Զավեշտի են վերածվում բոլոր պատկերացումները դեմոկրատիայի մասին

- in Կարծիք
karen-karapetyan

Կառավարության ներկայացրած և խորհրդարանի հաստատած 2018 թվականի պետական բյուջեի համաձայն՝ կրթության և գիտության ոլորտին հատկացվել է Հայաստանի պատմության մեջ ռեկորդային ցածր ֆինանսավորում (գիտության հատկացումները կազմել են ընդամենը 0,5%, ինչն աննախադեպ է Երրորդ հանրապետության համար), մինչդեռ իրավապահ մարմինների ֆինանսավորումը կտրուկ մեծացել է, ինչն ակնհայտորեն ցույց է տալիս իշխանությունների առաջնահերթությունները:

Կարեն Կարապետյանը տարբեր առիթներով սիրում է ասել, որ իր նպատակը «տրամաբանական» Հայաստան ունենալն է: Խնդիրն այն է, որ զուտ տեսական, հռչակագրային մակարդակում այդպես էլ անհասկանալի է մնում, թե ինչ ասել է «տրամաբանական» Հայաստան: Արտաքուստ կարող է այնպես թվալ, թե խոսքը այնպիսի երկիր ունենալու մասին է, որտեղ հիմնական արժեքը մտածող, ստեղծագործող քաղաքացին է: Սակայն նման պատրանքը ցրվում է, երբ ուսումնասիրում ենք ընթացիկ տարվա բյուջեի կառուցվածքը. օպտիմալացված են ծախսերը գրեթե բոլոր ոլորտներում՝ բացառությամբ ուժային մարմինների:

Կարեն Կարապետյանի պատկերացրած Հայաստանում հիմնական գործոնը շարունակելու է մնալ ոստիկանական մահակը՝ կախված քաղաքացու ազատության, նրա իրավունքների, մեծ հաշվով՝ կրեատիվ գաղափարներով զարգացող պետության գլխին: Սա տիպիկ եվրասիական երկրի բյուջեի կառուցվածք է, երբ պետական մակարդակով ազդարարվում է, որ պետությունը հենվելու է ոչ թե ինտելեկտով պայմանավորված թռիչքի, ճեղքման, այլ ոստիկանական մահակով պահվող քրեաօլիգարխիկ ստատուս քվոյի վրա: Բյուջեի նման կառուցվածքը խրախուսում է պետության ռեպրեսիվ, պատժիչ ֆունկցիաները՝ միևնույն ժամանակ քաղաքացիներին ավելի օտարելով կրթություն ստանալու, գիտությամբ զբաղվելու իրավունքից:

2018-ին ևս Հայաստանում լուրջ, ինստիտուցիոնալ պայքար չի մղվելու կոռուպցիայի դեմ, որովհետև բյուջետային ծախսերի պատկերը բացահայտում է առաջնահերթությունների այնպիսի համակարգ, որը նույնիսկ խրախուսում, քաջալերում է կոռուպցիոն դրսևորումները: Գաղտնիք չէ, որ բոլոր այն երկրներում, որտեղ մեծ է լինում իրավապահ մարմինների ֆինանսավորումը, բարձր է լինում ավտորիտարիզմի և դրա հետ փոխկապակցված կոռուպցիայի մակարդակը: Իրավապահ մարմինների սուբյեկտության, համակարգային կշռի մեծացումը տեղի է ունենում քաղաքացիական հասարակության հաշվին, ինչը փոշիացնում է հասարակության վերահսկողական ռեսուրսը:

Տարեվերջին «Արմենիա» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում Սերժ Սարգսյանը հերքել էր, որ Հայաստանը միլիտարիզացված երկիր է՝ այն փաստարկով, որ մայրաքաղաքում տանկեր ու զինվորականներ չենք տեսնում: Սարգսյանն ակամայից բացահայտել էր Կարեն Կարապետյանի «տրամաբանական» Հայաստանի բովանդակությունը, որովհետև տրամաբանությունը հուշում է, որ քաղաքացին նույնիսկ անիմաստ, անհեռանկար է համարում պայքարել մի երկրում, որի կայունությունը խարսխված է օլիգարխիկ զոռբայության և ոստիկանական մահակի դաշինքի, ներդաշնակության վրա: Նման երկրներում նույնիսկ տանկերի անհրաժեշտություն չկա, որովհետև բյուջեն հենց ավտորիտարիզմի, պետական բռնության և հարկադրանքի խրախուսման ուղերձ է:

Եվ այս ամենը տեղի է ունենում խորհրդարանական մոդելին անցման համատեքստում՝ զավեշտի վերածելով բոլոր պատկերացումները դեմոկրատիայի մասին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20