Ինչպես կասեր Սերժ Սարգսյանը` «թղթով ամեն բան կարգին է»

- in Հրապարակ
AJ

Երեկ ԱԺ ղեկավարությունը պարզաբանել է, որ Հայաստանի չորրորդ նախագահի ընտրությունը տեղի կունենա մարտի 2-ին: Ապրիլի 17-ին հայտնի կդառնա Հայաստանի վարչապետի անունը, ով կառավարման նոր համակարգում պետության ղեկավարն է: Նոր իշխանության ձևավորման օրացույցը պարզ է և առաջիկա չորս ամսում հանգուցալուծում կստանա 2016-ի սեպտեմբերից ակտիվ փուլ թևակոխած ներիշխանական ինտրիգը:

Ինչպես կասեր Սերժ Սարգսյանը` «թղթով ամեն բան կարգին է». ապրիլի 2-ին ժողովուրդն ընտրել է խորհրդարան, որի մեծամասնությունն էլ ձևավորում է նոր իշխանություն: Ամբողջ խնդիրն այն է, որ եթե դեմոկրատական երկրներում ընտրությունները հանգուցալուծում են ինտրիգները, առաջարկում են ճգնաժամի հաղթահարման ելքեր, ապա ապրիլի 2-ը պատասխանների փոխարեն ծնեց հարցեր: Դա հայաստանյան քաղաքականության տխուր օրինաչափությունն է, որովհետև իշխանության տրանսֆորմացիայի շարունակվող գործընթացը, որի մեկնարկը տրվեց 2015-ի բուռն իրադարձություններով ու սահմանադրական հանրաքվեով, ենթադրում է ընդդիմության և հասարակության օտարում իշխանության ձևավորման գործառույթից: Սա է հայկական «պառլամենտարիզմի» էությունը, երբ խորհրդարանական համակարգը ենթադրում է պայքար համակարգի տարբեր սեգմենտների միջև:

Սա շատ նման է ֆրակցիոնիզմին, որն, իհարկե, տարածված է նաև արևմտյան երկրներում, սակայն մեր իրականությունը ավելի շատ նմանվում է սովետական համատեքստին, երբ կոմունիստական նոմենկլատուրայի տարբեր խմբերը հակասությունների ու կոմպրոմիսների մեջ էին հասարակության թիկունքում: Թույլ ընդդիմության առկայությունը, հասարակական շնչի բացակայությունը թույլ չեն տալիս, որ իշխանության ներսում գործեն հակակշիռների և զսպումների սահմանադրական կարգավորումները և ժամանակի ընթացքում համակարգը կորցնում է իր կենսունակությունը` «թարմ արյուն» չստանալու հետևանքով:

Մարտի 2-ին Հայաստանի խորհրդարանը դակելու է Սերժ Սարգսյանի որոշումը` նախագահ նշանակելով Արմեն Սարգսյանին, ով Հայաստանի նախագահներից առաջինն է, որ այդ պաշտոնին գալիս է, այսպես կոչված, արևմտյան միջավայրից, բայց նաև առաջինն է, որ պաշտոնը ստանձնելու է անայլընտրանք ընտրություններում: Սա միանգամայն տեղավորվում է «մենթալիտետային դեմոկրատիայի» մասին Սերժ Սարգսյանի պատկերացումներում:

Նույն տրամաբանությամբ Հայաստանի խորհրդարանն ապրիլի 17-ին ընտրելու է վարչապետ: Պետության փաստացի ղեկավարի ընտրության հարցում ինտրիգն ավելի շատ է լինելու, որովհետև, պատկերավոր ասած, հեռանալ չեն պատրաստվում ոչ Սերժ Սարգսյանը և ոչ էլԿարեն Կարապետյանը: Սակայն նոր Սահմանադրությամբ իշխանության հիմնական աղբյուր համարվող խորհրդարանական ֆորմալ կամ ընդարձակ մեծամասնությունը, հակառակ տրամաբանությանը, ընդամենը դակիչ մեքենա է զուրկ որևէ այլ գործառույթից: Վարագույրից անդին գուցե լինի հակադրություն, սակայն ավտորիտար համակարգերը կոնսենսուս ձևավորելու հատկություն ունեն և անկասկած` ԱԺ ապրիլի 17-ի նիստը շատ նման է լինելու սովետական Գերագույն սովետի սեսիաներին, որտեղ ծափողջյուններով հաստատվելու է «պոլիտբյուրոյի» հերթական որոշումը:

Ապրիլից հետո Հայաստանի իշխանությունն ավելի բազմակենտրոն է դառնալու, սակայն դա հետևանք է ոչ այնքան խորհրդարանական մոդելին անցման, որքան նրա, որ իշխանության ստատուս-քվոն ոչ թե ինստիտուցիոնալ կամ սահմանադրական է լինելու, այլ հիմնվելու է «գենսեկի» ոչ ֆորմալ մեծ ազդեցության և դրանից ածանցվող ներհամակարգային բարդ ու բազմաշերտ հարաբերությունների համակարգի վրա: Մարտի 2-ն ու ապրիլի 17-ը միայն հարաբերականորեն կամ ֆորմալ առումով են ազդարարում նոր իշխանության ձևավորումը, իրականում նոր իշխանության համար պայքարն ապրիլից նոր թափ է ստանալու` ժամկետային և բովանդակային անորոշությամբ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20