Vazgen Sargsyan

Այսօր Սերժ Սարգսյանն ասել է, թե Հայաստանի բանակը ժողովրդական է: Սա այն բացառիկ դեպքերից է, երբ հարյուր տոկոսով համաձայն ենք նախագահի ձևակերպման հետ: Հայաստանի բանակը ծնվել է համազգային շարժման ընդերքումԱզատության հրապարակում, երբ Մոսկվայի և Բաքվի ագրեսիվ քաղաքականության համատեքստում շարժման ղեկավարները որոշում կայացրեցին ինքնապաշտպանության ջոկատներ ձևավորելու մասին: Սա նույնքան ինքնաբուխ գործընթացը էր, որքան համազգային շարժումը, նույնքան զուլալ էր նպատակը` որքան Ազատության հրապարակում ձևակերպված ազգային նպատակներն ու տեսլականը:

Հայաստանի ազգային բանակի հիմքը շարժման խենթ ու խելառ տղաներն էին, ովքեր առաջնագիծ մեկնեցին Հայաստանի կայացող ինքիշխանությունը, շարժման տարիներին ձեռք բերված ազատությունը պաշտպանելու նպատակով:

 

Հայաստանի բանակը համազգային շարժման հզոր էներգետիկայի և հայրենիքի կարոտն իրենց սրտերում պահած ու շարժման կանչով հայրենիք վերադարձած սպայության պրոֆեսիոնալիզմի ներդաշնակության ծնունդն է: Հայաստանի բանակը հաղթական բանակ էհամազգային պատերազմի ծնունդը: Հայաստանի զինված ուժերը կայացել են ոչ թե նախագահական հրամանագրով կամ իշխանական կաբինետներում, այլ ռազմի դաշտում արիության և սխրանքի անմոռանալի, փառավոր էջերով:

Հայաստանի բանակ և հաղթանակ բառերը հոմանիշներ են, ինչի հետևանքով մեր պետությունն ունի սուբյեկտություն, Հայաստանն ու Արցախն` անվտանգության կայուն երաշխիքներ: Հայաստանի բանակն, ըստ էության, միակ պետական ինստիտուտն է, որը հավատարիմ է մնացել 88-ին, շարժման արժեքներին, համազգային իդեալներին ու նպատակներին:

Հայաստանի բանակն այսօր դարձել է Հայաստանի ինքնիշխանության ու սուբյեկտության, ըստ էության, միակ ինստիտուցիոնալ խորհրդանիշը: Հայաստանի բանակը 26 տարեկան է, շնորհավոր տոնդ, Հայաստանի ազատատենչ ժողովուրդ:

Շնորհավոր տոնդ, զինվոր, որ քո աչալուրջ հայացքով հսկում ես մեր երկրի, Արցախի սահմանները: Շնորհավոր տոնդ, սպա, որ երդումով տրվել ես հայրենիքի պաշտպանությանը, ծնողական հոգատարությամբ` զինվորին:

Շնորհավոր ձեր տոնը, քաջասիրտ տղաներ, որ ձեր Սպարապետի հրամանատարությամբ բազմել եք Եռաբլուրի բարձունքում` խորհրդանշելով հայոց բանակի հզորությունն ու հաղթական ուղին:

Spread the love