Ինչո՞ւ է Ճվճվ Արոն Վարդենիսցի Լյովին կանչել իր հիվանդասենյակ. նոր մանրամասներ նորատուսցի Ալիկի մասնակցությամբ սպանության գործով

- in Իրավունք
Gox

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի ապակեպատ դահլիճում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվեց 2016 թվականի նոյեմբերի 13-ին Չարբախում՝ «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կատարված աղմկոտ սպանությունների գործով դատական քննությունը:

Ամբաստանյալի աթոռին երեք ամբաստանյալներ են՝ Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամ» մականունով, Ալիկ Բանդուրյանը՝ «Նորատուսցի Ալիկ» մականունով, նաև՝ Արմեն Գասպարյանը, ով, ըստ մեղադրանքի, հանդիսանալով «Նորատուսցի Ալիկի» մտերիմը և մշտապես ուղեկցելով նրան, հաստատապես տեղեկացել է «Նորատուսցի Ալիկի» օժանդակությամբ ու դրդչությամբ «Չարբախցի Գեղամի», Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված այլ անձանց կողմից, խմբի կազմում դիտավորությամբ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մասին, սակայն դրսևորել է հանցավոր անգործություն և նախապատրաստվող ծանր հանցագործության մասին դիտավորությամբ չի հայտնել իրավասու մարմիններին: Արմեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 335 հոդվածի 1-ին մասով:

Մյուս երկու ամբաստանյալներին առաջադրված են ծանր մեղադրանքներ:

Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամը», մեղադրվում է խմբի կազմում դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, իսկ Ալիկ Բանդուրյանը՝ «Նորատուսցի Ալիկը», մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելուն դրդելու, օժանդակելու համար, ինչի հետևանքով տուժողը մահացել է:

Ըստ մեղադրանքի՝ Նորատուսցի Ալիկը Չարբախցի Գեղամի հետ հեռախոսային խոսակցության ժամանակ «հորդորներ է հնչեցրել» Մուշեղ Մուշեղյանի վերաբերյալ. «Դրան մորթեք, սատկացրեք, մահակներով ոտքերը ջարդեք»: Այսինքն, ըստ մեղադրանքի, դրդել է Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելուն և «հորդորելու, շահագրգռելու եղանակով Պետրոս Իսրայելյանի մոտ Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ հանցավոր ոտնձգություն կատարելու վճռականություն է հարուցել»:

Ըստ մեղադրանքի՝ Ալիկ Բանդուրյանը դեպքի օրը՝ 2016 թվականի նոյեմբերի 13-ին, հանցավոր խմբին օժանդակել է՝ ծրագրված հանցագործությունը՝ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու, այն «անխոչընդոտ» իրականացնելու եղանակով:

Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամը», ըստ մեղադրանքի, նախնական համաձայնության է եկել Գևորգ Ավետիսյանի ու քննությամբ չպարզված անձանց հետ և Ալիկ Բանդուրյանի օժանդակությամբ իրագործել է Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ ծրագրված ոտնձգությունը, սակայն հանդիպել է Մուշեղ Մուշեղյանի զինված դիմադրությանը՝ վերջինս անհրաժեշտ պաշտպանության վիճակում կրակոցներ է արձակել:

Մուշեղյանի դիմադրությունը հաղթահարելու, այդ ժամանակ ծագած՝ Մուշեղյանին սպանելու հանցավոր դիտավորությունը ավարտին հասցնելու նպատակով, ըստ մեղադրանքի, Պետրոս Իսրայելյանը խմբի կազմում Մուշեղյանին ուղղակի դիտավորությամբ սպանել է:

«Լիա» գեղեցկության սրահում կատարված «ռազբորկայի» արդյունքում 25-ամյա Գևորգ Ավետիսյանը՝ Պետրոս Իսրայելյանի բարեկամը, տեղում մահացել է:

38-ամյա Մուշեղ Մուշեղյանն ու 35-ամյա Արամ Պետրոսյանը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Մուշեղ Մուշեղյանը մահացել է:

Դատարանը դեռ վկաների հարցաքննության փուլում է:

Հարցաքննվեց Լևոն Մեսրոպյանը՝ Վարդենիսցի Լյովը: Նա ասաց, թե ամբաստանյալներից՝ Պետրոս Իսրայելյանին՝ «Չարբախցի Գեղամին» ճանաչում է շուտվանից:

