«Դերժավայի» Արկադիին պատկանող հիվանդանոցում մահացած ծննդկանի որովայնում «մառլյա» են թողել. նոր մանրամասներ

- in Իրավունք
Arkadi Hambardzumyan

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Աննա Մաթևոսյանի նախագահությամբ շարունակվեց 42-ամյա Կարեն Բաղդասարյանի և 31-ամյա Լիանա Դաղբաշյանի գործի դատական քնննությունը:

Ամբաստանյալները «Դերժավայի» Արկադիին պատկանող, նրա քրոջ կողմից կառավարվող «Սլավմեդ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգներ են, ներկա պահին էլ աշխատում են՝ նրանց խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:

Երկու բժշկներին մեղադրանք է առաջադրվել բժշկական օգնությունը կազմակերպելու ժամանակ մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ, անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով ծննդկանի մահը առաջացնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Կարեն Բաղդասարյանը 2016 թվականի հուլիսի 26-ին եղել է «Սլավմեդ» բժշկական կենտրոնի հերթապահ մանկաբարձ-գինեկոլոգը: Այդ օրը, ժամը 16-ն անց 30-ին ծննդկան, գործով տուժող Տաթևիկ Գ.-ն ենթարկվել է կեսարյան հատման, նա որդի է աշխարհ բերել: Ժամը 20-ի սահմաններում Տաթևիկի ինքնազգացողությունը վատացել է, նա գանգատներ է ունեցել: Սակայն, ըստ մեղադրական եզրակացության, հերթապահ գինեկոլոգ Կարեն Բաղդասարյանը ժամանակին չի ձեռնարկել որակյալ, մեծ կարևորություն ունեցող ախտորոշիչ հետազոտություններ նեղ մասնագետների կողմից, մասնավորապես՝ չի հետազոտվել որովայնի խոռոչում գտնվող օրգանների վիճակը, չի ստուգվել ներքին արյունահոսության առկայությունը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ նեղ մասնագետ չլինելով՝ Կարեն Բաղդասարյանն ինքն է շարժական սարքով կատարել ծննդկանի որովայնի օրգանների հետազոտություն, որովայնի խոռոչում արյունավաք չի հայտնաբերել ու եզրակացրել է, թե ծննդկան Տաթևիկ Գ.-ի առողջական վիճակը բավարար է:

Սակայն կնոջ վիճակն աստիճանաբար վատացել է, իսկ նեղ մասնագիտական հետազոտության ժամանակ նրա որովայնի խոռոչում հայտնաբերվել է արյունահավաք: Ըստ մեղադրական եզրակացության՝ եթե Կարեն Բաղդասարյանը ժամանակին կազմակերպեր նեղ մասնագետների կողմից ծննդկանի վիճակի, մասնավորապես՝ որովայնի օրգանների հետազոտումը, շուտ հայտնաբերվեր արյունահավաքը, ավելի շուտ կկազմակերպվեր վիրահատական երկրորդ միջամտությունը, կվերցվեին ներքին արյունահոսությունը, արյունահավաքը և միգուցե հնարավոր կլիներ ձեռնպահ մնալ պլազմայի փոխներարկումից: Բայց քանի որ ծննդկանը ներքին արյունահոսության պատճառով արյան մեծ կորուստ էր ունեցել՝ արյան սուր դեֆիցիտի պայմաններում նրան փոխներարկվել է թարմ սառեցված պլազմա, ինչի հետևանքով առաջացել է թոքերի ու գլխուղեղի այտուց, և ծննդկանը մահացել է…

Ըստ մեղադրական եզրակացության՝ մանկաբարձ-գինեկոլոգ Լիանա Դաղբաշյանը 2015 թվականի դեկտեմբերի 25-ից «Սլավմեդ» բժշկական կենտրոնում վարել է Տաթևիկ Գ.-ի հղիությունը:

2016 թվականի հուլիսի 26-ին «Սլավմեդ» բժշկական կենտրոնում Տաթևիկ Գ.-ն ենթարկվել է կեսարյան հատումի, նրա երեխան ծնվել է:

Ըստ մեղադրական եզրակացության՝ որպես ծննդկան Տաթևիկ Գ.-ի բուժող բժիշկ՝ Լիանա Դաղբաշյանը վիրահատությունից հետո ծննդկանի վիճակի մոնիտորինգը «ցածր մակարդակով» է կատարել՝ նրան վաղաժամ են հետվիրահատական սրահից տեղափոխել մանկաբարձական ստացիոնար հիվանդասենյակ:

