Գագիկ Ծառուկյանն էլ` Սերժ Սարգսյանից լրացուցիչ երաշխիքներ է ակնկալում

Gagik Carukyan

«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր խորհրդարանում հայտարարել է, որ չի բացառվում ՀՀ նախագահի ՀՀԿ ներկայացրած թեկնածուին սատարելը: Ծառուկյանը, որ սովորաբար բացառիկ դեպքերում է գալիս խորհրդարան, գուցե այսօր եկել էր հենց այդ հայտարարության համար:

Միաժամանակ, այս համատեքստում, Ծառուկյանը բավականին ուշագրավ հայտարարություններ է արել գնաճի և վարչապետի աշխատանքի վերաբերյալ հարցադրումների մասով: Նա գործնականում չի արտահայտել շատ հստակ դիրքորոշում, ասելով, թե քաղաքացիները պետք է ասեն՝ լավ են ապրում հիմա, թե՞ անցյալ տարի էին լավ ապրում: Սա վարչապետի աշխատանքի բավականին «անորոշ գնահատական է, իսկ գնաճի մասով Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ փողոց դուրս չեն գալիս, քանի որ հարցի լուծում են ուզում, իսկ դրա համար կմասնակցեն խորհրդարանում կազմակերպվելիք լսումներին և կտեսնեն, թե ինչ որոշում է լինելու:

Լսումները, ինչպես հայտնի է, խորհրդարանին «ցուցում» կամ խորհուրդ է տվել Սերժ Սարգսյանը, երբ մի քանի օր առաջ նախագահականում ընդունել էր ԱԺ Խորհրդի անդամներին, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանին: Հենց այդ հանդիպման ժամանակ էլ Սերժ Սարգսյանը ցանկություն էր հայտնել, որ ՀՀ չորրորդ նախագահը խորհրդարանում ընտրվի «ընդարձակ մեծամասնությամբ», այսինքն նաև «Ծառուկյան» դաշինքի ձայնով: Սերժ Սարգսյանին այդ հանգամանքը անհրաժեշտ է ներհամակարգային բալանսավորման քաղաքականության տեսանկյունից, որով նա փորձում է երաշխավորել իր ազդեցությունը համակարգում բոլոր դեպքերում:

Գագիկ Ծառուկյանն էլ` Սերժ Սարգսյանից լրացուցիչ երաշխիքներ է ակնկալում, նախագահի նրա թեկնածուին սատարելու և այդպիսով բալասնավորման քաղաքականությանը աջակցելու համար: Ըստ ամենայնի հենց դա է պատճառը, որ Ծառուկյանը առայժմ անորոշ է արտահայտվում թե գնաճի, թե վարչապետի գործունեության վերաբերյալ, սպասելով թերևս, թե ինչ երաշխիքներ կներկայացնի Սերժ Սարգսյանը: Այդ տեսանկյունից, Ծառուկյանը ըստ էության կանգնած է ընտրության առաջ՝ կամ սատարել Սերժ Սարգսյանի նախագահի թեկնածուին, կամ Կարեն Կարապետյանին:

Հարցն այն է, թե Ծառուկյանի համար որքանով է այդ «ընտրության» հնարավորությունն այսպես ասած ազատ: Ծառուկյանը Սերժ Սարգսյանի անփոխարինելիության մասին հարցին արձագանքել է, որ իր համար անփոխարինելի մարդ չկա: Տվյալ դեպքում թերևս առկա է հայելային հարցադրումը Սերժ Սարգսյանի տեսանկյունից՝ Գագիկ Ծառուկյանը նրա համար անփոխարինելի՞ է, թե ոչ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20