Իսկ ո՞վ է Հայաստանում իշխանությունը

HHK

ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասում է, որ մինչև 2022 թվականը ՀՀԿ-ն հաստատ ընդդիմություն չի դառնա: ՀՀԿ-ն 2017 թվականի ապրիլի 2-ին դարձել է խորհրդարանական իշխող մեծամասնություն կամ, այսպես ասած, կայուն մեծամասնություն:

Ավելի շուտ, ՀՀԿ-ն վերարտադրվել է այդ կարգավիճակում: Սակայն ապրիլի 2-ից հետո իրավիճակը բոլորովին այլ է կառավարման մոդելի փոփոխության պատճառով, որը լիարժեք ուժի մեջ կմտնի 2018-ի ապրիլից հետո:

Մինչ այդ, ամբողջ թափով ծավալվում են ինտրիգները վարչապետի, կառավարության առանցքային պաշտոնների, նախագահի թեկնածության շուրջ, որն այլևս լինելու է ավելի շատ խորհրդարանի ձեռքի գործիք: Ահա այդ իրավիճակում ՀՀԿ-ն իսկապես չունի մինչև 2022 թվականն ընդդիմություն լինելու վտանգ: Եվ ոչ այն պատճառով, որ միայն խորհրդարանական նոր ընտրությամբ է հնարավոր որոշել նոր իշխանությունը, իսկ մինչ այդ չկա խորհրդարանի լուծարման գործնական հավանականություն և արտահերթ ընտրության հեռանկար: Բանն այն է, որ ՀՀԿ-ն չի կարող դառնալ ընդդիմություն, որովհետև Հայաստանում չկա ընդդիմություն լինելու ամենակարևոր պայմանը՝ իշխանությունը: Բանն այն է, որ իշխանության առկայությունը միայն կարող է կանխորոշել ընդդիմության առկայություն:

Իսկ ո՞վ է Հայաստանում իշխանությունը: ՀՀԿ-ն մեծամասնությունն է, բայց ներկայիս վիճակում մեծամասնությունն ու իշխանությունը լիովին տարբեր հասկացություններ են ըստ էության: Իշխանությունն ո՞վ է: Հայաստանում իշխանություն, խոշոր հաշվով, չկա, այլապես կլիներ որոշակիություն 2018-ի ապրիլի հարցում: Իշխանության բացակայությունը, այլ կերպ ասած, իրավիճակի քիչ թե շատ երկարաժամկետ կառավարելիության և պլանավորման կարողության բացակայությունն է, որ թույլ չի տալիս որոշակիացնել միջնաժամկետ պլանները և, քիչ թե շատ հստակ խոսել ընդամենը երեք ամիս հետո սպասվելիք իրավիճակի կամ քայլերի մասին: Իշխանություն և իրավիճակի կառավարելիություն ամենևին չի նշանակում միայն ընթացիկ կառավարում, երբ, ասենք՝ ֆինանսների նախարարը կարող է նախագահին ներկայացնել 2017-ի ֆինանսական տարվա արդյունքը և 2018-ի ֆինանսական քաղաքականությունը: Որովհետև դրա կողքին նաև կա վիճակ, երբ երկրի վարչապետը հայտարարում է 8-օրյա տոնական ռեժիմի անթույլատրելի շռայլություն լինելու մասին, սակայն ութ տոնական օրերից հետո առաջին աշխատանքային օրը հանկարծ հայտարարվում է նրա արձակուրդ մեկնելու մասին:

Ի վերջո, եթե պարզ չէ, թե ընդամենը երեք-չորս ամիս անց ովքեր են լինելու իշխանության առաջին դեմքերը, այն էլ, երբ ընտրությունը անցյալում է և հստակ է իբրև թե իշխող մեծամասնությունը, դա նշանակում է, որ պարզ չէ, թե ով է լինելու իշխանությունը: Եվ եթե պարզ չէ, թե ով կամ ինչ տեսքով է լինելու իշխանությունը ընդամենը երեք-չորս ամիս անց, ուրեմն պարզ չէ, թե ով է իշխանությունը այժմ: Սակայն խնդիրը միայն դա էլ չէ, այլ այն, որ անգամ 2018-ի ապրիլի նշանակումները ամենևին չեն նշանակելու իշխանության որոշակիացում, քանի որ բուն խնդիրը շատ ավելի խորն է, և Հայաստանում տեղի է ունենում իշխող համակարգի տրանսֆորմացիա, որը կարող է ավարտվել ոչ շուտ, քան 2022 թվականի ընտրության շեմին, ներիշխանական որևէ թևի առավելությամբ: Ըստ այդմ, լավագույն դեպքում այդ ընտրությունից հետո հնարավոր կլինի ասել, թե ով է ընդդիմությունը Հայաստանում, կամ ՀՀԿ-ի որ մասն է ընդդիմություն:

Spread the love