Գնաճի հակազդման փոխարեն, քաղաքացիները տեսնում են գնաճի նոր դրսևորումներ

- in Կարծիք
Hashvark

Սերժ Սարգսյանի հունվարի 10-ի հայտնի խորհրդակցությունից անցել է մոտ երկու շաբաթ, սակայն գնաճի հակազդման փոխարեն, քաղաքացիները տեսնում են գնաճի նոր դրսևորումներ, արդեն թանկացած բենզինի ու դիզվառելիքի նոր թանկացում, պահպանվում են նաև առաջիկա ամիսներին գների նոր աճի ռիսկերը:

Այլ կերպ ասած, իրականությունը բոլորովին այլ է, քան Սերժ Սարգսյանի խորհրդակցության բովանդակությունն ու հայտարարված նպատակը: Դա իհարկե առաջին անգամ չէ, սովորաբար Սերժ Սարգսյանի խորհրդակցություններն ու Հայաստանի իրական կյանքը էապես տարբեր են, սակայն ներկայումս իրավիճակը ունի առանձնահատկություններ, քանի որ Սարգսյանը գործնականում հրապարակային պատասխանատվություն է ստանձնել գնաճը չեզոքացնելու համար, ինչը առայժմ չի ստացվում:

Դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը կամ կորցրել է իրավիճակի կառավարումը, կորցրել է կառավարման վահանակը, կամ թաքցրել է այն, նախապատրաստելով որևէ անսպասելի որոշում կամ «ձիով քայլ»: Բանն այն է, որ ներկայումս , ներիշխանական խոշոր վերադասավորումների, ըստ էության իշխանության ձևավորման բարդ գործընթացի ֆոնին՝ որն ուղեկցվում է ներքին ռեսուրսների լրջագույն սղման և արտաքին մարտահրավերների բավականին բարձր մթնոլորտային ճնշման իրողությամբ, իշխանությունը, իշխող համակարգը դառնում է գնաճի պատանդը:

Մի կողմից հենց համակարգն է գնաճի աղբյուր, այսինքն հենց իշխանության ձեռքին են այն բոլոր բիզնեսները, տնտեսական ոլորտները, որտեղ առկա են մենաշնորհներ, քվոտավորում, գնագոյացման ստվերային մեխանիզմներ, մյուս կողմից սակայն իշխանությունը դարձել է հենց այդ իրողության պատանդը: Պատանդ այն իմաստով, որ այդ իրողությունը առաջացնում է լրջագույն խնդիրներ սոցիալ-տնտեսական իրավիճակի լարման տեսանկյունից, սակայն իշխանությունը չի էլ կարող հրաժարվել այդ խնդիրների խորքային պատճառներից, քանի որ այդ պատճառները ուղիղ կապի մեջ են իշխանության թե ձևավորման, թե կենսագործունեության հենքի հետ, այսինքն այն ճյուղն են, որի վրա նստած է իշխող համակարգը:

Այդ իրավիճակը կառավարելը չափազանց բարդ է, որովհետև գնաճը նվազեցնելուն ուղղված գործուն քայլերը այդ դեպքում նշանակում են իշխանության բեռի ավելացում, հետևաբար նաև ավելացնում այն ծանրության, որ նստած է ճյուղի վրա: Այդպիսով, ստեղծվում է իրապես հակասական ու բարդ մի դրություն՝ իշխանության բեռը ավելանում է, իսկ ճյուղը, որի վրա նստած է այդ իշխանությունը, ոչ միայն չի ամրանում, այլ ավելի ու ավելի է ճոճվում: Սերժ Սարգսյանը, որը գործնականում իր նախագահության տասնամյակի ընթացքում առաջնորդվում էր առավելապես կարճաժամկետ ու իրավիճակային լուծումների միջոցով իրավիճակը կառավարելու մարտավարությամբ, ներկայիս հարցում չի գտնում հենց այդ՝ կարճաժամկետ լուծումը, կամ չի գնում դրան, խորապես պատկերացնելով խնդրի խորքային լրջությունը:

Սարգսյանն այդ իրավիճակում փորձում է ձևավորել այն այսպես ասած սավանը, որը պետք է ձգվի ճյուղի տակ՝ որպեսզի այն կոտրվելու դեպքում իշխանությունն ընկնի այդ սավանի վրա: Այդ պատճառով է նաև Սարգսյանը ձևավորում բազմակենտրոն իշխանական համակարգ, որպեսզի այդ կենտրոններից կամ սյուներից ձգվի սավանը, քանի որ մեկ հոգով այն պահելն այլևս դարձել է անհնար:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20