2016 թվականի հոկտեմբերին վկային զանգել է նրա ծնոթներից՝ Արոն, նույն ինքը՝ Ճվճվ Արոն, ասել է, թե պառկած է հիվանդանոցում:

Վարդենիսցի Լյովը շտապել է նրան տեսակցության: Լյովի հետ է եղել նաև «Չարբախցի Գեղամը»:

Ճվճվ Արոն Լյովին հարցրել է՝ ճանաչո՞ւմ է վարդենիսցի Վահագնին: Վկան ասաց, որ Վարդենիսը փոքր քաղաք է, ինքը հասկացել է, որ խոսքը Վահագն Մանուկյանի մասին է:

Ճվճվ Արոն ասել է, թե այդ Վահագնը ժամանակին իրենից պարտքով գումար է վերցրել, 18 հազար դոլարը վերադարձրել է, մնացել է 2 հազար դոլարը: Քանի որ ինքը հիվանդանոցում է, իրեն գումար է պետք, Վահագնն այդ փողը պետք է վերադարձնի:

Վարդենիսցի Լյովն ասել է, թե կփոխանցի Վահագնին, «խնդիր չկա»:

Երբ դուրս է եկել հիվանդասենյակից, իր հետևից դուրս է եկել նաև Մուշեղը՝ Մուշեղ Մուշեղյանը: «Նրան էլ սովորական ճանաչում էի»,- ասաց վկան: Մուշեղն ասել է, թե Արոն հիվանդ է, նրան գումար է պետք, իսկ Վահագնի պարտքն էլ ոչ թե 2, այլ 20 հազար դոլար է:

Վարդենիսցի Լյովը գնացել է Վարդենիս, բարեկամների միջոցով «խաբար է արել» Վահագն Մանուկյանին, որ Արոն պարտքը պահանջում է՝ «Գնա Արոյին տես՝ հիվանդանոցում պառկած ա»:

Վկան ասաց, որ նոյեմբերի 13-ին գեղեցկության սրահի ներքնահարկում կատարվածից միայն գիտի, որ երկու հոգի մահացել են: Վկան նշեց. «Ես ստեղ չէի, Ռուսաստանում էի, հիմա էլ հիվանդանոցում պառկած եմ, հիվանդանոցից եմ էկել»:

Պատասխանելով հարցերին՝ վկան ասաց, որ ինքը «Չարբախցի Գեղամի» անուն-ազգանունը չգիտի:

Վկան նշեց, որ տեղյակ չէ՝ դեպքից առաջ Վահագն Մանուկյանը «Չարբախցի Գեղամին» հանդիպե՞լ է, թե՞ ոչ. «Նա Արոյին պտի տենար…»:

Վկան նշեց նաև, որ «Բդոյի»՝ ամբաստանյալ Արմեն Գասպարյանի հետ ինքը հեռախոսակապ չի ունեցել, նրա հետ հեռախոսով չի շփվել, օգտագործել է աներոջ անունով հաշվառված հեռախոսահամար:

Երկրորդ վկան Միսակ Միրիջանյանն էր: Նա ասաց, թե ամբաստանյալներից ճանաչում է Ալիկ Բանդուրյանին ու Արմեն Գասպարյանին: 2016 թվականի նոյեմբերի 13-ին «Լիա» գեղեցկության սրահում կատարվածի մասին կարդացել է համացանցում: Այդ գեղեցկության սրահի տեղն անգամ ինքը չի իմացել:

Ալիկ Բանդուրյանի հետ ծանոթացել է մոտ 6 տարի առաջ, երբ իր հայրը՝ հայտնի վիրաբույժ, վիրահատել էր Ալիկ Բանդուրյանի մայրիկին:

Վկան ասաց, թե չի հիշում՝ «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցածի օրը հեռախոսով խոսե՞լ, թե՞ չի խոսել Արմեն Գասպարյանի՝ «Բդոյի» հետ:

Նախկինում եղել է, որ իրեն խնդրել են այս կամ այն հիվանդի մասին տեղեկություն իմանալ հոր միջոցով: Ինքը դա արել է միայն «օրենքի սահմաններում», այսինքն՝ ասենք՝ մարդու «կույրաղիքն էր վիրահատված, ես չեմ զլացել զանգել հիվանդանոց ու հարցնել նրա մասին՝ կատարելով նրա հարազատների խնդրանքը»:

