«Ելք»-ը սահմանում է նշաձող կոնկրետ իրավիճակում, որը որոշակի իրողության առաջ է դնում «Ծառուկյան» դաշինքին

- in Հրապարակ
nikol-aram-edmon

«Ելք» դաշինքը հարկային բեռի ավելացման և թանկացումների դեմ երթ է նախաձեռնում հունվարի 19-ին և այդ մասին կոչով դիմել է քաղաքացիներին: «Ելք»-ի նախաձեռնությունը քաղաքական օրակարգի իմաստով միանգամայն համարժեք է և այդ իմաստով ձեռնոց է ոչ միայն իշխանությանը, այլ նաև խորհրդարանում երկրորդ ուժ համարվող «Ծառուկյան» դաշինքին:

Դա գործնականում «Ելք»-ի նոր առաջարկն է դաշինքին, նախագահի թեկնածության շուրջ գործակցելու առաջարկից հետո, որը փաստացի մերժվեց: Ընդ որում՝ այդ հարցում «Ծառուկյան» դաշինքի մերժումը, խոշոր հաշվով, միանգամայն տրամաբանված ու ռացիոնալ էր: Ինչ կանի դաշինքը «Ելք»-ի երկրորդ նախաձեռնության կամ առաջարկի դեպքում: Այստեղ, իհարկե, ուղիղ, անմիջական իմաստով առաջարկ չկա, սակայն իրավիճակը բավական պարզ է՝ «Ելք»-ն անում է այն, ինչ առկա իրադրությունում պետք է անի ընդդիմադիր ուժը:

«Ծառուկյան» դաշինքը ևս հայտարարում է ընդդիմություն լինելու մասին, ինչպես նաև հանդես գալիս սոցիալ-տնտեսական քաղաքականության քննադատությամբ և թանկացումների վերաբերյալ կոշտ ընդդիմախոսությամբ: Հետևաբար հարց է առաջանում՝ ի՞նչ փաստարկով դաշինքը չպետք է միանա «Ելք»-ին կամ ի՞նչ տրամաբանությամբ և փաստարկով պետք է մնա «Ելք»-ի նախաձեռնությանն անտարբեր:

Նվազագույնը, «Ելք»-ը սահմանում է նշաձող կոնկրետ իրավիճակի կապակցությամբ, որը որոշակի իրողության առաջ է դնում «Ծառուկյան» դաշինքին՝ կազմակերպել հանրության դժգոհությունն ու բողոքը թանկացումների դեմ և դրանով փորձել ճնշում բանեցնել իշխանության վրա՝ տնտեսական քաղաքականության մեջ հրատապ քայլեր ձեռնարկելու և գործողություններ կատարելու համար:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20