Լևոն Տեր-Պետրոսյանի ֆենոմենը

- in Վերլուծական
Levon Ter-Petrosyan

Պատմական գիտությունների դոկտոր, Մատենադարանի ավագ գիտաշխատող Լևոն Տեր-Պետրոսյանի անունը լայն հասարակությանը հայտնի դարձավ 1988-ի փետրվարին, երբ նա դարձավ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ` թեև Հայաստանի ապագա նախագահը դեռ 1965-68թ-ին մասնակցել է ուսանողական այլախոհական շարժումներին, իսկ 1966թ-ին տաս օրով կալանավորվել է:

1988-ի մայիսից Տեր-Պետրոսյանը ելույթ է ունեցել համազգային շարժման բոլոր հանրահավաքներում. նա հանդես էր գալիս ամփոփիչ ու ծրագրային ելույթներով:

1988 թ. դեկտեմբերի 10-ին չորս ընկերների՝ Վազգեն Մանուկյանի, Բաբկեն Արարքցյանի, Սամվել Գևորգյանի և Ալեքսան Հակոբյանի հետ ձերբակալվել է գեներալ Մակաշովի կողմից Հայաստանում գտնվող Միխայիլ Գորբաչովի հրամանով: Դրան նախորդել էր Ղարաբաղի «Կռունկ» կազմակերպության անդամ Արկադի Մանուչարովի ձերբակալությունը: 1988 թ. դեկտեմբերի 10-ից մինչև 1989-ի հունվարի 9-ը ընկած ժամանակամիջոցում ձերբակալվել են «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամներ Վանո Սիրադեղյանը, Սամսոն Ղազարյանը, Ռաֆայել Ղազարյանը, Աշոտ Մանուչարյանը, Համբարձում Գալստյանը, Դավիթ Վարդանյանը, ինչպես նաև Ղարաբաղյան շարժման անդամ Իգոր Մուրադյանը և «Գթություն» բարեգործական հիմնադրամի նախագահ Խաչիկ Ստամբոլցյանը: 1989 թ. հունվարի 9-10-ին բոլոր ձերբակալվածները տեղափոխվել են Մոսկվա և նախնական կալանքի տակ պահվել «Մատրոսկայա տիշինա» և «Բուտիրյան» բանտերում:

Տեր-Պետրոսյանն ու նրա ընկերներն ազատ արձակվեցին 1989թ-ի մայիսին` արժանանալով հասարակության ջերմ ընդունելությանը:

«Ղարաբաղ» կոմիտեն ուներ 11 անդամ և ղեկավարվում էր կոլեգիալ սկզբունքով, սակայն Լևոն Տեր-Պետրոսյանն առանձնանում էր մյուսներից իր հռետորական դիրքով, ռազմավարական մտածողությամբ, ճկուն մտածելակերպով: Պատահական չէ, որ Տեր-Պետրոսյանը 1989-ի դեկտեմբերին ընտրվեց ՀՀՇ, 1990-ի օգոստոսի 4-ինՀայաստանի Գերագույն խորհրդի, իսկ 1991-ի հոկտեմբերի 16-ին Հայաստանի նախագահ:

Լևոն Տեր-Պետրոսյանը քսաներորդ հարյուրամյակի հայ ամենաականավոր պետական-քաղաքական գործիչներից մեկն է. նրա պաշտոնավարման շրջանում հռչակվել է Հայաստանի ինքնիշխանությունը, հաղթանակ է տարվել Ղարաբաղյան պատերազմում, դրվել են Երրորդ հանրապետության քաղաքական, տնտեսական, ինստիտուցիոնալ, սահմանադրական հիմքերը: Տեր-Պետրոսյանը քաղաքական իրապաշտության վրա հիմնված քաղաքական նոր հոսանքի առաջնորդներից մեկն է:

Մյուս կողմիցՏեր-Պետրոսյանը չդիմացավ իշխանության գայթակղությանը, 90-ականների կեսերին քաղաքական և տնտեսական ռեֆորմները կանգ առան, 1996-ի վիճահարույց ընտրությունները հանգեցրեցին իշխանության լուրջ ճգնաժամի, ինչի, նաև ԼՂ խնդրի շուրջ իշխանության վերնախավում տեղ գտած հակասությունների հետևանքով Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեցՀայաստանին թողնելով քաղաքական տխուր ժառանգություն հատկապես կադրային իմաստով: Հայաստանի հասարակությունը Տեր-Պետրոսյանին չի ներում Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի համար:

Լևոն Տեր-Պետրոսյանի ֆենոմենը կայանում է նրանում, որ 88-ի շարժումից քսան տարի հետո` 2008-ի նախագահական ընտրություններում, Լևոն Տեր-Պետրոսյանը դարձավ համազգային երկրորդ շարժման առաջնորդը: Հայաստանում հիմք դրվեց նոր մտածողության, հրապարակ եկան նոր գործիչներ, սակայն Տեր-Պետրոսյանը դարձյալ համաժողովրդական վստահության մեծ ռեսուրսը փոխարինեց համակարգի տարբեր սեգմենտների հետ պայմանավորվածություններով, ինչի հետևանքը դարձավ նրա ղեկավարած ՀԱԿ-ի ֆիասկոն խորհրդարանական վերջին ընտրություններում:

Հունվարի 9-ին Լևոն Տեր-Պետրոսյանը դառնում է 73 տարեկան: Շնորհավորում ենք առաջին նախագահին` առաջին հերթին նրան մաղթելով քաջ առողջություն:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20