Վկան նշեց, որ ինքը Ալիկ Բանդուրյանին ու Արմեն Գասպարյանին՝ «Բդոյին», ճանաչել է առանձին-առանձին, իրեն չի հետաքրքրել՝ նրանք ինչ հարաբերությունների մեջ են միմյանց հետ:

Մեղադրողների հարցին՝ դեպքի օրը «Բդոն» հեռախոսազրույցի ժամանակ հետաքրքրվե՞լ է հիվանդանոց տեղափոխված վիրավորների, մահացածների՝ «մորգում գտնվողների» մասին, վկան ասաց, թե նման բան չի հիշում, եթե խնդրանքը կապ ունենար քրեական գործի հետ, ինքը այդ խնդրանքը չէր կատարի: Վկան նշեց նաև, որ եթե իր ու «Բդոյի» միջև նման խոսակցություն լիներ, ինքը կհիշեր, բայց նման բան չի հիշում:

Մեղադրողների միջնորդությունը բավարարվեց, նրանք հրապարակեցին այս վկայի նախաքննական ցուցմունքը, որտեղ քննիչի հարցերին վկան պատասխանել է, թե «Բդոյի» խնդրանքին ի պատասխան՝ ինքը հիվանդանոցում ու մորգում գտնվողների մասին ոչինչ չի ճշտել, բայց «Բդոյին» ասել է, թե ճշտում է:

Նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո վկան պնդեց, որ իր ու քննիչի խոսակցությունը այլ է եղել, հավանաբար ինքն ու քննիչը «միմյանց լավ չեն հասկացել»: Քննիչը մեջբերել է գաղտնալսված հեռախոսային խոսակցություն՝ իբր իր ու «Բդոյի» միջև, իսկ ինքը պատասխանել է, որ այդ հարցով ինքը ոչ մեկից ոչինչ չի ճշտել. «Եթե նման խոսակցություն լիներ, կհիշեի, նման խոսակցություն չի եղել»,- պնդեց վկան՝ դատարանի հարցին պատասխանելով, որ դատարանում ոչ մեկի ներկայությունից ճնշված չէ, ասում է այն, ինչ ճիշտն է: Իսկ իր ցուցմունքը չի կարդացել, բայց վերջում գրել է՝ «Կարդացի»՝ դա իր սխալն է…

Մեղադրողը նույնիսկ միջնորդեց, որ դատարանն այս վկային ևս մեկ անգամ նախազգուշացնի սուտ ցուցմունք տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին՝ վկայի ցուցմունքի մեջ տեսնելով հաղորդում՝ քննիչի կողմից կատարված ապօրինության՝ ցուցմունքը սխալ արձանագրելու, վկայի կողմից չնշված տեղկություններ գրի առնելու վերաբերյալ:

Պաշտպանական կողմն առարկեց մեղադրողի այս միջնորդության դեմ՝ այն անվանելով «ճնշում՝ վկայի վրա»:

Դատարանը մերժեց մեղադրողի միջնորդությունը՝ արձանագրելով, որ դատարանը վկային ցուցմունք տալուց առաջ արդեն իսկ նախազգուշացրել է սուտ ցուցմունք տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին: Եթե մեղադրողները համարում են, որ վկան դատարանում սուտ ցուցմունք տվեց կամ հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց, ապա դատական նիստից հետո կարող են զբաղվել այդ հարցով ու ընթացք տալ՝ ըստ իրենց հայեցողության:

Դատարանը որոշեց չներկայացած երեք վկաների վերաբերյալ կայացնել բերման ենթարկելու որոշում:Այդ երեք վկաներից մեկն էլ Հախանումյան ազգանունն է կրում՝ նա եղբայրն է Երրորդմասցի Լյովիկի սպանության համար մեղադրվող «Տլե» մականունով Սարգիս Հախանումյանի:

Դատարանը կծանուցի նաև տուժողի իրավահաջորդ Հովհաննիսյանին՝ չնայած վերջինս դիմումով դատարանին խնդրել է նիստերն անցկացնել իր բացակայությամբ:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 24-ին:

Spread the love