«Ելք»-ի նոր մոտեցումները շանս են հասարակության համար

Edmon Marukyan

Եթե հունվարի 19-ի երթից հետո իշխանությունը զիջումների չգնա, սպասվում է երկրորդ, երրորդ ավելի մեծ զանգվածային միջոցառումը, գուցե ոչ երթի տեսքով` tert.am-ին ասել է «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը: Չի բացառվում, նրա խոսքերով, նստացույց էլ անցկացնեն. «Ամեն ինչ էլ հնարավոր է, որևէ բան չի բացառվում»:

«Ելք»-ում, ըստ ամենայնի, փորձում են խմբագրել իրենց առաջիկա երթի ոչ այնքան ադեկվատ օրակարգըայն ներդաշնակեցնելով հանրային հարաճուն տրամադրություններին: Հայաստանի իշխանությունը իր կառուցվածքով ու բնույթով, ավտորիտար է ու պատրաստ չէ զիջումների, եթե անգամ ակնհայտ է վարվող քաղաքականության ձախողումը: Իշխանության հետ հնարավոր է խոսել միայն փողոցի ռեսուրսի լեզվով, ինչի մասին էլ ակնարկել է Մարուքյանը:

Թանկացումների նոր ալիքը մի քանի գործոնների հետևանք է: Առաջին հերթինդա օլիգոպոլ համակարգի հետևանք է, երբ տնտեսությունը կարգավորում է ոչ թե շուկայի կամ նույնիսկ պետական թելադրանքով, այլ սպեկուլյատիվ մեխանիզմներով: Հենց այս տրամաբանության մեջ է, որ Սերժ Սարգսյանը կարծում է, թե նախագահականի խորհրդակցությամբ կամ խորհրդարանական լսումներով հնարավոր է չեղարկել թանկացումները: Մյուս կողմից` վերջին թանկացումները նաև Հայաստանի, մեղմ ասած՝ ոչ արդյունավետ արտաքին քաղաքականության հետևանք են ու պայմանավորված են ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ:

Տրամաբանորեն թանկացումների դեմ պայքարն արդյունավետ կարող է լինել, եթե պայքար տարվի այն ծնող հիմքերի դեմ:

Հարկային փոփոխությունների չեղարկման պահանջը կարող է լինել մեկ երթի, տվյալ դեպքում` հունվարի 19-ի պահանջը, որից հետո իրավիճակը կարող է ունենալ երկու հանգուցալուծում:

Զարգացման մի սցենարն իշխանությունները փորձարկել են ուսանողական վերջին շարժման ժամանակ, երբ գործընթացը տեղափոխեցին իմիտացիոն երկխոսության դաշտփողոցի գործոնը չեզոքացնելու նպատակով: Տեսականորեն չի բացառվում, որ եթե «Ելք»-ի՝ հունվարի 19-ի երթը ստացվի, ապա իշխանությունները Հարկային օրենսգրքի փոփոխությունների շուրջ բանակցությունների կանչեն «Ելք»-ի ներկայացուցիչներին հուզումների զարգացումը կանխելու նպատակով: Սակայն ինքնին հասկանալի է, որ Հարկային օրենսգրքի դեկտեմբերյան փոփոխություններն ընդամենը հետևանք են արտաքին և ներքին ոչ արդյունավետ քաղաքականության և, եթե անգամ ունենանք կատարյալ Հարկային օրենսգիրք, ապա միևնույն է` Հայաստանի տնտեսության մեջ օլիգոպոլ և մոնոպոլ երևույթները չեն վերանա կամ չեն չեզոքանա այն ռիսկերը, որոնք իրենց հետ բերում է եվրասիական ինտեգրացիան:

Հիմա, երբ Էդմոն Մարուքյանը խոսում է պայքարի երկրորդ, երրորդ ալիքի, նստացույցի հնարավորության մասին, ապա, ըստ էության, ակնարկում է իրենց օրակարգի ընդլայնման հնարավորության հեռանկարը` իշխանությանը կանգնեցնելով բարդ երկընտրանքի առաջ:

«Ելք»-ի նոր մոտեցումները շանս են հասարակության համար, որովհետև ինչքան փակուղային լինի իշխանության վիճակը` այնքան մեծանում է հասարակության օազիսը:

Մյուս կողմից` հասարակությունը չպետք է «Ելք»-ին կանգնեցնի արագ հեղափոխության երկընտրանքի առջև, որովհետև դա ընդամենը հետևանք, քաղաքական դրսևորում է, որն իրականություն կդառնա, եթե Հայաստանում ձևավորվի իրական այլընտրանք:

Իշխանությանն անհանգստացնում է ոչ թե հունվարի 19-ի երթի մարդաշատությունը, այլ այն, որ սոցիալական հուզումները կարող են հանգեցնել իրական այլընտրանքի ձևավորմանը: Ուժեղ հասարակությունները, որպես կանոն, կարողանում են օգուտներ քաղել ճգնաժամային իրավիճակներից: Դրա համար անհրաժեշտ են ոչ ստանդարտ լուծումներ, որոնք գտնելը «Ելք»-ի կենսունակության յուրօրինակ տեստ է:

Spread the love