Թուրքական բանակը 5 կմ առաջ է շարժվել դեպի Աֆրինի խորքերը

- in Միջազգային
siria

Թուրքիայի Գլխավոր շտաբը հայտարարել է սիրիական Աֆրին քաղաքում ցամաքային գործողության մեկնարկի մասին:

Ինչպես հաղորդում է Anadolu-ն, Աֆրին մտած Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումները առաջ են շարժվում Սիրիական ազատագրական բանակի հետ միասին:

Գործողության մեջ ներգրավվել են զրահատեխնիկա, Թուրքիայի ԶՈՒ հետևակայինները և հատուկջոկատայինները:

Ներկա պահին նրանք 5 կմ առաջ են շարժվել դեպի Աֆրինի խորքերը:

Հակամարտող կողմերը առայժմ չեն անցել դաժան մարտերի:

«Ձիթենու ճյուղ» գործողության սկզբից սիրիական Աֆրինում ոչնչացվել է ԴԱԻՇ-ի և PYD-ի 153 թիրախ: Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի հայտարարության մեջ:

«Գործողության սկզբից սիրիական Աֆրինում ոչնչացված է PYD-ի և ԴԱԻՇ-ի կողմից օգտագործվող 153 թիրախ: «Ձիթենու ճյուղ» գործողությունը շարունակվում է ծրագրի համաձայն»,- ասվում է հայտարարության մեջ:

Թուրքիայի Զինված ուժերը «Ձիթենու ճյուղ» գործողությունը սիրիական Աֆրինում սկսել են հունվարի 20-ին:

Սիրիայի հյուսիսում քրդական կազմավորումների դեմ Թուրքիայի ԶՈՒ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը կանցկացվի 4 փուլով՝ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:

«Գործողությունը կանցկացվի 4 փուլով, կստեղծվի 30 կմ-անոց անվտանգության գոտի»,- հայտարարել է նա:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը առարկություն չունի Աֆրինում գործողության դեմ: «Մենք աշխատում ենք հեռացնել Իրանի անհանգստությունը, իսկ Ռուսաստանը դրա դեմ առարկություն չունի»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը: Նա նշել է, որ «Անկարան պահպանում է Դամասկոսի հետ կապը Մոսկվայի և Թեհրանի միջնորդությամբ»:

Ինչպես նշել է Յըլդըրըմը, ցանկացածը, ով ռազմական աջակցություն կցուցաբերի քրդական կազմավորումներին, կդառնա թուրքական գործողության թիրախը:

Անկարայի «Ձիթենու ճյուղ» գործողությունը սկսվել է երեկ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20