նախագահողը ստեղծված իրավիճակում որոշեց՝ հաշվի առնելով գործի քննության շահը, ինչպես նաև այն, որ արծարծվում են նաև ամբաստանյալի անձնական կյանքին առնչվող հարցեր, տվյալ ամբաստանյալի հարցաքննությունն անցկացնել դռնփակ պայմաններում:

Ամբաստանյալը ցուցմունք տվեց փակ դռների հետևում:

Քանի որ հակասություններ են առաջացել նրա նախաքննական ու դատաքննական ցուցմունքների միջև, հաջորդ դատական նիստին կհրապարակվեն նաև Արշակ Ժ.-ի նախաքննական ցուցմունքները:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20