Արմեն Սարգսյանը նույնիսկ վարչապետության օրոք մետրոյով էր երթևեկում, ինչը չտեսնված բան էր

Tevan Poghosyan

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ, փորձագետ Թևան Պողոսյանը կարծում է, որ ՀՀ չորրորդ նախագահի համար վերջին օրերին շրջանառվող անուններից ամենահամապատասխանը Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան, Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն է: Նա այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում:

«Նախագահի ՀՀԿ թեկնածուների՝ վերջին օրերին շրջանառվող անուններից ամենաականջահաճոն Արմեն Սարգսյանն էր: Նա համեմատության մեջ լավագույնն է»,-ասաց Թևան Պողոսյանը՝ հավելելով, թե սա ամենևին չի նշանակում, որ Հայաստանում այլ արժանի թեկնածուներ չկան:

Անդրադառնալով «Ելք»-ի նախագահի թեկնածու Արտակ Զեյնալյանին՝ Թևան Պողոսյանը նշեց, որ շատ ազնիվ ու պարկեշտ մարդ է, սակայն նա չի կարողանալու գրանցվել որպես նախագահի թեկնածու ձայների պակասի պատճառով:

«Այս պարագայում պատգամավորները պարզապես քվեարկելու են, «այո» կամ «ոչ» են ասելու նախագահի միակ թեկնածուին, բայց ընտրություն, որպես այդպիսին չի կայանալու»,-նշեց նա:

Թևան Պողոսյանը վստահաբար ասաց, որ Արմեն Սարգսյանը ճգնաժամի պահին կկարողանա բարենպաստ իրավիճակ ձևավորել երկրում, նրա ունակությունները դժվար է կասկածի տակ դնել:

«Թե որքան հաջող նա դրանք կիրացնի, կյանքը ցույց կտա: Հաճախ լսում եմ տեսակետներ, որոնց համաձայն նշվում է, որ լավ է, որ նա վերջին տարիներին Հայաստանում չի բնակվել և այլ մոտեցումներ կցուցաբերի: Նա իսկապես պատկերացում և տեսլական ունի, և եթե մնացել է նույն սկզբունքներին հավատարիմ, ապա կարող է հաջողությամբ իրականացնել դրանք: Արմեն Սարգսյանը նույնիսկ վարչապետության օրոք մետրոյով էր երթևեկում, ինչն այն ժամանակ չտեսնված բան էր»,-ընդգծեց փորձագետը՝ այնուամենայնիվ, չբացառելով, որ միգուցե նրա թեկնածությունը ինչ-ինչ տարաձայնություններ առաջացնի հենց ՀՀԿ-ի ներսում, ինչպես նաև այն, որ Արմեն Սարգսյանը կարող է մերժել ՀՀ չորրորդ նախագահ դառնալու ՀՀԿ-ի առաջարկը, եթե համարի, որ չի կարող իրականացնել իր տեսլականը:

Spread the love