Հանրային խորհրդի ներկայիս նախագահ Վազգեն Մանուկյանը 88-ի համազգային շարժման հարթակում եղել է հենց առաջին օրերից: Տարածված կարծիքի համաձայն` Վազգեն Մանուկյանը եղել է «Ղարաբաղ» կոմիտեի կոորդինատորը:

Համենայն դեպս, այս վարկածի օգտին են խոսում այն փաստերը, որ Վազգեն Մանուկյանը եղել է ՀՀՇ-ի առաջին ծրագրի հեղինակը ու նաև` վարչության առաջին նախագահը: Իհարկե, ՀՀՇ վարչության նախագահի պաշտոնում Մանուկյանը մնացել է ընդամենը մեկ ամիս, որովհետև արդեն 1989-ի դեկտեմբերից ՀՀՇ-ն ղեկավարում էր Լևոն Տեր-Պետրոսյանը:

Հայաստանի նորագույն քաղաքական պատմության հիմնական հարցերից մեկն այն է, թե ինչո՞ւ Վազգեն Մանուկյանն` ունենալով ավելի մեծ քաղաքական փորձառություն, համազգային շարժման լիդերությունը զիջեց Լևոն Տեր-Պետրոսյանին, մանավանդ, որ Տեր-Պետրոսյան-Մանուկյան հակադրությունը դարձավ Հայաստանի քաղաքական կյանքի առանցքային դրվագներից մեկը: Ընդունված է համարել, որ հետկոմունիստական Հայաստանի առաջին ղեկավարը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանը: Ֆորմալ առումով այդպես էլ կա, որովհետ երկրի ղեկավարը Գերագույն խորհրդի նախագահն էր, սակայն 1990-ի օգոստոսի 13-ին վարչապետ նշանակվեց Վազգեն Մանուկյանը, որի ձեռքում կենտրոնացած էր գործադիր իշխանությունը, մանավանդ, որ 1990-ի նոյեմբերին Մանուկյանը լրացուցիչ լիազորություններ ստացավ խորհրդարանից:

Վազգեն Մանուկյանի վարչապետությունը, սակայն, արդյունավետ չէր, հատկապեսկադրային քաղաքականության հարցերում, ինչի հետևանքով ՀՀՇ-ն կորցնում էր հեղինակությունը հասարակության մեջ, իսկ Մանուկյանն իր հեղինակությունը ՀՀՇ-ում: Օրինակփոխվարչապետի պաշտոնում հայտնվել էր Գևորգ Վարդանյանը հայտնի Ժոկո մականունով, ում հետ Մանուկյանին կապում էին զանազան կապեր, բայց` ոչ շարժումն ու քաղաքականությունը:

Նման իրավիճակում Լևոն Տեր-Պետրոսյանը մնում էր այն քաղաքական առաջնորդը, ով ավելի էր ասոցացվում համազգային շարժման հետ, մանավանդ, որ ՀՀՇ-ի ներսում և Գերագույն խորհրդում 1991-ի գարնանը տեղի ունեցան մի քանի սկզբունքային քննարկումներ` պետական համակարգի կառուցվածքի, անկախության գործընթացի վերաբերյալ և դրանց ընթացքում Տեր-Պետրոսյանն ավելի ճկուն մոտեցումներ էր առաջարկում:

Նույնիսկ կարելի է արձանագրել, որ Վազգեն Մանուկյանն ինքը պարտվեց` 1990-91թթ-ին ունենալով ավելի մեծ իշխանություն: Համենայն դեպս, 1991-ի հոկտեմբերի 16-ի նախագահական ընտրություններին ընդառաջ Լևոն Տեր-Պետրոսյանը չուներ այլընտրանք ՀՀՇ-ում և դրանից դուրս, իսկ Վազգեն Մանուկյանին այլ բան չէր մնում, քան համախոհների փոքր խմբով հեռանալ ՀՀՇ-ից: ԱԺՄ-ն երբեք զանգվածային կուսակցություն չի եղել, բայց Վազգեն Մանուկյանին հաջողվեց 1996-ի նախագահական ընտրություններում դառնալ ընդդիմության միասնական թեկնածուն:

Անկախության հռչակումից հինգ տարի հետո Լևոն Տեր-Պետրոսյանն ու Վսզգեն Մանուկյանն արդեն բավարար չափով հեռացել էին շարժման ակունքներից, ինչի հետևանքով նրանց մրցակցությունը նախագահական ընտրություններում զուրկ էր ռացիոնալությունից և, մեծ իմաստով, անտագոնիստական քաղաքական համակարգի ստեղծման պատճառ դարձավ: 1996-ի նախագահական ընտրություններն, ըստ էության, նշանավորեցին համազգային շարժման պարտությունն` իր բոլոր բևեռներով հանդերձ:

Պատահական չէ, որ ընդամենը երկու տարի անց Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, իսկ քաղաքականություն վերադարձած Կարեն Դեմիրճյանը 1998-ի նախագահական ընտրություններում ստացավ մի քանի անգամ ավելի ձայն, քանՎազգեն Մանուկյանը: 1998-ից հետո Լևոն Տեր-Պետրոսյանին հաջողվեց քաղաքական ռեաբիլիտացիայի ենթարկվել 2008-ի նախագահական ընտրությունների և դրանց հաջորդած համաժողովրդական շարժման միջոցով: Նույն այդ ընտրություններում Վազգեն Մանուկյանը աութսայդեր էր:

Շարժման երկու առաջնորդների հակադրության այսպիսի վերջաբանը նույնիսկ քաղաքական, պատմական օրինաչափություն էր, որովհետև հանրային ընկալման մեջ 88-ի շարժումը, Երրորդ հանրապետությունն ավելի շատ ասոցացվում են ոչ թե Վազգեն Մանուկյանի, այլ` Լևոն Տեր-Պետրոսյանի անվան հետ:

Spread the love