Ըստ մեղադրական եզրակացության՝ բուժող բժիշկ Լ. Դաղբաշյանը նույնպես միջոցներ չի ձեռնարկել՝ ծննդկանի մոտ առաջացած ներքին զարկերակային արյունահոսությունը ժամանակին հայտնաբերելու ուղղությամբ: Ծննդկանի մոտ առաջացել է արյան դեֆիցիտ, որը լրացնելու նպատակով նրան փոխներարկել են թարմ սառեցված պլազմա, ինչի արդյունքում ծննդկանի մոտ առաջացել է թոքերի և գլխուղեղի այտուց, և նա մահացել է:

Ամբաստանյալներ Կարեն Բաղդասարյանն ու Լիանա Դաղբաշյանն իրենց մեղավոր չեն ճանաչում:

Դատարանը վկաների հարցաքննության փուլում է:

Դատարան էին ներկայացել նաև երեք փորձագետներ, այդ թվում նաև հայտնի գինեկոլոգ Օկոևը, բայց պաշտպանական կողմը միջնորդեց այս նիստում հարցաքննել դատարան ներկայացած երկու վկաներին՝ ամբաստանյալների գործընկեր բժիշկներին, իսկ հաջորդ նիստում հարցաքննել փորձագետներին:

Դատարանը բավարարեց փաստաբան Հունան Բաբայանի այս միջնորդությունը: Փորձագետները դահլիճից հեռացան, սկսեցին ցուցմունքներ տալ վկաները:

Նախ հարցաքննվեց Աննա Ղազարյանը՝ «Սլավմեդ»-ի սոնոգրաֆիստ բժիշկներից մեկը:

Վկան հայտնեց, որ դեպքի օրը ինքը տնային հերթապահության մեջ է եղել: Գիշերը՝ մինչև ժամը 1-ը, իրեն զանգահարել է մանկաբարձ-գինեկոլոգ Կարեն Բաղդասարյանը և կանչել է բժշկական կենտրոն՝ ասելով, թե կեսարյան հատման ենթարկված ծննդկանի մոտ ի հայտ են եկել բարդություններ:

Նախաքննական ցուցմունքում վկան նշել էր, որ գիշերը Կարեն Բաղդասարյանը զանգել ու ասել է, որ «հիվանդը իրեն լավ չի զգում»:

Վկան նշեց, որ Կարեն Բաղդասարյանը մինչ իր՝ բժշկական կենտրոն հասնելը շարժական սոնոգրաֆիկ սարքով հետազոտել էր ծննդկանին, ու կասկածներ էին առաջացել, թե ծննդկանի որովայնում արյան կուտակում կա, միգուցե անհրաժեշտ է վիրաբուժական միջամտություն:

Վկան ասաց, որ իր իմանալով՝ Կարեն Բաղդասարյանը անցել էր սոնոգրաֆիստի վերապատրաստում, նա փոքր սոնոգրաֆ սարքով կատարում էր իր հղիների հետազոտություն: Սակայն «Սլավմեդ» բժշկական կենտրոնում կա նաև ավելի ժամանակակակից «Տոշիբա» ֆիրմայի «էքսպերտ կլասի» սարք, որով հետազոտություն են կատարում միայն կենտրոնի երկու բժիշկ-սոնոգրաֆիստները, այդ թվում՝ վկա Աննա Ղազարյանը: Վերջինս ասաց, որ ինքն այդ սարքով աշխատելու համար վերապատրաստվել է: «Սլավմեդում» աշխատում է բացման օրից:

Աննա Ղազարյանը նշեց, որ Կարեն Բաղդասարյանի հեռախոսազանգից հետո 25-30 րոպեի ընթացքում ինքն արդեն հասել է բժշկական կենտրոն, ծննդկանին նախ արագ հետազոտել է փոքր սարքով, համաձայնել է Կարեն Բաղդասարյանի հայտնած կասկածներին՝ արյունահավաքի առկայության վերաբերյալ: Ապա ծննդկանին հետազոտել է նաև մեծ՝ հիմնական սարքով: Հետազոտության եզրակացության վրա ամրագրված է գիշերվա ժամը 1-ն անց 30 րոպեն:

