Բենոնի գլխավորած ՀԿ-ն 2016-ին կոմպրոմատ է հավաքել Թրամփի դեմ

- in Ընտրություններ
Hilari Tramp

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Ստիվեն Բենոնը գլխավորել է կազմակերպությունը, որը փորձել է 2016 թվականի նախագահական մրցապայքարի սկզբում Թրամփի դեմ կոմպրոմատ հավաքել։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ կազմակերպությունը ցանկացել է ստանալ 2015 թվականին թվագրվող փաստաթուղթ՝ «ավազակների հետ Դոնալդ Թրամփի կապերի» մասին։

Փաստաթուղթը կազմվել է Փիթեր Շվայզերի կողմից, ով 2012 թվականին Բենոնի հետ հիմնել էր Government Accountability Institute ՀԿ-ն։ CNN-ի տվյալներով՝ փաստաթղթում պատմվում է «Թրամփի ընկերությունների և կազմակերպված հանցավորության ներկայացուցիչների միջև տարիներ շարունակ գոյություն ունեցած ենթադրյալ գործարար կապերի մասին»։

Հեռուստաալիքը հստակեցնում է, որ ՀԿ-ն սկզբում աջակցել է Թրամփի հակառակորդ, սենատոր Թեդ Կրուզին՝ հաստատելով, որ հարկային հայտարարագրերը հրապարակելուց Թրամփի հրաժարվելը կարող է բացատրվել հանցավոր աշխարհի հետ նրա կապերով։

Հեռուստաալիքի զրուցակիցների մեկը հավելել է, որ ՀԿ-ն զբաղվել է նախագահի բոլոր թեկնածուների դեմ կոմպրոմատ հավաքելով։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Բենոնը չի մասնակցել «ամենօրյա հետազոտական խարդախություններին», սակայն տեղյակ է եղել տեղի ունեցողի մասին։

Բենոնը Թրամփի օգնականի պաշտոնը ստացել էր անցած տարվա փետվարին, սակայն արդեն օգոստոսին պաշտոնանկ արվել։ Նախկին խորհրդականի հիշողություններն ընկած են լրագրող Մայքլ Վուլֆի «Կրակ և ցասում. Թրամփի Սպիտակ տան ներսում» գրքի հիմքում, որը շուտով կհայտնվի վաճառքում։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20