Լեռնային կիրճեր, հնագույն վանքեր ու գյուղեր, զարմանահրաշ մարդիկ. «TravelBlog»-ի Արցախի մասին նոր ֆիլմը

LGHH

Լեռնային կիրճեր, հնագույն վանքեր, գյուղեր, ժամանակակից քաղաքներ և զարմանահրաշ մարդիկ. այս ամենը կարելի է տեսնել Արցախի մասին պատմող նոր ֆիլմում:

Այն նկարահանել է «TravelBlog.lv» նախագծի թիմը՝ Լատվիայից և Լիտվայից, 2017 թվականի սեպտեմբերին: Մեկ շաբաթվա ընթացքում նրանք եղել են այդ տարածքի ամենագողտրիկ անկյուններում, փնտրել են հետաքրքրիր վայրեր, շփվել են ամենատարբեր մարդկանց հետ, արդյունքումնկարահանել են բավական գունեղ և գեղեցիկ այս ֆիլմը առայժմ քիչ հայտնի տարածաշրջանի մասին:

Տեսաֆիլմի նպատակն է աշխարհի համար բացահայտել այս տարածքը և նրա հսկայական զբոսաշրջային ներուժը: Չնայած քաղաքական դժվարություններին, այստեղ արդեն հազարամյակներով ապրում են պարզ ու հյուրասեր մարդիկ: Եվ նրանք մեծ ուրախությամբ սպասում են հյուրերի, ովքեր կցանկանան իրենց համար բացահայտել մեծ զբոսաշրջության համար դեռ անհայտ տարածքը:

Հեղինակները պատմում են, որ վերջին տարին այստեղ շատ աշխատանք է արվել, որպեսզի այս երկիրը գրավիչ լինի աշխարհի շատ երկրների համար: Կառուցվել են հարմարավետ ճանապարհներ, բացվել են հյուրանոցներ` ամենատարբեր նախընտրությունների, լեռներում ստեղծվել են երթուղիներ ճանաչողական և էքստրեմալ տուրիզմի համար:

Խնդիրն առայժմ միայն այն է, թե ինչպես այս ամենը հասցնել աշխարհին, Ադրբեջանում կարծրատիպերով և սարսափ պատմություններով ապրողներին: Միգուցե այս ֆիլմը կօգնի՞…

Ըստ հեղինակների` ֆիլմը նկարահանելը բավական դյուրին էր, գեղեցիկ տեղանքների ու հետաքրքիր պահերի հետ կապված խնդիրներ չեն եղել: Ֆիլմում կան բազմաթիվ կադրեր թռչնի թռիչքի բարձրությունից, որոնք արվել են սովորական անօդաչու սարքերով: Հեղինակների կարծիքով, այդ ձևով կարող են ավելի վառ բացահայտել Գանձասարում, Դադիվանքում լեռնային վանքերի ամբողջ գեղեցկությունը, զգալ Հունոտի կիրճի գլխապտույտ խորությունը, տեսնել Սոթքի լեռնանցքը:

Ֆիլմում կարելի է ներկա գտնվել տեղական ֆոլկլորային խմբի փորձերին, խորասուզվել ժամանակակից պարերի մեջ, կենդանի կատարմամբ ունկնդրել ջազ-բենդին` զուտ հայկական մոտիվներով, ծանոթանալ Ստեփանակերտի բլյուզ ոճի կատարողներին:

Չի մոռացվել նաև արցախյան յուրահատուկ խոհանոցը, չէ որ շատ հետաքրքիր է տեսնել, թե ինչպես են հին թոնիրում թխում լավաշ և մատնաքաշ, ինչպես են շուկայում թխում ժենգյալով հաց, և անձամբ ներկա գտնվել խաղողի բերքը հավաքելու գործընթացին, համտեսել տեղական բարձրորակ գինին:

Ահա այսպես է ստացվել ֆիլմը` պարզ, կենդանի և շատ գեղեցիկ: Ֆիլմը ստեղծողները հավատում են, որ այսպիսի Լեռնային Ղարաբաղը շատերի սրտին մոտ կլինի:

Spread the love