Ծննդկանի փոքր կոնքի գերձայնային հետազոտությամբ հետարգանդային տարածությունում՝ որովայնի խոռոչի ամենացածր կետում, հայտնաբերվել է «քիչ քանակությամբ՝ մոտավորապես 20 մլ «ազատ հեղուկ»: Վկան ասաց, որ կեսարյան հատումի ենթարկված հիվանդի պարագայում այդ հանգամանքը կարող էր մտահոգիչ չլինել: Մտահոգիչը եղել է որովայնի առաջնային պատի մեջ հայտնաբերված հեմատոման, որում կարող էր կուտակված լինել մոտ 250 մլ արյուն՝ ելնելով հեմատոմայի չափերից: Դա նշանակում էր, որ ծննդկանի մոտ առկա է ներքին արյունահոսություն:

Վկան նշեց, որ նման դեպքում առաջնային խնդիրն այն չէ, որ սոնոգրաֆիստը հայտնաբերի վնասված անոթը: Առաջնայինը բժշկական տակտիկան փոխելը, վիրահատական միջամտությամբ որովայնի խոռոչում կուտակվող արյունը մաքրելն ու վերացնելն է:

Վկա բժշկուհին ասաց, որ իր հետազոտության պահին ծննդկանի՝ Տաթևիկի գիտակցությունը տեղն էր, ինքը Տաթևիկին ճանաչել, նրան հետազոտել է հղիության ընթացքում, այս՝ վերջին հետռազոտության պահին իրենք խոսել են միմյանց հետ. «Շատ համեստ աղջիկ էր՝ էդպիսին եմ նրան հիշում… Այդ դեպքը երբեք չեմ մոռանա…»:

Տաթևիկը համեստորեն էլ գանգատվել է որովայնի ցավերից, լուռ տարել է ցավոտ հետազոտությունը: Ծննդկանի որովայնի ցավը, գունատությունը սկզբում մեկնաբանվել են որպես հետվիրահատական երևույթներ…

Ըստ վկա Աննա Ղազարյանի՝ իր հետազոտության պահին ծննդկանի կյանքին վտանգ չէր սպառնում…

Վկան պնդեց, որ գերձայնային հետազոտության ժամանակ ծննդկանի որովայնում «մառլյայի կտոր» չի տեսել. «Էդ չափսի մառլյան բաց չէի թողնի…»:

Վկան նաև ասաց, որ կեսարյան հատումից հետո պարտադիր սոնոգրաֆիկ հետազոտություն չի կատարվում, այն կատարվում է անհրաժեշտության դեպքում…

Վկա Յուրի Խաչատրյանը «Սլավմեդում» բժիշկ-անեսթեզիոլոգ է:

Նա հայտնեց, որ Տաթևիկի կեսարյան հատումի ժամանակ ինքը չի եղել անզգայացնող բժիշկը: Իրեն գիշերվա ժամը 12-ին կանչել է հերթապահ գինեկոլոգ Կարեն Բաղդասարյանը՝ նշելով, որ կեսարյան հատումի ենթարկված ծննդկանի մոտ խնդիրներ են առաջացել՝ հնարավոր է, որ որովայնում հեմատոմա լինի, որը պետք է վիրահատական եղանակով հեռացնել:

Վկան գնացել է վիրահատարանը նախապատրաստելու, մինչև կժամաներ բժիշկ-սոնոգրաֆիստն ու կհետազոտեր ծննդկանին՝ տալով վերջնական եզրակացություն:

Բժիշկ-սոնոգրաֆիստը հաստատել է հեմատոմայի առկայությունը, ծննդկանին նախապատրաստել են վիրահատության:

Ինքը զրուցել է Տաթևիկի հետ՝ նրա գիտակցությունը պարզ էր, ճնշումը՝ նորմալ: Կատարել է ընդհանուր անզգայացում: Բայց երբ «երկրորդ երակ»՝ երկրորդ կատետր էր տեղադրում, ծննդկանի արյան «գույնը» վկային «դուր» չի եկել: Նա հարցրել է՝ ինչքա՞ն արյուն է կորցրել հիվանդը:

Վիրահատությունը կատարում էր բաժնի վարիչ Ռաֆյանը, ով անզգայացնող բժշկի հարցին պատասխանել է՝ մոտ 2լիտր՝ կեսարյան հատումի ժամանակ կորցրած 550 մլ արյունն էլ հետը:

