Արմեն Սարգսյանը` ՀՀ նախագա՞հ

- in Կարծիք

ՀՀԿ վերնախավի ներկայացուցիչները պնդում են, որ նախագահի հավանական թեկնածուների այն անուները, որոնք այս պահին գտնվում են շրջանառության մեջ իրական չեն, իսկ այն մարդը, ով իսկապես կարող է Սերժ Սարգսյանի և ՀՀԿ վերնախավի կողմից առաջադրվել նախագահի թեկնածու, անակընկալ է լինելու հանրության համար:

Ըստ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրի՝ այդպիսին կարող է լինել Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը:

Մինչև վերջերս իշխանության ներկայացուցիչները, այն մարդիկ ովքեր ինչ-որ շփումներ ունեին նախագահ Սերժ Սարգսյանի հետ, վստահաբար պնդում էին, որ նախագահի նրա թեկնածուն ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանն է: Հիմա նույն մարդիկ, նույն վստահությամբ պնդում են, որ նրա թեկնածությունը դուրս է եկել օրակարգից: Դրա համար նշվում է երկու պատճառ. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և անձամբ Էդուարդ Նալբանդյանի ցանկությունը: ՌԴ արտգործնախարարը չի ցանկանում փոխել հայաստանյան իր պաշտոնակցին: Դա ակնհայտ երևաց դեռևս 2016թ. օգոստոսի 26-ին, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նալբանդյանին պարգևատրեց Բարեկամության մեդալով:

Այդ պարգևատրումից ընդամենը երկու շաբաթ հետո Հայաստանում կառավարություն փոխվեց, և քանի որ Կրեմլում Հայաստանի կառավարությունների հրաժարականների ու նոր կառավարությունների ձևավորման մասին տեղյակ են լինում մինչև բուն փաստի հրապարակայնացումը, Պուտինն այդ մեդալով իր աջակցությունը հայտնեց Էդուարդ Նալբանդյանին, որի մասին դեռ այն ժամանակ էին ասում, որ կարող է լքել ԱԳ նախարարի պաշտոնը: Մամուլը գրում էր, որ նրան այդ պաշտոնում կարող է փոխարինել նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ով ընդգրկվեց նոր կառավարության կազմում, բայց փոխարինեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին։ Նախագահ Սերժ Սարգսյանը չցանկացավ դեմ գնալ հայ-ռուսական բարեկամությանը, որի ֆիզիկական նոմինալը Էդուրադ Նալբանդյանին հանձնված մեդալն էր: Հիմա էլ են գրում, որ ՊՆ նախարար Սարգսյանը կարող է փոխարինել ԱԳ նախարար Նալբանդյանին, բայց, կարծես, այս դեպքում էլ Լավրովը կկարողանա աջակցել իր պաշտոնակցին:

Նալբանդյանը ևս առանձնապես ցանկություն չունի զբաղեցնել նախագահի պաշտոնը և մաս կազմել պետական կառավարման այն համակարգին, որը ձևավորվելու է ապրիլի 9-ից հետո: Արտգործնախարարի պաշտոնում նա իրեն մի տեսակ անկախ է զգում այդ համակարգից, որովհետև ավելի շատ լինում է արտերկրում, իսկ Հայաստանում եղած ժամանակ էլ մասնակից չէ ներքին քաղաքականությանը: Իսկ նախագահի պաշտոնում նաև ստիպված է լինելու հաստատել այն կադրային նշանակումները, որոնց համար ինչ-որ իմաստով պատասխանատվություն է ստանձնելու: Նալբանդյանը պաշտոնաթողությունից հետո կցանկանար վերադառնալ Փարիզ, Ֆրանսիայում ՀՀ դեսպանի պաշտոնին, մանավանդ որ դեսպանատան սենյակներից մեկում պահում է իր անձնական իրերի մի մասը, որպես վերադարձի ցանկության կենդանի հիշեցումներ:

Իսկ ահա Մեծ Բրիտանիայում և Իռանդիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ընդհակառակը կարող է դեսպանի աշխատանքը փոխարինել նախագահի պաշտոնով: Սարգսյանը բավարարում է նախագահին ներկայացվող պահանջները, քանի որ չորս տարուց ավելի է՝ 2013թ. սեպտեմբերից Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանն է։ Չնայած Սարգսյանը ֆիզիկապես Բրիտանիայում է, սակայն դեսպանի կեցությունը հավասարեցված է Հայաստանում բնակության հետ: Սարգսյանի մտերիմները հաստատում են, որ նա հունվարի վերջին գալու է Հայաստան և չեն բացառում, որ դա կարող է կապ ունենալ նախագահի պաշտոնում առաջադրվելու հետ կապված բանակցությունների հետ: Իշխանությունները Սարգսյանի նշանակումը կարող են ներկայացնել, որպես հասարակությանը ընդառաջ գնալու հերթական քայլ, հանրային տրամադրությունները բավարարող որոշում:

Արմեն Սարգսյանը շատ կարճ ժամանակ՝ 1996թ. դեկտեմբերից մինչև 1997թ. փետրվար զբաղեցրել է Հայաստանի վարչապետի պաշտոնը: Ինչպես յուրաքանչյուր կարճ պաշտոնավարած պաշտոնյա, ով այնքան կարճ է պաշտոնավարել, չի հասցրել հիասթափեցնել հանրությանը, նա իր հետևից թողել է միֆ. նա ցանկանում էր երկրի համար ինչ-որ լավ բան անել, բարեփոխումներ իրականացնել, սակայն նրան խանգարեցին: Այն ժամանակ Արմեն Սարգսյանի հեռանալը Հայաստանից բացատրվում էր իշխանության իրական տիրոջ՝ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հետ ունեցած կոնֆլիկտով, և իբրև թե վարչապետի նկատմամբ ֆիզիկական բռնության կիրառմամբ: Հիմա նա վերադառնում է, լինելով բավական ազդեցիկ գործիչ, ունենալով լայն կապեր ինչպես արևմուտքում, այնպես էլ արևելքում: Սարգսյանը մտերիմ հարաբերություններ ունի ոչ միայն Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամների և գործարար շրջանակների հետ, այլ նաև հաջող բիզնես է վարում Թուրքմենստանում և Ուզբեկստանում: Իշխանությունը կարող է հույս ունենալ, որ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի ընտրությունը կարող է հասարակության մոտ դրական ընկալումներ և հույսեր առաջացնել, և այդ ֆոնին հասարակությունը հեշտ կմարսի Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը: Սա շատ նման է Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում նշանակելուն, երբ իշխանությունները նրա ունեցած հանրային վստահությունը օգտագործեցին 2017թ. խորհրդարանական ընտրություններում իրենց ուզած տոկոսը խփելու համար: Թե որքանով է այս սցենարը մոտ իրականությանը, մենք կտեսնենք առաջիկա մեկուկես ամիսների ընթացքում: Մեզ մնում է հետևել իրադարձությունների զարգացմանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20