Ինչի՞ց է ոգևորվել ՀՅԴ-ն. Աղվան Վարդանյանի և կուսակցության գնահատականները հակասում են միմյանց

- in Մամուլ
Aghvan Hovsepyan

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Իշխող կոալիցիայի մաս կազմող ՀՅԴ ներկայացուցիչներն առանձակի ոգևորությամբ են սկսել գովաբանել այս կառավարության գործունեությունը: Բայց արդյունքում կորցնում են իրատեսությունն ու իրականության զգացողությունը:

Երեկ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հայտարարությունն այդ ժանրից էր: «Կառավարության 2017-ի գործունեությունը ձեր աչքի առաջ է, կառավարության նման արդյունավետ աշխատանք վերջին տասնամյակում, թերևս, չենք տեսել՝ բոլոր ցուցանիշների առումով»,- ասել է դաշնակցական գործիչը:

Սկսենք նրանից, որ 2017թ. սոցիալ-տնտեսական ցուցանիշները դեռ չեն հրապարակվել, հետևաբար նման պնդումներ անելը դեռ վաղ է: և հետո` վերջին տասնամյակում նախորդ կառավարություններին հաջողվել էր գոնե թվանկարչության շնորհիվ 7 տոկոս աճ ներկայացնել. համենայնդեպս այդպես էր պնդում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը 2012թ մասին խոսելիս: Մոտավորապես նույնքան աճ էլ կառավարությունն ակնկալում է այս տարի, բնականաբար, կրկին թվանկարչության շնորհիվ:

Ու բացի այդ` մեկ այլ իրողություն. 2017թ. հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած ՀՅԴ բյուրոյի և ԳՄ-ի համատեղ նիստում հետևյալ «հաստատումներն էին» արվել. «Երկրում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակը դեռևս բեկումնային փոփոխությունների չի ենթարկվել, թեև առկա են որոշ դրական տեղաշարժեր և արդյունքներ: Առանցքային են մնում ժողովրդի սոցիալական վիճակի բարելավման հարցերը՝ տեղի ունեցող թանկացումների, գործազրկության բարձր մակարդակի, արտագաղթի պայմաններում»:

Ըստ այդմ, ՀՅԴ-ն առաջնային խնդիր էր համարել «սոցիալական արդարության հաստատումն ու այդ ուղղությամբ աշխատանքը»` ընդգծելով, որ առաջնորդվելու են նախաձեռնողականության և ինքնուրույն գործելակերպով: Ու այսքանից հետո Աղվան Վարդանյանի երեկվա հայտարարությունները մի տեսակ չէին համապատասխանում կուսակցության գնահատականներին»։

Spread the love