Այդ ժամանակ որոշվել է սառեցրած պլազմա ներարկել: Հենց պլազմայի ներարկման վերջում էլ թոքի այտուց է առաջացել ծննդկանի մոտ:

Վկան ասաց, որ անմիջապես փոխել են սարքերը, վիրահատությունը հասցրել են ավարտին: Վիրահատությունից հետո նա արթնացրել է Տաթևիկին, խոսել է հետը, անջատել է ապարատից: Տաթևիկը պատասխանել է գլխի շարժումով, բայց «երբ գլուխը թեքում էր՝ շնչափողից հեղուկ ու փրփուր էր հոսում՝ այսինքն՝ թոքի այտուցը շարունակվում էր…»:

Նորից արհեստական շնչառության ապարատը միացրել են, հակաայտուցային դեղամիջոցներ են օգտագործել…

Վկան ասաց, որ գիշերը մոտ հինգ անգամ հակաայտուցային միջոցառումները կրկնել են, բայց վիճակը քանի գնացել՝ վատացել է:

Վերջում տարբեր մասնագետների են հրավիրել, ապա որոշում է կայացվել ծանր վիճակում գտնվող ծննդկանին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն: Ըստ վկայի՝ հավանաբար այն պատճառով, որ «Արմենիան» մեծ կենտրոն է, այնտեղ ավելի փորձառու էին վերակենդանացման հարցում…

Ծննդկանի որովայնում «մառլյայի կտոր» գտնելու վերաբերյալ բժիշկ-անեսթեզիոլոգը վիրահատության ժամանակ ոչինչ չէր լսել, այդ մասին իմացել էր… լուրերից…

Վկան ասաց, որ ամբողջ ընթացքում Տաթևիկի ճնշումը եղել է նորմալ, միայն «պուլսն» էր արագ՝ 130-140 զարկ… Վիրահատության ժամանակՏաթևիկին ներարկվել է 3 միավոր պլազմա, 2 միավոր արյուն: Պլազման «Սլավմեդ»-ում կար, իսկ արյունը բերել են ծննդկանի հարազատները: Պլազման նույնպես պետք է համապատասխան լինի հիվանդի արյան խմբին ու ռեզուսին:

Վկան նշեց, որ պլազմայի հետսառեցման ապարատներ Հայաստանում չկան. «Աշխատում ենք նրանով, ինչ ունենք՝ սառեցված պլազման դրվում է գոլ ջրի մեջ, հալվում է, դառնում է հեղուկ զանգված, երբ հասնում է մարմնի ջերմաստիճանին, նոր ներարկվում է… Ընդ որում՝ պլազմայի ջերմաստիճանը կարևոր է՝ ասաց վկան, քանի որ պլազմայում եղած սպիտակուցները բարձր ջերմաստիճանում կարող են մակարդվել…

Վկան նաև նշեց, որ Տաթևիկը կեսարյան հատումից հետո «ինտենսիվ բլոկում» մնացել է 3 ժամ 20 րոպե: Այնուհետև նրա բուժող բժիշկն ու վիրահատությանը մասնակցած անեսթեզիոլոգը որոշել են նրան տեղափոխել հիվանդասենյակ: Այդ տեղափոխումը կատարվում էր միայն «պատճառաբանված որոշումից հետո»… Ինքը՝ վկան, նշեց, որ աշխատում է գիշերային ժամերին, իր վիրահատված հիվանդներին ամբողջ գիշեր պահում է «ինտենսիվ բլոկում»…

Տաթևիկի մահից հետո «Սլավմեդում» կեսարյան հատումից հետո արդեն ծննդկաններին երկար են պահում «ինտենսիվ բլոկում», որտեղ կան սարքավորումներ և հնարավորություն կա մոնիտորի վրա հետևելու վիրահատված ծննդկանի ընդհանուր վիճակին:

Վկան, պատասխանելով պաշտպանական կողմի հարցերին, ասաց. «Իմ կարծիքով՝ պլազմայից առաջացած ռեակցիայից կարող էր թոքերի այտուցն առաջանալ… բայց ես չէի կարող պլազմա չներարկել…»:

Այս ողբերգական պատմության միակ լուսավոր կետը՝ Տաթևիկը կեսարյան հատումով աշխարհ է բերել որդի, ու երեխան, բարեբախտաբար, չի տուժել, նա մեծանում է…

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20